Արձագանքներ արձակ գործերի մասին

Արձագանքներ արձակ գործերի մասին


Սաթենիկ Մելիքսեթյան, ինժեներ
Իմ սիրելի Ժաննա Հակոբյան, ես ձեր ստեղծագործությունների մեծ երկրպագուն եմ: Ձեր գրքերը կարծես հույզերի ու հույսերի խաղաղ հանգրվան լինեն, որոնք ճիշտ ուղի են ցույց տալիս մեզնից յուրաքանչյուրին: Դրանք մտքերի նավերի նման ճանապարհորդում են ժամանակի ալիքների վրայով և սերնդից սերունդ զգուշորեն տանում իրենց թանկագին բեռը: Անկասկած, Ձեր բազմաչարչար աշխատանքը պսակվել է ակնառու հաջողություններով՝ Ձեր շուրջը հավախմբելով ընթերցասերների հոծ բազմություն: Դուք միշտ նորանոր թեմաներ եք փնտրում ընթերցողներին գոհացնելու համար: Վստահաբար կարող եմ ասել, ինչին էլ անդրադառնում եք, Ձեզ մոտ ամեն ինչ հիանալի է ստացվում: Անդրադառնալով հայ ժողովրդի պատմության տխուր էջերին, գրել եք գրքեր Հայոց Ցեղասպանության, Թուրքիայում ապրող իսլամացած հայերի, Արցախյան գոյամարտի, ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, ինչպես նաև անդրադարձել եք մեր ժամանակակից կյանքում տեղ գտած մեզ հուզող խնդիրներին: Սիրո և ընտանեկան հարաբերությունների մասին ևս տասնյակից ավելի գրքեր եք գրել: Անկեղծ ասած, ընկղմվելով ձեր գրքերի աշխարհը, զգում եմ, որ կարծես թե փոխվում է արյանս շրջանառությունը, սրտիս ռիթմը, ջերմանում է հոգիս՝ լցվելով դեպի լավն ու բարին:
Անվերջ կարող եմ խոսել Ձեր տաղանդաշատ գրչի, գրականության մեջ ունեցած ձեռքբերումների մասին, բայց ցանկանում եմ կանգ առնել մի հանգամանքի վրա. Ձեր գրքերը անհրաժեշտ է կրկին ու կրկին վերընթերցել: Ես առիթը բաց չեմ թողնում մտերիներիս պատմելու Ձեր գրքերից ստացած տպավորություններս ու զգացածս, իսկ ոգևորվածությանս մեջ միշտ զգալի է ձայնիս հիացական անթաքույց երանգները:
Թանկագին Ժաննա Հակոբյան, դուք աշխարհ եք եկել կատարելու Ձեր առաքելությունը և լրացնելու Ձեզ համար բաց թողնված ժամանակակից գրականության պատմության էջը: Ցանկանում եմ, որ Ձեր մտքի լուսավոր, կախարդական ու հեքիաթային փայլատակումներով էլ ավելի երջանկացնեք մեզ, քանի որ մեծ ավանդ եք ներդնում մեր ազգի հայեցի դաստիարակության գործում:
Սամվել Մուրադյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ժաննա Հակոբյանը ընթերցողին հայտնի է իր բանաստեղծական գրքերով, արձակ ստեղծագործություններով, գիտական և հրապարակախոսական հոդվածներով ու հուշերով: Բավականին հետաքրքիր է վաղամեռիկ բանաստեղծ Թաթուլ Հուրյանի կյանքի ու գրական գործունեության մասին գրված «Գրչով և զենքով» խորագիրը գիրքը: Հեղինակին հաջողվել է բազմակողմանի ներկայացնել Ե.Չարենցի տաղանդավոր սաներից մեկի գրական վաստակը՝ զերծ մնալով սուբյեկտիվ մոտեցումներից: Այսպիսով, Հակոբյանը գիտական ճշմարտացի իր խոսքն է ասում, որը հնարավորություն է տալիս պատկերացնելու ու հասկանալու տվյալ ժամանակահատվածում ապրող ու արարող պոետ-Հուրյանի բնութագիրը, միաժամանակ բանաստեղծի բարձր ճաշակով ընտրելով ու տեղադրելով գրքում Մեծ Հայրենականում զոհված բանաստեղծի լավագույն գործերը: Հանուն հայ գրականության, հանուն մեր ժողովրդի հոգևոր և գիտական մշակույթի վերելքի, պիտի շեշտեմ, որ Ժաննա Հակոբյանը շատ արժանավոր բանաստեղծուհի է, արձակագիր, գիտնական և թող նրա զուլալ ձայնը հնչի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Պետրոս Դեմիրճյան, բանասիրական գիտությունների դոկտոր
Ժաննա Հակոբյանը որպես գրող, բանասիրական գիտությունների թեկնածու բեղմնավոր գրիչ ունեցող 28 գրքերի հեղինակ է: Համարյա ամեն տարի նա գիրք է հրատարակում: Եվ իր գրքերում ոչ միայն տարբեր թեմաների է անդրադառնում, այլև դրանցում գեղարվեստական վարպետությամբ ու հուզականությամբ է արտահայտում իր ապրումները, զգացմունքները: Պետք է հատկապես ընդգծել Արցախյան թեմայով գրված նրա գործերը: Նա Արցախի անկախության, ազատագրության պատմության տարեգիրներից մեկն է և ստեղծել է փայլուն գործեր, սկսած «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպից, որի հիմքում ընկած է 18-րդ դարում Արցախի մելիքների պայքարը պարսիկների ու թուրքերի դեմ: Ունենալով մարտական ոգի՝ նա շարունակաբար ստեղծեց հայրենասիրական բնույթի մնացած գործերը՝ «Արյան հիշողություն»,-ը «Արյան վրեժ»-ը, «Չսպիացած հոգիների ցավը»-ը, «Ապրիլյան հերոսամարտ»-ը: Գրական աշխարհում գնահատվել են նրա ստեղծագործությունները: Նա արժանացել է մի շարք մրցանակների: Հակոբյանը բավականին եռանդով գնահատելի գործ է կատարում ժամանակակից գրականության մեջ:
