Արցախը նվաճել է իր անկախությունը

Արցախը նվաճել է իր անկախությունը
«Հայաստանի հանրապետություն», 30 օգոստոսի, 2011թ.

ՀԳՄ անդամ Ժաննա Հակոբյանի նորընծա «Արյան վրեժ» վեպը նվիրված է Արցաղի անկախության հռչակման 20-ամյակին: Ընթերցողը նրա պատմագիտական հմտությանը քաջածանոթ է գրողի նախորդ գործերից՝ «Ղարաբաղի ճակատագիրը» և «Արյան հիշողություն» վեպերից: Հայտնի է, որ սկսած 20-րդ դարի 30-ական թվականներից մինչև 1988-ին ծագած հայ ժողովրդի ազգային ազատագրական մեծ զարթոնքը Արցախի ազատագրության հիմնահարցը պարբերաբար բարձրացվել է ԽՍՀՄ կենտրոնական մարմինների առաջ: Մարզի մատավորականներին և որոշ ղեկավարների շարունակաբար մտահոգում էր Արցախը Հայաստանի հետ միավորելու խնդիրը, քանի որ ադրբեջանցիներն ամեն կերպ կասեցնում էին ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը՝ նպատակ ունենալով հայաթափելու մարզը:

Կարդալ...


Քանդվում էին մետաքսե գործարանները, գորգագործական ֆաբրիկաները, սննդարդյունաբերության կոմբինատները, փակվում մարզի ՀԷԿ-երը, ավերվում նույնիսկ կրի, կղմինդրի, փայտամշակման, լուցկու, օղեթորման, կտավատի, յուղի, պանրի արտադրոության տեղամասերը: Վերացնում էին այգեգործությունն ու մեղվաբուծությունը:
Բնակարանային շինարարության պլանները ձախողվում էին 65-70 տոկոսով: Որղորմելի վիճակում էին մշակութային օջախները: Բացի այդ, ադրբեջանցիներն այնպես էին արել, որ մեր հայկական շրջանները գնալու համար անպայման մտնեիր ադրբեջանական գյուղերն ու շրջանները: Այսպես՝ Ստեփանակերտից Մարտակերտ հասնելու նպատակով պիտի անցնեիր Աղդամի ու Բարդայի շրջաններով, Մարտունուց Հադրութ՝ Ֆիզուլու շրջանով և այլն: Ամենակարևորը՝ արցախցիները զրկված էին մայրենի լեզվով հաղորդումներ լսելու, կինոֆիլմեր դիտելու հնարավորությունից: Իսկ աշխատավարձը մարզում ամենացածրն էր Խորհրդային Միությունում: Վեպում պատկերված էր, թե ինչպես իրենց ազատության և անկախության համար պայքարի պատրաստ արցախցիները ենթարկվում էին բռնությունների ու հալածանքների: Հայերի պայքարն ուղեկցվում էր հայտնի արյունալի դեպքերով: Վեպի սյուժետային հիմքում ընկած են իննամյա հայ երեխային դաժանությամբ սպանելու և նրա շուրջւ զարգացող դեպքերը: Գրքի հերոսներն այդ ամենի մասնակիցներն են ու զոհերը: Այս գրքով գրողը ցանկացել է մեկ անգամ ևս 21-րդ դարի մարդուն հիշեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների, հայերի հանդեպ իրագործված ազգային խտրականությունների, հանցագոծությունների, դաժան դաժան սպանությունների մասին, և որ Ադրբեջանի նպատակը միշտ էլ նույնն է մնացել՝ ամեն գնով հայաթափելու Արցախը: Ահա ինչու այսօր անգնահատելի է Արցախում անկախության հռչակման նշանակությունը: Պատահական չէ, որ այս գիրքը հեղինակը տպագրել է նաև ռուսերեն լեզվով:

Վաղինակ Տերտերյան

Փակել