Արցախը և Շուշին Ժաննա Հակոբյանի պատմավեպերում

Արցախը և Շուշին Ժաննա Հակոբյանի պատմավեպերում
Գիտական հոդվածների ժողովածու, Արցախի պետական համալսարան, 18.11.2018թ.

Սույն հոդվածում քննարկվում ու գնահատվում են տաղանդավոր բանաստեղծ և արձակագիր Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը», «Արյան հիշողություն» և «Արյան վրեժ» պատմավեպերը: Նշվում է, որ Րաֆֆու «Դավիթ Բեկ» և Ս. Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպերի շարքում Ժ. Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» երկը աչքի է ընկնում նրանով, որ նա գեղարվեստական պահանջվող մակարդակով պատկերել է 18-րդ դարի վերջին երկու տասնամյակների պատմական իրադարձությունները: Գրողն իր պատմավեպերում ստեղծել է դրական և բացասական կերպարների մի պատկերասրահ` հաստատելով այն գաղափարը, որ թուրք հրոսակների դեմ մղվող պայքարում հայ ժողովրդի փրկությունը նրա հավաքական ուժի մեջ է:

Կարդալ...

Ժ. Հակոբյանի հետաքրքրությունը ժամանակակից կյանքի հիմնախնդիրների հանդեպ` չէր կարող նրա հայացքը չուղղել դեպի պատմական անցյալը: Ժաննան լավ էր հասկանում, որ առանց պատմական լավագույն ավանդույթների յուրացման հնարավոր չի լինի կառուցել օրինակելի ներկա` միտված ապագային: Ահա այս լուսավոր աշխարհընկալման արդյունքում ծնունդ առավ և 2007թ. տպագրվեց «Ղարաբաղի ճակատագիրը»-ը պատմավեպը: Մինչև վեպն ամբողջական տեսքով տպագրվելն այն առանձին հատվածներով լույս է ընծայվել «Գրական թերթ», «Հանուն հայրենիքի», «Հայրենի եզերք», «Պետություն և գործարարություն» թերթերում և արժանացել ընթերցողների դրական արձագանքին: Ժաննան այս դեպքում ունեցել է հարուստ օրինակ` հանձին հայ դասական պատմագրության. նա լավ է իմացել, որ պատմավեպ գրողը պետք է խորապես յուրացնի պատմությունը, պարզապես լինի ոչ միայն պատմաբան, այլև ազգագրագետ, հոգեբան: Եվ հաճելին այն է, որ Ժ. Հակոբյանն այդ իմացությամբ ձեռնամուխ է եղել պատմավեպի ստեղծմանը: Վեպի թեման առնված է 18-րդ դարի իրադարձություններից: Առանձնապես 1787-1797 թթ., երբ մեր ժողովուրդը մարտնչում էր պարսկական և թուրքական հարձակումների դեմ: Նկարագրելով Ղարաբաղի սիրտը հանդիսացող Շուշին, նրա անառիկ բերդը, ինչպես ահրաժեշտ է, ուշադրության կիզակետում է պահել արցախցիների անկոտրում կամքը, նրանց մարտնչող ոգին` Պարսկաստանի տիրակալ Աղա Մուհամմադ շահի դեմ: Ժաննան մեծ հմտությամբ ստեղծել է դարաշրջանի դաժանությունը ներկայացնող պարսկական Շահի և սելջուկ-թուրքական վայրենության ու նենգության խորհրդանիշ Իբրահիմ խանի կերպարները: Վեպի հեղինակը 18-րդ դարի դաժան ու հակասական երևույթների համապատկերի վրա ցույց է տվել ժողովրդի առողջ մտածելակերպն ու առողջ կենսակերպը խտացնող երանգները: Այս առումով մնայուն արժեք է Պըլը-Պուղու գերարվեստական կերպարը: Վեպի սյուժեի զարգացման ամբողջ ընթացքում զգացվում են ժողովրդական այդ իմաստունի հայրենասիրական մղումներն ու արարքները: Հայրենասերների աստղաբույլը լրացնում են Մելիք Մեջլումը, Մելիք Աբովը, Մելիք Գրիգորը, Մելիք Ջումշուդը: Գրողը չի մոռացել նաև արցախուհիներին` դարերի ընթացքում բարոյահոգեբանական իրենց