Վարդան Դևրիկյան, բանասիրական գիտությունների դոկտոր
Ժաննա Հակոբյանը «Հայի գենը» վեպով որոշակիորեն ընդլայնել է այսօրվա հայ արձակի սահմանները և թեմատիկ հարցադրումները, դրանք ներկայացնելով պոլսահայ և ընդհանրապես Թուրքիայում բնակվող հայության համար: Այստեղ հայությունից ինչ որ տեղ օտարված և թուրքական տարազի մեջ հայտնված իսլամական ծպտյալ հայերն են: Հեղինակին հաջողվել է հոգեվերլուծության աստիճանական ներքին զարգացմամբ ցույց տալ, թե հայի գենը ինչպես է մեկեն պոռթկում: Գլխավոր հերոսը վերադառնալով իր ինքնությանը, նաև իր ազգային արժանապատվությունն է պաշտպանում:
Հեղինակը Ստամբուլում չլինելով, զարմանալիորեն իրական է պատկերել տեղի միջավայրը, թուրք մտավորականության մտածումները, անգամ կենցաղային իրավիճակներում արձագանքը Թուրքիայի համար ցավոտ խնդիրներին: Քրդական հարցը ևս արծարծվել է 1915թ. զուգահեռով, որը գեղարվեստորեն ներկայացվել է ցեղասպանության հետ իրավիճակային ընդհանրություններով: Հաջորդ կարևոր արժանիքն այն է, որ վեպի գեղարվետական ասելիքը չի սահմանափակվում միայն գլխավոր հերոսի հանդեպ իր արմատները դառնալով: Վեպի տարբեր կերպարների միջոցով սիմվոլիկ ձևով ցույց է տրվում, թե թուրքերն ինչպես են արձագանքում հայկական արմատներին դառնալուն, թե թուրք ազգայանական գիտակցությունը ինչպես է խեղում և ի չիք դարձնում տարիների բարեկամական զգացումները: Վեպը կարդացվում է լարված հետաքրքրությամբ: Գրված է գործողությունների դինամիկ զարգացմամբ և կարող է կինոսցենար դառնալ կամ բեմադրվել:
Ֆելիքս Բախչինյան, գրականագետ
Բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանի «Հայի գենը» գիրքը գրողի ստեղծագործական կենսագրության մեջ հայտանշվում է յուրահատուկ թեմատիկայով և նկարագրով: «Հայի գենը» գրքի գլխավոր հերոսը Թուրքիայում սիրված ու Եվրոպայում հայտնի երգիչ Սայիդ Աքչամն է, որը առերեսվել է սեփական հայկական արմատների հետ /ի դեպ, Սայիդի նախատիպը հանդիսացել է իրականում երգիչ Յաշար Քուրդը/: Հեղինակը տարբեր մասնագիտություններ, զբաղմունքներ և դիրքեր ունեցող մարդկանց տեսանկյունից է դիտարկել հարցը: Նրան հաջողվել է ընտանեկան, ընկերական, աշխատանքային ու փոխադարձ այլ հարաբերությունների բախումների կիզակետում ոչ միայն բարձրության վրա պահել ազգային ինքնագիտակցության խնդիրը, այլև մատնանշել ծպտյալ զգացումից դուրս հանելով այն գործնական իրավիճակների մակարդակի հասցնելու գաղափարը: Պատմական փաստագրություններով, նշանավոր անհատների հետ կապված իրադրությունների մեջբերումներով հարուստ /Հրանտ Դինք, Արա Գյուլեր, Կարո Փայլան և այլք/ գիրքը թեման արծարծող ժամանակագրության արժեք ունի: Վեպի սյուժեն կառուցված է փաստագրության և գեղարվեստական խոսքի գեղեցիկ ու պատկերավոր զուգահեռներով, և Ժաննա Հակոբյանն ընթերցողին ուղղորդում է դեպի մարդկային բարոյահոգեբանական արժեքների մեջ ամուր դիրքեր ունեցող գենետիկ արժեքների պահպանում:
Թորոս Թորանյան, գրող, հրապարակախոս
Ժաննա Հակոբյանը գրել է ոգեշունչ վեպ «Հայի գենը» խորագրով: Հեղինակի ընտրած նյութը հարյուր տարվա վաղեմություն ոււնենալով հանդերձ այժմեական է, քանի որ առնչվում է Օսմանյան Թուրքիայի կողմից սանձազերծած հայոց ցեղասպանության թեմային: Գրողին հաջողվել է գտնել հոգեբանական այն ուղին, որով պատկերում է իսլամացած հայերի գենի ծագումը: Իր հիմնական գաղափարը Հակոբյանն արտահայտել է վեպի գլխավոր հերոսի՝ Գրիգորի, նախկինում Սայիդ Աքչամի միջոցով, որը քառասուն տարեկանում է վերադառնում իր ինքնությանը: Նրանից երես են թեքում ընկերները, թրքուհի կինը, բայց նա չի վհատվում: Ի տարբերություն Գրիգորի, ավագ եղբայրը՝ Քյերիմը, որն աշխատում էր ոստիկանությունում, ազգայնամոլ էր, «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ, որը մի քանի անգամ մահափորձ է կատարում եղբոր դեմ:
Ժաննա Հակոբյանը գրական վարպետությամբ, հոգեբանական վերլուծումներով է ստեղծել այս վեպը: «Հայի գենը» իրավամբ այսօրվա ցեղասպան Թուրքիան ներկայացնող վեպ է: Այն ճշմարտապատում վկայություն է իր շքեղ պարզությամբ: Կցանկանայի, որ վեպը թարգմանվի թուրքերեն և այլ լեզուներով հրատարակվի: Գիրքը կարդացվում է մեծ հետաքրքրությամբ ու սիրով:
