Արցախի ցավը իմ ցավն է

Արցախի ցավը իմ ցավն է
«Գրական թերթ», ուրբաթ, 14 մայիսի, 2021թ.

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՌԻԹՈՎ ԵՎ ԱՆԱՌԻԹ

ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ – «Դեռ ինչքան պիտի ապրենք, որ մեր ծանր օրերը դառնան անցյալ, որ կարողանանք վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, պահպանենք մեր ինքնությունը»: Ձեր գրառումն է: Իսկապե՞ս վտանգներն այդքան շոշափելի են:
ԺԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ – Անկասկած, վտանգված է մեր ազգային ինքնությունը: Կուզենայի մի փոքր հետադարձ հայացք ձգեինք՝ հիշելու անցյալ դարի 90-ական թվականներին Արցախյան առաջին պատերազմի տարիները: Թե ինչպես էինք այն ժամանակ ազգովի ոգևորվում մեկը մյուսին հաջորդող մեր քաջորդիների հաղթանակներով: Անգամ Հայաստանում իշխող մութ ու ցուրտ տարիները մեզ չէին սարսափեցնում: Մենք համբերում էինք, դիմադրում, որովհետև ի վերջո ոչ միայն ազատագրվեց Լեռային Արցախն ամբողջությամբ, այլև ազատագրվեցին մեր պատմական տարածքները, որոնք անցյալ դարի 20-ական թվականներին բոլշևիկները նվիրել էին Ադրբեջանին: Խոսքս Ջաբրայիլի /Մեխակավան/, Ֆիզուլիի /Վարանդա/, Զանգելանի /Կովսական/, Կուբաթլիի /Սանասարավան/, Լաչինի /Բերձոր/, Քելբաջարի /Քարվաճառ/, Աղդամի /Ակնա/ մասին է: Ազատագրվեց 70 տարի գերության մեջ գտնվող Շուշին, վերականգնվեց մեր շնչառությունը, ազգային արժանապատվությունը: Եվ աշխարհը հասկացավ, որ հայ ժողովուրդը ի վիճակի է ցեղասպան թուրքին իր բազկի ուժը ցույց տալ՝ քանդելով բռնության շղթաները: Ինչո՞ւ չէ, նաև իրականում ապացուցել, որ այլևս նա չի կարող ցեղասպանություն գործել հայ ժողովրդի դեմ: Հենց Արցախյան ազատագրական շարժումն ամենից առաջ պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության, քաղաքացիական իրավունքների և մարդկայինն արժեքների պահպանման, պատմական հայրենիքում ազատ ապրելու ու ստեղծագործելու իրավունքի համար: Եվ Հայաստանը հզոր դարձավ Արցախով, հանդիսանալով նաև նրա անվտանգության երաշխավորը: Սակայն այս 44-օրյա պատերազմում մենք պարտվեցինք՝ կորցնելով Արցախի տարածքների մեծ մասը: Մեր մեջքը ջարդվեց:

Կարդալ...