բարեմասնությունները դրսևորած հայ կանանց: 18-րդ դարը արհավիրքներ բերեց Արցախ աշխարհին: Առաջին հերթին պատճառը Մելիք Շահնազար Երկրորդն էր, որը Շուշին տրամադրեց վայրենաբարո ու խորամանկ Փանահին: Հանգամանալից ուսումնասիրելով ժամանակաշրջանի վայրիվերումները` Ժ. Հակոբյանը կարողացել է վրձնել դավաճան այդ մելիքի կերպարը: Ժաննան ռեալիստորեն է ներկայացրել նաև դավաճան մելիքի մորթապաշտ, հայրենադավ մարդկանց` թե‘ հոգևոր և թե’ աշխարհիկ կյանքի միջավայրից: Ժաննայի այս պատմավեպն ընդգրկուն ստեղծագործություն է: Ղարաբաղը ներկայացված է ոչ մեկուսի: Վավերագրական տեղեկությունների հիման վրա պատկերված են Արցախ-Ռուսաստան-Վրաստան փոխհարաբերությունները: Բանիմացությամբ են ներկայացված Երևանի, Գանձակի խանությունների կապերն Արցախ աշխարհի հետ: Վեպում տեղին նկարագրվում են ժողովրդական կենցաղն ու սովորությունները, որոնք նպաստում են համոզիչ և առինքնող կոլորիտի ստեղծմանը, կոլորիտ, որը ներառում է հարսանիքների, կրոնական տոների, ժողովրդի նիստուկացի, ճաշակի, բնության հանդեպ ունեցած վերաբերմունքի երանգներ: Ժաննան, ելնելով աստվածանվեր այն գաղափարից, որ առողջ ընտանիքի հիմքը անձնուրաց սերն է, վեպում բավականին տեղ է հատկացրել սիրո նկարագրությանը: Ընթերցում ես գրքի «Թաքուն սիրո տվայտանքները», «Պատիժ սիրո դիմաց», «Հավերժությունն էլ ինձ չի հերիքի», «Պատերազմները չնչին են սիրո կողքին», «Աղավնու հայտնության խորհուրդը» գլուխները և կրկին ու կրկին փառք ես տալիս Աստծուն` նրա կողմից մարդուն նվիրած սիրո անզուգական զգացումի համար, միաժամանակ ուրախանում ու հպարտանում, որ Ժաննա հայուհին ունի գեղեցիկ ապրումների հարուստ աշխարհ և այդ աշխարհը գեղագիտական հունձքի մեջ բերելու ունակություն: Ակնառու է «Ղարաբաղի ճակատագիրը» վեպի դաստիարակչական նշանակությունը: Ճիշտ է նկատել պատմաբան Արմեն Կարապետյանը` գրելով. «Ժաննայի պատմավեպը սքանչելի գործ է: Այն արդիական հնչողություն ունի մեր օրերի համար, քանի որ գիտենք, որ Ղարաբաղում ստեղծված խաղաղությունը հարաբերական է: Հեղինակն իր այս պատմավեպով մեզ հուշում է, որ գաղափարական պատերազմն առջևում է»: Հայտնի է, որ Հայոց 18-րդ դարը դժվարանցնելի խաչմերուկների բարդույթ է: Պատահական չէ, որ այն պատկերվել է Րաֆֆու «Դավիթ Բեկ», Ս. Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպերում: Ըստ էության, Ժ. Հակոբյանը ձգտել է լրացնել այդ երկերի շարքն այն առումով, որ ավելի կոնկրետ է ներկայացվում Ղարաբաղը` Հայոց Արևելից Կողմանք: Ժաննան ձեռքի տակ ունեցել է հավաստի աղբյուրներ, առանձնապես Րաֆֆու և Լեոյի աշխատությունները: Բացի դրանից, նա օգտվել է նաև Մ.Յ. Ներսեսովի և Հ. Շուշեցու գրվածքներից` թարգմանված պարսկերենից: Ժաննան օգտվել է նաև Մաշտոցի անվան մատենադարանի կաթողիկոսական մատյաններից, ինչպես նաև ռուսական և վրացական սկզբնաղբյուրներից: Հավատարիմ մնալով 18-րդ դարի անհանգիստ ու փոթորկալից էությանը` Ժաննան իր հերոսներին ավելի շուտ բնութագրում է պատերազմական իրադարձությունների մեջ: Ընդգծենք, որ Ժ. Հակոբյանի բանաստեղծական փորձը նպաստել է վեպի լեզվաոճական օրինակելի առանձնահատկությունների դրսևորմանը: Նշենք նաև, որ Ժաննան պատմության գնահատմանը մոտեցել է Խորենացու պատմագեղագիտական մեթոդով, իրադարձությունները գնահատել է քննական մոտեցումով` ուշադրության կենտորոնում պահելով «հայրեր և որդիներ» հարաբերությունները: Եվ հաճելին այն է, որ նա ճշմարտացիորեն ցուցադրել է հայրենասիրության այն ոգին, որ փոխանցվել է հայրերից որդիներին, այստեղից էլ` օջախասիրության արցախյան ֆենոմենը: Ժ. Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպը ժամանակին ծնված երկ է, որն արժանանալու է նաև գալիք սերունդների ուշադրությանն ու բարձր գնահատականին: Չմոռանանք նշել, որ վեպը նվիրված է Արցախի պաշտպանության և Շուշիի ազատագրման 15- ամյակին: «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպը դաս ու խորհուրդ է` ուղղված և’ մերօրյա, և’ գալիք սերունդներին: Մեր ժողովուրդը ցավ ու կսկիծով 2015թ. նշեց Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Թուրքիան ձգտում է ժխտել իր հանցագործությունը, իսկ Ադրբեջանի կառավարող շրջանները, նենգափոխելով պատմությունը, Արցախը համարում են իրենց նախնիների երկիրը: Գաղափարական այս մարտահրավերների համապատկերին որպես կոչ է հնչում վեպի գլխավոր հերոսի` Մելիք Մեջլումի պատգամը` ուղղված որդուն` Հաթամին. «Իմացած եղիր, որ հայերն ամեն ինչով հանդերձ, խաղաղասեր են, սակայն պատերազմելիս կրկնակի քաջ են, աներկյուղ, կրոնասեր: Ու մենք, անշուշտ, մի օր անպայման կհաղթենք, քանզի Իբրահիմ խանին չտապալել` կնշանակի մահվան դատապարտել ողջ Ղարաբաղի ժողովրդին: Եթե մեզ չհաջողվի իրականացնել մեր իղձը, այդ ծանր պարտականությունը կընկնի քո և քո հետնորդների ուսերին: Մշտապես հիշիր, որ յուրաքանչյուր հայ երիտասարդ իրեն պատասխանատու պիտի զգա հարազատ ժողովրդի առաջ: Հետևաբար, դուք ձեր նախապապերի, պապերի, հայրերի օրինակով պարտավոր եք թուրը հավիտյան պատյան չդնել»:
Բեղմնավոր գրիչ ունի Ժ. Հակոբյանը: Խոսքը միայն արագ գրելու մասին չէ, այլև գրական որակի: Այսինքն` ասելիք ունի նա, որովհետև ընկալել է կյանքի փիլիսոփայությունը` ժողովրդի անցյալի դասերը` ընդունելի և անընդունելի ելևէջներով, սխալ ու ճիշտ դիրքորոշումներով հանդերձ: Դրա խոսուն վկայություններից մեկն էլ Ժաննայի «Արյան հիշողություն» վեպն է: Ի դեպ, Ժաննան իրավացիորեն ուշադրության կիզակետում է պահում մարդկային հիշողության նշանակությունը: Ըստ նրա` եթե անհատը, նաև ամբողջության մեջ` ժողովուրդը, հիշողություն չունենա, ուրեմն` զրկվում է ներկան կառուցելու վճռականությունից և զրկվում ապագայից: Բացի այդ, Ժաննայի համար հիշողությունը առնչվում է կոնկրետ այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք մարդ-ժողովուրդ-հայրենիք-ճակատագիր հասկացություններն են: Եվ դա էլ նպաստում է նրա ստեղծագործական ներքին ինտուիցիայի բռնկմանը` արարելու հրամայականով: Լինում է, երբ մեկ տարում Ժաննան երկու գիրք է դնում ընթերցողի սեղանին, երկուսն էլ թարմ, հետաքրքիր, մտքին ու սրտին բան ասող, դեպի կյանքի առեղծվածները, դեպի լույսն ուղղորդող: Ժաննան, որպես գրող, կաղնի ծառի պես արմատներով մխրճված է կյանքի առեղծվածների շերտերում` թե’ պատմական և թե’ արդիական փաստերի առումով: Դրանով