Հրանտ Հորիզոն, երգիծաբան
Ես մեծ սիրով եմ ընթերցում պոեզիայի և արձակի բարձունքները նվաճած Ժաննա Հակոբյանի բոլոր գործերը: «Հայի գենը» վերնագրով գիրքն էլ կարդացել եմ մեկ շնչով: Մի ամբողջ աշխարհ է ինձ համար բացվել, երբ իմացա, թե ինչպիսի իրավիճակ է Թուրքիայում, թե ինչպես են վախով ապրում այնտեղ իսլամացած այն հայերը, որոնց թիվն անցնում է չորս միլիոնից: Շատ կարևոր է վեպում գրողի շեշտադրումը հայի գենը չկորցնելու մասին: Գլխավոր հերոսը հպարտությամբ է վերադառնում ազգային ինքնությանը՝ իր վրա վերցնելով ճակատագրի հարվածները: Հեղինակն այնպիսի լարվածությամբ է պատկերել գրքում տեղի ունեցող դեպքերը, որ ընթերցողն ակամայից շունչը պահած հետաքրքրությամբ է հետևում սյուժեի ընթացքին՝ մեծ բավականություն ստանալով գեղարվեստական շարադրանքից: Իմ կարծիքով այս գիքրն էլ արժեքավոր է նրա մյուս գործերի նման:
Հասմիկ Դադամյան, բանաստեղծուհի
Սիրելի տիկին Ժաննա Հակոբյան, մեկ ամսվա ժամանակահատվածում կարդացի Ձեր տպագրած թվով 28 գրքերից ընդամենը 7-ը և հասկացա, թե որքան հզոր է Ձեր գրիչը, իսկ ոգին՝ անզիջում ու անկոտրում։ Ահա այսպիսին է որպես գրողի Ձեր գրչի մեծ կախարդանքը: Դուք ընթերցողին կարողանում եք կտրել իրականությունից և տանել Ձեր հուզական հարուստ ներաշխարհը։ Ձեր հերոսներն օժտված են հայրենիքի նկատմամբ անսահման նվիրումով, մարդկային բարձր արժեքներով։ Ձեր ստեղծած գրականությունը դաստիարակում է լինել ու մնալ բարձր առանձնահատկություններով օժտված մարդ… Ցնցվել եմ մանավանդ Ձեր վերջին գիրքը «Ճակատագրով դատապարտածները» խորագրով վեպն ընթերցելիս: Որպես հեղինակի՝ խոնարհվում եմ Ձեր գրական բարձր որակի, Ձեր կերպարի առաջ, ով ուժ է գտել իր մեջ այս ահասարսուռ տեսարանները փոխանցելու մեզ… Գիրքը ընթերցել եմ մի շնչով: Մանավանդ գլխավոր հերոսի ճակատագիրը ճզմել էր սիրտս, այնտեղից կաթեցնելով եղեռնի յուրաքանչյուր զոհի արյունը կաթիլ առ կաթիլ։ Ինձ ցնցել է այս գիրքը իր ողջ բովանդակությամբ։ Այսպիսի գիրք գրելու համար պետք է ունենալ հերոսական ոգի։ Կրկին ու կրկին խոնարհումս Ձեզ, տիկին Ժաննա Հակոբյան ջան:
Ռազմիկ Գալստյան, բանաստեղծ
Ժաննա Հակոբյանը բավականին հետաքրքիր գիրք է գրել «Ճակատագրով դատապարտվածները» խորագրով: Վեպը կազմված է երկու մասից: Առաջին մասն առնչվում է Հայոց ցեղասպանությանը: Երկրորդ մասում անցյալ դարի 20-ական թվականներին Լեռնահայաստանում թուրքերի դեմ մղվող կռիվներն են՝ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ: Վեպում գործող մի շարք կերպարների մեջ առավել գծագրվում է Ավետիսի կերպարը, որն իր կյանքի ուղեցույցն է դարձնում վրեժխնդրությունը թուրքերից: Հակոբյանը գեղարվեստական վարպետությամբ դեպքերն այնպես է զարգացնում, որ հայրենիքին, հայ ժողովրդին նվիրվածությունն առաջին պլան է մղվում: Եղեռնից մի կերպ փրկվելով՝ Ավետիսը որբանոցից ընկերացած Զավենի հետ հայտնվում է Հունաստանում, հետո՝ Լեռնահայաստանում: Նա մասնակցում Է Գարեգին Նժդեհի գլխավորությամբ մի շարք մարտերի, սակայն դեպի Արցախ գնալու ճանապարհին՝ լեռներում, կռիվներից մեկի ընթացքում պատանին նահատակվում է: Գրողն ասես իրականցրել է իր հերոսի իղձը՝ մեռնել հաղթական մահով, սուրը ձեռքին: Հավատարիմ մնալով պատմական դեպքերի հաջորդականությանն ու ընթացքին՝ արձակագիրն իրավամբ ջանք ու եռանդ չի խնայել՝ ընթերցողի առջև բարձր պատվանադանին դնելու Գարեգին Նժդեհի անզուգական կերպարը: Եվ պատահական չէ, որ հայրենասիրական ոգով գրված իր երկերի համարդեռ 2016թ.-ին Ժաննա Հակոբյանն արժանացելէ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալի:
Լուսինե Ղարախանյան, հոգեբանական գիտությունների թեկնածու
Թանկագին Ժաննա Հակոբյան, դուք հրաշալի վեպ եք գրել «Արյան հիշողություն» խորագրով: Յուրաքանչյուր հերոսի մոտ ընդգծված է հայրենասիրական բարձր ոգի: Դուք որպես գրող արհեստավարժ հոգեբանի պես եք ներկայացրել մանավանդ ազատամարտիկ հերոսների ներաշխարհը և արարքները: Կուզենայի առանձնացնել Ռոբերտի կերպարը, որը պատերազմի մեջ իրեն ինքնահաստատված էր զգում, բայց իրական կյանքում իր տեղը չի գտնում: Մեր կյանքում էլ ապրում են ռոբերտներ: Կռիվներից վերադարձածները երկար ժամանակ դառնում են իրենց հուշերի գերին: Ի դեմս Ռոբերտի և նրա ընկերների, ընթերցողը զգում է, թե ինչ զոհողությունների ու զրկանքների գնով է ձեռք բերվել մեր հաղթանակը:
Վեպում իրենց ուրույն հոգեբանական կերտվածքով են աչքի ընկնում արվեստագետներ Սառան, Շառլը, որոնք խոցելի կերպարներ են, բայց նաև բովանդակային առումով հարուստ հոգեաշխարհ ունեցող մարդիկ: Շատ գեղեցիկ է նաև գրքի ավարտը. «…Եթե վատ ես զգում, եթե դժվար ես տանում տառապանքը, գնա′ նախնիներիդ ապրած վայրը ու մոտեցի′ր որևէ քարի: Քարը կընդունի քո ցավը, քանզի արյան հիշողությունը մի անտեսանելի թել է, որը միացնում է յուրաքանչյուր մարդուն իր նախնիների հաջորդ սերդին»:
Վարսիկ Հարությունյան, լրագրող
Ես բանաստեղծ, արձակագիր Ժաննա Հակոբյանի երկրպագուներից եմ: Նա իր գրքերով կարծես մեզ թելադրում է սիրել ու սիրվել: Երբ նա առաջին անգամ անդրադարձավ արցախյան թեմային, գրելով «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպը, անկեղծ ասած, ես զարմացա: Այն տասը մամուլանոց հսկայածավալ վեպ էր, որի շնորահանդեսը կազմակերպվեց Շուշիում՝ «Կաճառ» գիտական կենտրոնում, որին ներկա էի ես: Այնտեղ գտնվող մանկավարժները, դպրոցականները, զինվորականները մեծ ոգևորությամբ ընդունեցին նրա այդ գործը: Մի գրքի մեջ գրողը փայլուն կերպով ներկայացրել է տարբեր սերունդների, հարյուրավոր կերպարների բախումներ, ընթերցողին ծանոթացնելով նաև Արցախի նշանավոր եկեղեցիների պատմությունները, ազգային ավանդույթները և արցախցիների խիզախ ոգին ու կամքը: Իսկ պատերազմական գործողությունների պատկերումը վեր է ամեն ինչից: Ինչպե՞ս է այդ ամենը գրողին հաջողվում, ուղղակի կրկին ու կրկին զարմանում ես նրա ստեղծագործական տաղանդով: Ինձ հիացրեց նաև վաղամեռիկ բանաստեղծ Թաթուլ Հուրյանի մասին գրած նրա գիտական մենագրությունը «Գրչով և զենքով» վերնագրով: Հակոբյանի կողմից դա ինքնըստինքյան հայրենասիրական բնույթի քայլ էր, քանի որ նա մոռացված հիշատակարաններց դուրս հանեց և ընթերցողին ներկայացրեց մի բանաստեղծի ու հասարակական գործչի, ով Մեծ հայրենականում կյանքը զոհել է հանուն հայրենիքի: Եվ վերջապես մեր սեղանին հայտնվեց «Արյան հիշողություն» վերնագրով վեպը: Ժաննա Հակոբյանն ունենալով պատերազմը ներկայացնելու հարուստ փորձ, այս գրքում միաժամանակ ընդգծել է եղեռն տեսած մեր նախնիների միջոցով մեզ փոխանցված արյան անջնջելի հիշողության կարևորությունը: Հեղինակի նպատակն է իր համեստ ավանդը թողնել արցախյան պատերազմի պատմության մասին և դա նրան լիովին հաջողվել է: Շնորհակալություն սիրելի Ժաննա Հակոբյան, հայրենաշունչ ոգով ստեղծած Ձեր գրքերի համար:
Հենրի Հայրապետյան, լրագրող, երգիծաբան
Մի քանի տարի առաջ, երբ հայտնի երգիծաբան Հրանտ Հորիզոնի մոտ էի, նա ասաց, որ էս գիշեր չի քնել: Զարմացա՝ ի՞նչ էր անում: Գիրք էր կարդում: Էլ ավելի զարմացա: Մի՞թե հիմա էլ կան գրքեր, որ կարդալու համար կարելի է ամբողջ գիշեր անքուն մնալ: Այո′, կա′ն: Եվ Հորիզոնը ինձ նվիրեց արձակագիր Ժաննա Հակոբյանի «Մոխրացող վարդի բույրը» վերնագրով վեպը: Երգիծաբանի ասածը ճիշտ էր: Հաջորդ գիշեր ես չքնեցի: Իսկապես երբ նախաձեռնում ես կարդալ Հակոբյանի որևէ ստեղծագործություն, անհնար է գիրքը թողնել կիսատ, քանի որ հետաքրքրությունդ չի մարում և անպայման ուզում ես ավարտել ընթերցումը: Ինչո՞ւմն է գաղտնիքը: Երևի աստվածային շնորհքը: Ես հետագայում ծանոթանալով գրողի հետ, ձեռք բերեցի նրա գրքերից «Ղարաբաղի ճակատագիրը», «Արյան հիշողությունը», «Արյան վրեժ»-ը գրողի մակագրությամբ: Եվ հպարտ եմ, որ իմ երկրացին է տաղանդաշատ գրող Ժաննա Հակոբյանը:
Դավիթ Միքայելյան, բանաստեղծ, լրագրող
Կարծում եմ՝ սխալված չեմ լինի ասել, որ Ժաննա Հակոբյանը ժամանակակից հայ արձակի մեջ իր տեղն ու դերն ունեցող այն գրողներից է, ով ինքնատիպ մտածողությամբ իր ստեղծագործություններով նվաճել է ընթերցողների իր լսարանը ու շարժել գրաքննադատների հետաքրքրությունը: Մի առիթով նա խոստովանել է, թե իր ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը ծննդավայր Արցախն է, որի հողից մշտապես սնվում, լիցքեր է ստանում: Այդ մասին են վկայում վերջին տարիներին նրա հեղինակած երկու տասնյակից ավելի արժեքավոր վեպերը, որոնց մի մասը վերաբերվում է արցախյան թեմային: Ընթերցողների շրջանում լայն արձագանք է գտել նրա «Ղարաբաղի ճակատագիրը»/2007թ./ պատմավեպը, որը նվիրել է Շուշիի ազատագրման 15-ամյակին և թեման 18-րդ դարի անցքերն են, Արցախի մելիքության շրջանը: Հեղինակի համոզմամբ իսկական գրողն իրավունք չունի շրջանցել պատմական մեր հարուստ անցյալը, քանի որ այն ուղիղ կապ ունի մեր ներկա ժամանակների հետ: Այնուհետև իրար հաջորդեցին նրա «Արյան հիշողություն» և «Արյան վրեժ» գրքերը դարձյալ արցախյան թեմայով:
Օժտված լինելով սյուժետային երկեր ստեղծելու անժխտելի ձիրքով ու տաղանդով, զգացմունքային կյանքի կենսափորձով, Ժաննա Հակոբյանը ստեղծել է նաև սիրո և ընտանեկան հարաբերությւոնների մասին մի շարք վեպեր ու վիպակներ, որոնցից ուշագրավ են «Արևոտ արցունքներ», «Սեր և պատիժ», «Փլուզված սիրո հովիտներ», «Կարոտացավ», «Դատապարտված մենություն» գրքերը:
Ես հպարտ եմ, որ Ժաննան իմ սերնդակիցն է, և որ նա իր զորեղ կամքի ու տաղանդի շնորհիվ հաղթահարելով բազում դժվարություններ, կարողացել է ստեղծել գրողի իր սեփական դիմագիծը: Համոզված եմ, որ ընտրելով նորանոր թեմաներ, նա դեռ մեզ նոր անակնկալներ է մատուցելու գեղարվեստի իր հյութեղ, համոզիչ խոսքով, իր հետաքրքիր ստեղծագործություններով:
Գյուլնարա Իվանյան, բանաստեղծուհի
Հարգելի Ժաննա Հակոբյան, մեծ սիրով կարդացի Ձեր «Ո՞ւր է սիրո հրեշ տակս» գիրքը: Այն մի երկու օր ինձ կտրեց առօրյա կենցաղային հոգսերից և տարավ գրական ճանապարհով։ Սահուն ընթերցվող վեպ է, շատ նուրբ հարցեր էին շոշափվում այնտեղ։ Նվիրում, սեր, խաբեություն, հարազատների փոխհարաբերություններ, մարդկային մաքրություն, ձեռք մեկնող սիրտ և ի վերջո կյանքի դասեր: Շատ ապրեք։ Գրադարանում ես հանգիստ կարող եմ բարձր դասարանի երեխաներին էլ առաջարկել։ Շատ դաստիարակչական բաներ կային այնտեղ։ Ձեր բոլոր գրքերն էլ ասելիք ունեն:
Արման Սարգսյան, ուսանող
Այսօր ավարտեցի կարդալ արձակագիր Ժաննա Հակոբյանի «Ապրիլյան հերոսամարտ» գիրքը: Այն շատ հեշտությամբ կարդացվեց:
Գրքում ներկայացված էր 2016թ.ապրիլյան ագրեսիան` Մարտակերտում և Թալիշում տեղի ունեցած մարտերը, հերոս զինվորների սխրանքները: Պատերազմի ժամանակ դասակի հրամանատար Տիգրան Աբրահամյանի որդին` Սեյրանը քաջաբար մարտնչում է ազերիների դեմ մինչև վերջին փամփուշտը: Պատերազմին է միանում նաև 44 ամյա Թաթուլը, որի հայրը Արցախյան պատերազմի մասնակից էր և մահացել էր: Մեկնելուց առաջ Թաթուլը գալիս է հոր շիրիմին և խոստանում, որ անպայման վերադառնալու է: Ի վերջո զինվորների համառ և աննկուն պայքարի շնորհիվ ապրիլի 5-ին կրակը դադարեցվում է, իսկ Թաթուլը վերադառնում է հայրենի տուն և կարոտն առնում մորից:
Ձեզ նույնպես խորհուրդ կտայի կարդայիք այս պատմական վեհ գիրքը, քանի որ սա մեր անկոտրուն և մաքառած ազգի պատմության հերոսական էջերից է:
Աղվան Գրիգորյան, մանկավարժ
Հրաշալի պոեզիա ունեք, Ժաննա Հակոբյան: Հետաքրքիր է Ձեր պատկերային մտածողությունը: Համեմատությունների ու փոխաբերություների, բնապատկերների ու անձնավորումների միջոցով կարողանում եք ներկայացնել ելևէջներով անցած Ձեր կյանքի ճանապարհը։ Իսկ անցած գնացած բուռն սիրո զգացումներն այնքան խորմաստ ու պատկերավոր են նկարագրված, որ կարծես մի ճանաչված նկարչի կտավն ենք դիտում: Ինչքան էլ թախիծ կա ձեր տողերում, միևնույն է, ապագայի նկատմամբ Դուք բավականին լավատես եք:
Արման Սարգսյան, ուսանող
Քիչ առաջ ավարտեցի կարդալ Ժաննա Հակոբյանի «Օտար երազներ» գիրքը: Շատ խորիմաստ և հուզիչ գիրք էր: Ձեզ էլ խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը սիրելի ֆեյսբուքյան ընկերներ: Այս գիրքը շատ խորիմաստ է և միանգամից մտնում է քո ներաշխարհի մեջ: Ովքեր կցանկանան առավել հստակ իմանալ պատմությունը այս գրքի գրեք ինձ անձնական նամակով և կպատասխանեմ:
Բոգդան Ջանյան, բանաստեղծ
Ժաննա Հակոբյանն իմ հայրենակիցն է` արցախցի` պայծառ նկարագրով, ոտից գլուխ գրական անձնավորություն, գրականագետ, բանաստեղծ, արձակագիր, լրագրող: Նա գրքից գիրք այնպիսի առաջընթաց է ապրում, որ տեղ-տեղ փոխվում է թռիչքի: Նման թռիչք է և միանգամայն ուշագրավ երևույթ «Ղարաբաղի ճակատագիրը» խորագրով պատմավեպը: Ես զարմացա, որ նա կարողացել էր մանրազնին ուսումնասիրել 18-րդ դարի Արցախի պատմության բախտորոշ, հատկապես դրամատիկ անցքերն ու իրադարձությունները: Ժաննա Հակոբյանը գեղարվեստական մեծ վարպետությամբ է ներկայացնում պատերազմները, հերոսների կյանքը, նրանց սխրագործությունները: Վեպում հատկապես հրաշալի են պատկերված այն գլուխները, որտեղ երևում է