Ի դեպ, երբ 1992թ. մայիսի 9-ին Շուշին ազատագրեցին, ես այցելեցի այն ժամանակ տատիկիս շիրիմին և ուրախությամբ հայտնեցի, որ նրա ծննդավայրն ազատագրված է թուրքերից: Նա շուշեցի էր, որն ականատեսն է եղել 1920 թվականի Շուշիում հայկական կոտորածին: Հիմա ի՞նչ պիտի ասեմ նրան… Հիմա հայ մարդն ամեն տեղ է իրեն պարտված զգում, լինի թե′ հայրենիքում, թե′ սփյուռքում: Սակայն մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու ուղիներ կան: Նախ և առաջ պիտի ազատվենք ներկա ապազգային իշխանություններից, երկրորդ՝ պիտի ունենանք ազգային մտածողության գաղափարակիր, բանիմաց, քաղաքանապես պատրաստ մի ղեկավար, որի դաշնակիցը չպիտի լինի Թուրքիան: Եվ վերջապես մեր ազգային արժանապատվությունը կվերականգնվի, եթե կրկին Արցախի մաս կազմեն Շուշին ու Հադրութը:
Ս. Կ. – Հայաստանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Արդյո՞ք ընտրությունները, եթե նույնիսկ բացառիկ արդար լինեն, կկարողանան շարունակվող ներքաղաքական լարվածությանը համերաշխության լիցքեր հաղորդել:
Ժ. Հ. – Հայտնի է, որ մեր երկրում երբեք էլ արդար ընտրություններ չեն արձանագրվել: Անգամ իշխանափոխությունից հետո կեղծիքներ են եղել: Ժողովուրդը «հեղափոխության էյֆորիայի» մեջ էր, չգիտեր, թե ինչ էր կատարվում: Ցավալին այն է հիմա, որ պետական մի շարք կառույցների, եկեղեցու ու հասարակական կազմակերպությունների կողմից մերժված, պարտված ղեկավարն իր թիմի հետ պիտի մասնակցի արտահերթ ընտրություններին: Նման բան աշխարհում չի եղել: Ավելին, միմիայն ոստիկանական զինված ուժերի օգնությամբ իր երկրում մի կերպ զրահաբաճկոնով ծպտված տեղաշարժվելով՝ վարչապետը նաև իր հրաժարականից հետո պիտի շարունակի պաշտոնավարել: Հետևաբար, նա կօգտագործի վարչական բոլոր ռեսուրսները նորից վերարտադրվելու: Աստված մի′ արասցե, որ նրանք հաջողության հասնեն: Դա կլինի հայոց պետականության վերացումը, հայոց մշակույթի ու պատմության կործանումը: Այժմ էլ սկսել են հաճախ թուրքերի հետ խաղաղության քարոզներ հնչեցել: Մեր թշնամիների նպատակը մեկն է՝ հայերի ձեռքով Հայաստանը վերածել թուրք-ադրբեջանական գաղութի: Հուսով եմ, որ մեր հասարակության մի ստվար մասը լավ է հասկանում այս ամենը: Իհարկե, ներքաղաքական լարվածության պայմաններում դժվար է խոսել համերաշխության մասին, բայց կարծում եմ՝ կուսակցական տարբեր թևեր կմիավորվեն և միասնական ուժով կպայքարեն անդնդի եզրին հայտնված հայրենիքը փրկելու նպատակով:
Ս. Կ. – Ձեր գրքերի ցանկում զգալի են պատմական թեմաներով վեպերն ու վիպակները: Հավատո՞ւմ եք, որ ներկա աշխարհաքաղաքական վայրիվերումների քաոսում անցյալի դասերը կարող են դեր ունենալ:
Ժ. Հ. – Այո′, հավատում եմ: Կարող է զարմանալի թվալ, բայց պատերազմական և պատմական թեմաներով իմ գրքերն ավելի լավ են վաճառվում: Ուրեմն ընթերցողի մոտ հետաքրքրություն կա դեպի մեր պատմական անցյալը: Իսկ ես անդրադարձել եմ հայ ժողովրդի պատմության առանցքային թեմաներին՝ Հայոց ցեղասպանությանը, Թուրքիայում ապրող իսլամացած, ծպտված հայերի կյանքին, արտագաղթին: Ինչ խոսք, որ ընթերցողի կողմից պատմական փաստերն ավելի լավ են ընկալվում գեղարվեստական պատկերների, դեպքերի, հերոսների միջոցով: Այսպես, օրինակ, մինչև հիմա էլ հայ մարդու համար կարևոր է իմանալ և մտածել այն մասին, թե ինչպես է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը, և ինչու են թուրքերը փորձում շարունակ կոտորել հայերին: Անշուշտ, շատ են պատմական բնույթի փաստերը, ականատեսների վկայությունները: Բայց ընթերցողը պետք է հասկանա, թե ինչո՞ւ այդքան «եղեռնամոլ ու ահաբեկիչ է թուրքը» /Գ. Նժդեհ/ և ի՞նչ են տալիս նրան պատմության դասերը: Իսկ պատմության ողբերգալի էջերը ավելի լավ են ընկալվում գրական երկի միջոցով, քանի որ այն ազդում է մարդու զգացմունքների վրա: Միաժամանակ լավ գրականությունն ազդում է պատմության ընկալման վրա: Ի վերջո, շատ մարդիկ չեն հետաքրքրվում այսպես ասած «մաքուր պատմությամբ»: Եվ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ առանց գրականության և կինոյի, հասարակության լայն զանգվածը չի հետաքրքրվի պատմության իրադարձություններով: Իսկ առհասարակ, անհնար է մոռանալ մեր ժողովրդի պատմությունը, քանի որ ներկան ու ապագան սերտորեն կապված են անցյալի հետ: Այսպիսով, մեր անցյալից պարտավոր ենք դասեր քաղել: Մենք պատմություն ենք սովորում, որպեսզի չմոռանանք մեր նախնիների փորձը, որպեսզի խուսափենք նրանց սխալներից: Այնպես էլ մենք պիտի իմանանք, թե որ մարդկանց չի կարելի թույլ տալ իշխանություն ունենալ, թե ինչի են հանգեցնում պատերազմներն ու հեղափոխությունները, որպեսզի կանխեն նրանց սկիզբը:
Ս. Կ. – Լինելով բնիկ արցախցի, ձեր առաջնային թեմաներից՝ արցախյանը, վերջին պատերազմից հետո, երբ երկրի 80 տոկոսը բռնազավթված է, ի՞նչ շարունակություն է ունենալու:
Ժ. Հ. – Անկասկած, ինձ համար առաջնային թեմաներից է արցախյանը: Ես սիրով անդրադարձել եմ ինչպես Արցախի անկախությանը, այնպես էլ ազատագրական պայքարի պատմությանը: Վերջին պատերազմում ունեցած մեր պարտությունից հետո ինձ հարցրել էին, արդյո՞ք կարձագանքեմ այս ամենին: Իմ պատասխանը մեկն է՝ Արցախի ցավը իմ ցավն է, ես չեմ հաշտվում Արցախի կորստի հետ: Ուստի չեմ կարող չանդրադառնալ վերջին պատերազմին: Ես պարտավոր եմ անպայման գրել ոչ միայն մեր հերոս տղաների ցուցաբերած սխրանքների, այլև նրանց պարտության հասցրած դավադիր ուժերի մասին: Անկախ նրանից, թե որքան դժվար է մեզ համար հիշել մեր պատմության արյունոտ ու սարսափելի էջերը, մենք պետք է դա անենք: Քանի որ այն միակ միջոցն է, որով մենք կարող ենք կանխել այս սարսափի կրկնությունը: Իսկ դա տեղի ունեցավ ոչ միայն ներկա, այլև Հայաստանի նախկին իշխանությունների մեղքով: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ հայկական զորքը հասել էր Գանձակ, մեր թշնամիների խնդրանքով դադարեցվեցին կռիվները: Արդեն ամբողջությամբ ազատագրվել էր Լեռնային Արցախը, նաև մեր պատմական տարածքների յոթ շրջանները: Ինչո՞ւ Արցախի և Հայաստանի ղեկավարներն այն ժամանակ Ադրբեջանի հետ չկնքեցին կապիտուլյացիայի համաձայնագիր, այլ ընդամենը հրադադար կնքվեց, որն էլ երբեք չպահպանվեց: Ավելին. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նախատեսված էր ազատագրված տարածքների հանձնումը Ադրբեջանին և այդ փաստաթղթերի տակ ստորագրել էին բոլոր ղեկավարները: Ու տարիների ընթացքում Հայաստանի ոչ մի ղեկավար չճանաչեց Արցախի անկախությունը: Վախեցած հայտարարություններ էին արվում, թե այդ քայլով պատերազմ կհրահրեն Ադրբեջանի դեմ: Բայց չէ՞ որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է և դեռ խորհրդային իշխանության տարիներից արցախցիները պարբերաբար բարձրացրել էին մայր Հայաստանին վերամիավորվելու հարցը: Լեռնային մարզի ազատագրության հիմնահարցը ԽՍՀՄ Կենտրոնական մարմինների առաջ բարձրացվել էր 1935,1945, 1953,1962,1965,1966 թվականներին, հետագայում նաև՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: Ցավոք, Արցախը իշխանավորներին պետք էր միայն որպես իրենց եկամուտների աղբյուր: Չնայած այս ամենին, Արցախը երբեք ծնկի չէր գա, եթե չլինեին ներքին թշնամիները: Եվ այս պատերազմում թշնամուն դավադրաբար հանձնվեցին Կիպրոսի, Լիբանանի չափ տարածքներ, որոնք ողողված էին հազարավոր հայորդիների արյամբ: Այսինքն՝ երկրի 80 տոկոսը բռնազավթված է: Բայց մենք իրավունք չունենք կորցնելու Արցախը: Պետք է վերականգնվի Լեռնային Արցախի ամբողջականությունը: Ըստ իս, դա հնարավոր չէ անել բանակցությունների միջոցով, այլ միայն՝ պատերազմելով: Կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ ռուսները կբախվեն թուրքերի հետ մեր տարածաշրջանում: Հայերը, ինչպես միշտ, կաջակցեն ռուսներին և առիթը բաց չեն թողնի ազատագրելու մեր գերեվարված շրջանները: Գուցե մի անգամ ևս պիտի հիշել Ազգային հերոս Մոնթեի խոսքերը. «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»:

Փակել