էլ պետք է բացատրել նրա հաջողությունը փաստավավերագրական երկեր ստեղծելու ընթացքի մեջ: Վկան նաև նրա «Արյան հիշողություն» վեպն է` շաղախված հայրենասիրության ամենաազնիվ զգացումներով: Անդրադառնալով Արցախյան պատերազմի իրադարձություններին` նա չի շրջանցել ահասարսուռ դեպքերը, ժողովրդի կրած ցավն ու կսկիծը, միաժամանակ արցախական այն ոգին, որը հատուկ է արցախցուն, որի շնորհիվ էլ հետ է վերադարձրել ոչ միայն վտանգված հողը, այլև ազգային արժանապատվությունը: Չմոռանանք, որ այս սրբազան պատերազմում հայ ժողովուրդը զոհաբերեց վեց հազար ազատամարտիկների… Պատահական չէ Ժաննայի խոստովանությունն այն մասին, որ թեպետ ինքն ապրում է Երևանում, սակայն սրտի ծալքերում զգում է իր Արցախի ցավն ու ակնկալիքները: Անմիջական ու բնական պատումների շնորհիվ Ժաննան վեպում ստեղծել է կերպարների մի ամբողջական պատկերասրահ, որի ներկայացուցիչներն են Սառան, Մարսելը, տիկին Մարոն, Շառլը, Սոֆյան, Օլեգը, Խորենը, Մայիսը: Սրանցից յուրաքանչյուրը պատկերվում է ոչ թե անձնական նեղ ապրումների սահմաններում, այլ պատերազմական տարիներին հայ մարդու կամքի ուժը ցուցադրելու նպատակով: Այստեղից էլ վեպի ճանաչողական, դաստիարակչական արժեքը, գումարած նաև գեղագիտական նշանակությունը, որն ապահովվում է Ժաննայի կենսափիլիսոփայության և ժողովրդական լեզվամտածողության հմուտ դրսևորումների շնորհիվ: Վեպն ավարտվում է խոհափիլիսոփայական մտորումներով, որը կարելի է ընդունել որպես խորհուրդ: Ահա գլխավոր հերոսուհու` Սառայի խորհրդածությունը սեփական ճակատագրի և կյանքի մատուցած դասերի արդյունքում. «Սովորաբար ասում են, որ եթե վատ ես զգում, եթե դժվար ես տանում տառապանքը, գնա նախնիներիդ ապրած վայրը ու մոտեցիր որևէ քարի: Քարը կընդունի քո ցավը, քանզի արյան հիշողությունը մի անտեսանելի թել է, որը միացնում է յուրաքանչյուր մարդու իր նախնիների հաջորդ սերունդներին»: Հիանալի խորհրդածություն` ժառանգափոխության, անցյալ-ներկա-գալիք փոխկապվածության, սեփական ցավի հետ հաշտվելու, հայրենի օջախի ջերմությամբ զորանալու ու ճանապարհը հավատով շարունակելու մասին: Երբեք պատահականություն չի կարելի համարել այն հայ դասականների երկերը, որոնցում ներկայացված է իրենց հայրենի ծննդավայրի գեղարվեստական պատկերը` մարդկանց լիարյուն կերպարներով: Այս երևույթը նոր երանգով հաստատվեց Արցախից ստիպված Երևան տեղափոխված գրողներ Բագրատ Ուլուբաբյանի և Բոգդան Ջանյանի երկերում: Այս երևույթի վառ արտահայտություններից մեկն էլ այսօր Ժաննա Հակոբյանի ստեղծագործությունն է` չափածո և արձակ: Եվ լրիվ բսնական է նրա նոր վեպը` «Արյան վրեժ» խորագրով: Սյս խորագիրը սոսկ ականատեսի պատում չէ: Արյան վրեժի զգացումը Ժաննային է անցել իր արցախցի նախնիների ցաված, բայց հպարտ, արնաշաղախ, բայց ցնծալից ոգուց, պապերի պորտալարից, հայրերի սրտից: Արյան վրեժի զգացումը և‘ Ժաննայի ներկայացրած հերոսներինն է, և‘ իրենը: Հենց դրա շնորհիվ է, որ վեպի յուրաքանչյուր տողի ու պատկերի մեջ զգում ես հեղինակի սրտի զարկերը, ցավի ճիչը, հպարտության ծփանքը: Արյան վրեժի զգացումը բխում է այն ատելությունից, որ հայի խաղաղասեր ոգուն է անցել հարևան դաժան ու արնախում