Շուշին, Շուշվա բերդը, արցախցիների պայքարը Աղա Մուհամմեդ շահի դեմ: Դասական վեպին համարժեք կերպարներ են ստեղծված պատմավեպում: Խոսքս շահի և Իբրահիմ խանի արյունալի արարքների մասին է: Վեպում դրական կերպարներ շատ կան: Առանձնակի հյութեղությամբ է պատկերված Պըլը Պուղու կերպարը, որի հայրենասիրական գործողությունները ծավալված են վեպի սկզբից մինչև վերջ: Հատկապես հրաշալի հայրենասիրական կերպարներ են դարձել մելիք Մեջլումը, մելիք Աբովը, մելիք Գրիգորը, մելիք Ջումշուդը: Իմիջայլոց, վեպում բազմաթիվ են արցախցի այն կանանց կերպարները, որոնք սիրո մեջ ազնիվ են և քաջ: Շատ կենդանի է կերպավորված մելիք Շահնազարը որպես դավաճանի: Նրա կողքին կային նաև հոգևոր կոչում ունեցող հայրենադավ մարդիկ, որոնց կերպարներն այնքան ճշմարիտ ու համոզիչ են վեպում, որ ընթերցողը հիմա էլ մեծ վրդովմունք և ատելություն է զգում նրանց նկատմամբ: Արցախ աշխարհի կյանքն իր բազմազանությամբ պատկերելուց բացի, հեղինակը կարողացել է հրաշալի վերարտադրել նաև ռուսական կայսրության, վրացական արքունիքի, Երևանի, Գանձակի խանությունների նկարագիրը: Պատմավեպն ընթերցելիս հիացմունք ես ապրում, երբ ծանոթանում ես Ղարաբաղի հինավուրց ավանդությունների, կրոնական տոների, հարսանիքների, արցախահայի նիստուկացի, հայտնի եկեղեցիների, բնաշխարհի գեղեցկությունների հետ: Ի վերջո Ժաննա Հակոբյանին հաջողվել է այս վեպում ստեղծել այն պատմական մթնոլորտն ու միջավայրը, որտեղ կատարվել են վեպի գործողություններն ու անցքերը: «Ղարաբաղի ճակատագիրը» լուրջ և արժեքավոր գրական գործ է: Կարծում եմ` գրականագետները պետք է նկատեն այն և անպայման անդրադառնան:
Հրաչյա Բեգլարյան, գրող, հրապարակախոս
Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպի հերոսներն ինձ ծանոթ են, ծանոթ են նաև նրանց կատարած գործերը: Այս գրքի մեծագույն առավելություններից մեկն այն է, որ պատմավեպի դրական և բացասական բոլոր հերոսներն այնպես են կերպարանավորվել, որ շատ տպավորիչ են ու տեսանելի: Հաճախ այնպես է թվում, թե դու կարդում ես ականատեսի հուշերը: Ինձ համար ուրախալի է ծանոթ շավիղներում նորություններ հայտնաբերելը: Անկեղծ ասած, բանաստեղծ, արձակագիր Ժաննա Հակոբյանն իր այս գրքով հմուտ ռեժիսորի պես մեր պատմության ամենից թանձր ու պղտոր ժամանակներից դուրս է բերել մի շարք դրական ու բացասական հերոսների, որոնց մասին նոր սերունդը շատ բան չգիտե: Այսպիսով, Հակոբյանին հաջողվել է գեղարվեստական խոր ընդհանրացման հասնել` արտացոլելով դարաշրջանի տիպական առաննձնահատկություններն ու մարդկային բոլոր հարաբերությունները:
Պատմավեպը կարդացվում է մեծ լարվածությամբ ու հետաքրքրությամբ: Հուսանք, որ այն կդառնա այսօրվա ընթերցողի գրասեղանի սիրված գրքերից մեկը:
Գրիգոր Մելիք, գրող
Ինձ որպես գրողի որոշակիորեն դժվար է լիարժեք ձևով գնահատել Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպի գրական բարձր արժանիքները: Սակայն ինձ հիացնում և զարմացնում է այն հանգամանքը, թե ինչպես է կին բանաստեղծ-արձակագիրն իր մեծ ներուժին և հայրենասիրությանն ապավինելով` համարձակ անցել գրական ամենաբարդ ժանրին` պատմավեպին, որտեղ հրաշալի ներկայացրել է 18-րդ դարավերջին պարսիկ և թուրք բռնակալների դեմ արցախցիների մղած հերոսական պայքարը` պատմագեղարվեստական ամենայն մանրամասնությամբ և ճշմարտացիությամբ ու ինքնատիպ ոճով: Ցավոք, վեպում ընդգրկված ժամանակաշրջանը բավականին տխուր ու ծանր ժամանակահատված էր Ղարաբաղի համար, քանի որ 18-րդ դարի երկրորդ կեսից մելիքներն անգամ կորցրել էին իրենց կիսաանկախ վիճակը և երկրում տիրում էր երկպառակությունը: Պիտի շեշտել, որ գիրքը հրատարակվել է ժամանակին, քանի որ պատմական էական նշանակություն ունեցող դրվագների միջոցով առաջ է քաշվում այսօր մեր հասարակությանը հուզող խնդիրներ: Այդ խնդիրներից կարևորագույնը միաբանված լինելն է: Ըստ իս` Ժաննա Հակոբյանը մեծ պատմավիպասան Րաֆֆու գործի արժանի ժառանգորդն է: Ինձ համար հոգեհարազատ է այս պատմավեպը նաև նրանով, որ այստեղ Արցախի հերոս ժողովրդի մղած պայքարի հետ ներկայացվում են Ղարաբաղի մելիքների կյանքն ու հերոսական սխրագործությունները: Իսկ քանի որ իմ նախապապերը նույնպես Ղարաբաղի մելիքներից են և իմ ազգանունն էլ Մելիք-Սարգսյան է, ուստի ես այս պատմավեպը համարում եմ մեր նախնիներին նվիրված մեծ հուշակոթող և դափնեպսակ:
