Արցախցի գրողի սիմֆոնիկ հնչողություն ունեցող երկերը

Արցախցի գրողի սիմֆոնիկ հնչողություն ունեցող երկերը
«Առավոտ», 10 մարտի, 2018թ.

Հրատարակվել է Հենրի Առուշանյանի հերթական աշխատությունը՝ «Գրողի դիմանկարը» մենագրությունը՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանի գործունեության 25-ամյակին:
Native ads by Caramel «Առավոտի» հետ զրույցում Հենրի Առուշանյանը նշեց, որ Ժաննա Հակոբյանի շուրջ 25 գործեր անվերապահորեն կրում են հեղինակի անձնական եւ անանձնական կյանքի, խառնվածքի դրամատիկ դրոշմը: Հարցին, թե ինչո՞ւ հեղինակին՝ բացի գրական գործունեությունից, հետաքրքրել է գրողի կենսագրության մանրամասները նույնպես, պարոն Առուշանյանը պատասխանեց. «Տասնյակ տարիներ ի վեր Ժաննան իմ ուշադրությունը գրավել է ոչ միայն բեղուն ու բազմաժանր գրչով, այլեւ հասարակական ակտիվությամբ, առողջ կենսադիրքի որոշմամբ ու դրամատիկ խառնվածքով: Բնականաբար, ինձ չէին կարող չհետաքրքրել նրա կենսագրության մանրամասները՝ թե ինչպիսի միջավայրում է ապրել, սովորել ու մեծացել ապագա գրողը, ինչ դժվարությունների միջով է անցել եւ ինչպիսի կամքի ուժով է հաղթահարել դրանք, քանի որ նրա թե՛ բանաստեղծական, թե՛ արձակ էջերը լի են բազմաշերտ իմացազգացական թախիծով, սիրով ու լավատեսությամբ»:

Կարդալ...


Զրույցի ընթացքում Հենրի Առուշանյանը տեղեկացրեց, որ Ժաննա Հակոբյանի հետ իր առաջին հանդիպումը 1998 թվականին էր, երբ տպագրվել է գրողի բանաստեղծությունների հերթական՝ «Ինձ մի՛ որոնեք» խորագրով գիրքը: «Առաջին տպավորությունից զգացի, թե Ժաննան ինչքան նրբագեղ է իր պահվածքի մեջ, մտքերը շարադրելիս, հաղորդակցվելիս: Ունի հումորի զգացում, լայն մտահորիզոն, անչափ համեստ է ու բարեկիրթ… Հետո միայն իմացա, որ նրա պոեզիան գնահատել են մեր այնպիսի գրողներ ու գրականագետներ, ինչպիսիք են Հ.Սահյանը, Մ.Հարությունյանը, Բ.Ջանյանը, Ա.Ղազինյանը, Վ.Վանատուրը եւ ուրիշներ,- ասաց գրքի հեղինակն ու շարունակեց,- սիմֆոնիկ հնչողություն ունեցող իր գործերում Ժաննան ներսուզվում է մեր ապրած ժամանակի ու օրերի, մարդու ներաշխարհի մեջ եւ ձեւաբովանդակային ներդաշնակությամբ, ասելիքին հարիր բառապատկերներով ներկայացնում է մարդուն ամբողջությամբ»: Հենրի Առուշանյանը հայտնեց նաեւ, որ ավելի ուշ՝ 2001թ. սկսեցին տպագրվել գրողի արձակ գրքերը. «Ժաննայի տպագրած 25 գրքերից 16-ը, այդ թվում՝ «Արեւոտ արցունքներ», «Սիրո շղթաներ», «Սեր եւ պատիժ», «Մոխրացող վարդի բույրը», «Օտար երազներ» եւ այլն, վեպեր ու վիպակներ են, որոնց մեծ մասում արծարծվում է սիրո եւ ամուսնության թեման: Ընդ որում, գրողը նաեւ պատմական թեմաներով մի շարք վեպեր ու վիպակներ էլ է հեղինակել, անդրադառնալով մեր ժողովրդի պատմական անցյալին, տարբեր պատերազմական դրվագներին եւ այլն: Լինելով բնիկ արցախցի, նրա հայրենապաշտ հոգին առանց հապաղելու արձագանքում է հայրենիքի հետ առնչվող ցանկացած իրադրության: Նման գործերից են «Ղարաբաղի ճակատագիրը», «Գրչով եւ զենքով», «Արյան վրեժ», «Չսպիացող հոգիների ցավը», «Ապրիլյան հերոսամարտ» եւ այլն»:

Սամվել Դանիելյան

Փակել