վերաբերմունքից: «Արյան վրեժ» վեպում Ժաննան նկարագրում է 20-րդ դարի 60-ական թվականներին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները` մի կողմից ազերի թուրքերի ավազակաբարո արարքների, մյուս կողմից` արցախցիների ազգային արժանապատվության զգացումների բորբոքման ներառմամբ: Խոսքը Ադրբեջանի վարած քաղաքականության մասին է, որը ծավալվել էր` Հայոց Արցախը հայաթափ անելուն: Դեռևս 1927 թվականին Մարիետա Շահինյանը ևս լինելով Արցախում, նկատեց և գրեց, որ Ղարաբաղում Ադրբեջանը սոցիալ-տնտեսական ոչ մի բարենպաստ գործ չի 1ձեռնարկում, ընդհակառակը, վարում է մարզը հայաթափ անելու հանցավոր քաղաքականություն: Ըմբոստության ալիքը Ադրբեջանի լծի դեմ շարունակվեց` նոր թափ առնելով 1960-ական թվականներին: Առաջ քաշվեց Ղարաբաղը մայր Հայաստանին վերամիավորելու խնդիրը: Պարզ է, որ Ադրբեջանի խորամանկ իշխանավորները մարզի հայ ղեկավարներին դարձրել էին հլուհնազանդ սատրապներ, որոնք պաշտոնը կորցնելու ահից հալածանք էին ծավալում հայրենասեր մտավորականների հանդեպ: Պատմական կոնկրետ իրադարձությունների հիման վրա Ժաննան ստեղծեց «Արյան վրեժ» վեպը` գլխավոր սյուժեն օծելով հայրենասիության անկեղծ զգացումով: Այստեղ գրողն օգտագործել է կոմպոզիցիոն տարբեր ձևեր ու միջոցներ: Դրա լավագույն վկայություններից են բնութագրական զրույցները` համեմված ազգագրական երանգներով: Ժաննան սրտի ցավով ու վշտով է ներկայացնում մարտունեցի իննամյա հայ աշակերտի սպանությունը դաժանության անմարդկային միջոցներով: Ադրբեջանի ղեկավարությունը փոխանակ պատժելու ազերի մանկասպաններին, ընդհակառակը, մի քանի տասնյակ անմեղ արցախցի հայերի նետեց բանտերը, այդ թվում նաև սպանված երեխայի հորը: Ժաննան միաժամանակ ներկայացնում է արցախցիների օրինական վրեժխնդրությունը: Ճիշտ է նկատել բանասեր Լուսինե Թոփուզյանը: «Ինչ խոսք,- գրում է նա,- այդ պատկերները ցնցող են, անգամ ծանր մղձավանջով լի, սակայն այդ ամենի իմացությունը պետք է մեզ, որպեսզի առավել իմաստավորվի սերը մեր հայրենիքի հանդեպ: Մենք պարտավոր ենք հասկանալ, թե ինչ գնով է պահպանվել հայրենի հողը, մեր երկրի սահմանները, ինչպես ենք նվաճել Արցախի անկախությունը»: Խրախուսելի ու շնորհակալ գործ է կատարել Ժաննա Հակոբյանը` գեղարվեստական գրականություն բերելով գրողներ Բագրատ Ուլուբաբյանին, Բոգդան Ջանյանին, Մաքսիմ Հովհաննիսյանին, Սարգիս Աբրահամյանին, Ստեփանակերտ քաղաքի ծառայող մտավորականներին` միլիցիայի մարզային բաժանմունքի հետախուզության պետ Սավադ Աբրահամյանին, Ստեփանակերտի քաղխորհրդի գործկոմի նախագահ Սերգեյ Շաքարյանին, կուսակցության մարզկոմի գյուղատնեսության բաժնի վարիչ Սերգեյ Ասլանյանին, «Խորհրդային Ղարաբաղ»թերթի խմբագիր Լազր Գասպարյանին, մարզային ռադիոյի ավագ խմբագիր Գրիգոր Ստեփանյանին: Ժ.Հակոբյանի պատմավեպերն աչքի են ընկնում հյութեղ լեզվաոճական առանձնահատկություններով: Ժաննայի մտածողությունը պատկերավոր է: Նա արձակի մեջ ևս բանաստեղծ է, ինչով էլ պայմանավորված է նրա երկերի զգացմունքայնությունը` բխած բովանդակության ազգապահպան գաղափարից:

Սոկրատ Խանյան – Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱրՊՀ

Փակել