Արմեն Կարապետյան, պատմական գիտությունների թեկնածու
Ժաննա Հակոբյանն իր «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպով ցանկացել է ոչ միայն ցույց տալ պատմության և իրականության միջև ընկած սահմանները, այլև մեզ ներկայացրած հետաքրքիր փաստերով վերստին համոզել այն մասին, որ Ղարաբաղը միշտ եղե′լ է, կա′ ու կլինի′: Նա սիրով շարունակում է Արցախի տաղանդավոր զավակների` Բ. Ուլուբաբյանի, Զ. Բալայանի ավանդույթները: Հատկապես ես կշեշտեի Բագրատ Ուլուբաբյանին, որը թե′ գրող էր, թե′ պատմաբան: Ժաննա Հակոբյանի պատմության մեջ ևս առկա է և′ գիտնականը, և′ գրողը, մանավանդ որ բանասիրական գիտությունների թեկնածու է: Չմոռանանք , որ նա կին պատմավիպասան է: Նրա պատմավեպը սքանչելի գործ է: Այն արդիական հնչեղություն ունի մեր օրերի համար, քանի որ գիտենք, որ Ղարաբաղում ստեղծված խաղաղությունը հարաբերական է: Հեղինակն իր այս պատմավեպով նորից մեզ հուշում է, որ գաղափարական պատերազմն առջևում է, որ ինքը նույնպես կին զինվոր է, ու մենք` տղամարդիկ, պարտավոր ենք հետևել նրա օրինակին:
Վարդան Վանատուր, բանաստեղծ
Ժաննա Հակոբյանն այն հազվագյուտ կին բանաստեղծներից է, որն իր տաղանդով, զգացմունքային շերտերով, պատկերային հարուստ համակարգով անչափ հոգեհարազատ է ինձ: Անկեղծ ասած, միանգամայն անակնկալ էր ինձ համար և նրա պատմավեպի հայտնությունը, որն ապշեցրեց գեղարվեստական խոր ընդհանրացումներով, դարաշրջանին բնորոշ մարդկային հարաբերություններով, հոգեբանական յուրօրինակ խորությամբ, հյութեղ ոճով: Ես հասկացա, որ հայ կինը պետք է իր սրտում ունենա անսահման հայրենասիրություն, որպեսզի կարողանա նման գործ գրել: Պիտի ասել, որ այն տեղին ու ժամանակին ստեղծված պատմավեպ է: Ու ես երիցս ուրախ եմ, որ հանձին Ժաննայի` ունեցանք կին-պատմավիպասան: Նա շատ հրաշալի է ստեղծել ինչպես հայրենասերների, այնպես էլ դավաճանների կերպարները: Նրանցից յուրաքանչյուրն իր հոգեբանությամբ ու արարքներով ունի իր ճակատագիրն ու աշխարհայացքը: Իմ կարծիքով, մելիք Շահնազարի կերպարը որպես հայրենիքի դավաճանի` ավելի ուժեղ է ներկայացված, քան Րաֆֆու «Սամվել»-ում` Մերուժանի կերպարը: Հրաշալի են կերտված մելիքների կերպարները, որոնց նպատակը մեկն էր` ազատագրել երկիրը թշնամիներից: Նրա բոլոր հերոսներն առնչվում են պատերազմի հետ և գրողի տեսանկյունից մարդը գնահատվում է միմիայն պատարազմին ունեցած իր մասնակցությամբ: Ժաննա Հակոբյանի այս պատմավեպը նոր որակ է հայ պատմավիպասանության մեջ իր ձևով, բովանդակությամբ, գեղարվեստական պատկերների հարստությամբ, պատմական փաստերին հավատարիմ մնալու իր մոտեցմամբ:
Գրիգոր Գույումջյան, արևելագետ, դասախոս
Մենք ողջունում ենք Ժաննա Հակոբյանի կատարյալ ծնունդն իբրև պատմավիպասանի: Մեր հայ գրականության մեջ ունենք կին արձակագիրներ` սկսած Սրբուհի Տյուսաբից մինչև Անահիտ Սահինյան: Սակայն նրանցից ոչ ոք պատմավեպի ժանրին չի անդրադարձել: Ես որպես հայ գիտնական հպարտ եմ, որ բախտ ունեցա կարդալու նրա «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպը: Ու զարմանում եմ նրա տքնաջան աշխատասիրության վրա, թե ինչպես տեխնիկապես հագեցած մեր օրերում կարողացավ անջատվել ամեն ինչից` ուսումնասիրելով հարյուրավոր պատմական վկայություններ, արձանագրություններ ու փաստեր: Նաև հետաքրքիր է բանաստեղծի անցումը պատմավեպի ժանրին, քանի որ նա ունի հարուստ բառապաշար, նուրբ զգացողություն, պատկերավոր մտածողություն: Վիպասանը հասկանում է իր հերոսների ներքին աշխարհը և կարողանում է փոխանցել ընթերցողին նրանց ապրումները: Ժաննա Հակոբյանը գիտնականի իր դիտողականությամբ, փաստերի քննությամբ ու վերլուծությամբ, պատմական մթնոլորտը, ռազմի տեսարանները, ժողովրդի հինավուրց ավանդույթները, նաև որպես գրողի իր հերոսների հոգեբանությունը նեկայացնելու կարողությամբ ինձ համար նման է Սերո Խանզադյանին: Նա մեծ վարպետությամբ կարողացել է գեղարվեստական խոսքը շատ տպավորիչ դարձնել: Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպն անպայման մնալու է հայ գրականության պատմության մեջ:
Շահեն Մկրտչյան, արցախագետ
Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպը շատ ուսանելի է այսօրվա ընթերցողի համար: Նա բավականին հետաքրքիր գործ է կատարել` ուսումնասիրելով հարյուրավոր տեղանուններ, ամրոցներ, կաթողիկոսական մատյաններ, ազգագրական նյութեր, բանահյուսություն և չշեղվելով պատմական փաստերից` այնպիսի ճշգրտությամբ ու հոգեբանական խորությամբ է ներկայացրել ամեն ինչ, որ նրան շատ գրչակիցներ կարող են նախանձել: Քաջ տիրապետելով պատմական ժանրի տեխնիկային` նա հարազատ է մնացել իր նկարագրած ժամանակի ոգուն: Ժաննան ունի հյութեղ ու ճոխ լեզու և գեղարվեստական վարպետությամբ ստեղծել է հոգեբանորեն համոզիչ տիպական կերպարներ: Նրանք հայրենասերների և դավաճանների կերպարներ են: Եվ այս գիրքը պետք է իր նպատակին ծառայի` լինելով մեր բոլոր զորամասերում, մանավանդ, երբ մեր թշնամիները մեր դեմ քարոզչական պատերազմ մղելուց բացի, նաև ռազմատենչ հայտարարություններ են անում: Հայրենասիրական իր հագեցվածությամբ Ժաննա Հակոբյանը վիթխարի գործ է կատարել և ցանկալի է, որ սկսած իր պատմությունը շարունակի: Անկասկած, այդ հարցում նրան պարտավոր են աջակցել գրողների միությունները և պետությունը:
Արսեն Հովսեփյան, ռեժիսոր
Ես ոչ միայն հիացմունքս եմ արտահայտում Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» գիրքը կարդալով, այլ միաժամանակ զարմանում եմ, որ այս պատմավեպի հեղինակը կին գրող է: Պիտի խոստովանեմ, որ այս վերջին երեսուն տարիների ընթացքում չեմ հանդիպել մի գրողի, որ նույն տիպի բարձրարժեք պատմավեպ գրած լիներ: Պատմավեպը, անշուշտ, ունի ուսանելի կողմեր: Հակոբյանին հաջողվել է գեղարվեստական խոր ընդհանրացման հասնել` արտացոլելով դարաշրջանի տիպական առանձնահատկությունները և մարդկային բոլոր տեսակի հարաբերությունները: Նա շունչ ու հոգի տալով պատմական անցքերին ու դեմքերին` ստեղծել է հոգեբանական խորություն ու մտածելակերպ ունեցող դրական և բացասական համոզիչ կերպարներ: Դրանց թվում են թուրք խաները, հայ մելիքները, զորավարները, եկեղեցականները, գյուղացիները, կանայք: Ժաննա Հակոբյանն ունենալով գեղարվեստական շռնդալից ու գեղեցիկ ոճ` հոյակապ է ներկայացրել նրանց նիստուկացը, տարազը, սովորությունները: Չափազանց էական է նաև ղարաբաղյան բարբառի, ժողովրդական ասացվածքների, իմաստուն արտահայտությունների ճաշակով ու տեղին օրտագործումը խոսքի մեջ: Նա այս պատմավեպով ստեղծել է իր կենսագրությունը: Կցանկանայի, որ Ժաննա Հակոբյանը նմանատիպ նոր պատմավեպեր ստեղծի:
Սաթենիկ Ավետիսյան, բանասիրական գիտութունների թեկնածու, դոցենտ
Ժաննա Հակոբյանն իր մաքուր քնարերգությունից կարող է բարձրանալ և նվաճել ժողովրդի ճակատագրի, տառապանքի ու մաքառումների պատմության դժվարին մի ընթացք, որն արտահայտվեց «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպում: Հիրավի, այն այրական շեշտերով գրված ստեղծագործություն է` իր վավերական հզոր փաստարկումներով, որը մեզ ապացուցում է, թե ինչպես հայ կինը կարող է նվիրված լինել իր եզերքներին, իր հողին, իր հայրենիքի բարձրագույն արժեքներին: Ժ. Հակոբյանը հայ կնոջ ազնվական տեսակ է, որն ունի երկու կենտրոնաձիգ գաղափար` սերը և հայրենիքը: «Ղարաբաղի ճակատագիրը» գրքով նա մեզ պարտադրում է լսել, ճանաչել հայրենիքի ցավը, ապրել ապրված ողբերգությունը: Եվ այս ամենը գրողի ներքին, հոգևոր կուտակումների, բյուրեղացման արդյունքն է:
Զոհրապ Մուղդուսյան, պատմաբան, արևելագետ
Ժաննա Հակոբյանին ճանաչում էի որպես խորիմաստ, նրբազգաց ու տաղանդավոր բանաստեղծուհի: Նրա պեզիան նույնքան խորհրդավոր է, որքան և ինքը: Ինձ համար անակնկալ եղավ նրա` «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպի հայտնությունը: Հենվելով պատմական փաստերի վրա` նա այնպիսի գեղարվեստական վարպետությամբ է ներկայացրել մեր ժողովրդի լավագույն հատվածներից մեկի` Ղարաբաղի 18-րդ դարի երկրորդ կեսի պատմությունը, որ անգամ եթե փոխելու լինենք գրքում ընդգրկված տեղանունների անունները, կարող ենք մեր ձեռքի տակ ունենալ հայկական ցանկացած հատվածի պատմությունը, լինի դա Վանի, թե` Վասպուրականի պատմությունը: Պատճառն այն է, որ մեր ազգի պատմությունն ամեն տեղ նույնն է` ազգային-ազատագրական պայքարը: Գարեգին Նժդեհի խոսքերով ասած` «դա ցեղի գոտեմարտն է, որին չմասնակցելը սեփական արյունով նշան է պատմական փոքրոգության»: Ժաննա Հակոբյանի պատմավեպը հայտնվել է ճիշտ ժամանակին: Այս գիրքն ուսանելի է մեր երիտասարդ սերնդի համար և որպես պատմագրություն ավելի արժեքավոր է, քան Արցախի պատմությամբ զբաղվող շատ պատմաբանների երկեր: