Արծիվների անթև թռիչքը

Արծիվների անթև թռիչքը
«Առավոտ», 29.10.2021թ.

Բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանը դրամատիկ, սկզբունքային խառնվածքի գրող է, որը շատ արագ է անդրադառնում հայ հասարակությանն առնչվող խնդիրներին, օրեցօր վտանգվող ազգային արժեքներին և մասնավորապես երկրի անվտանգության, այդ թվում բանակին ու Արցախին առնչվող հարցերին: Լինելով 32 գրքերի հեղինակ, նա ընթերցողի սեղանին է դրել պատմական և արդիական թեմաներով վեպեր ու վիպակներ, հրապարակախոսական ու գիտական բազմաթիվ հոդվաներ: Հերթական՝ 32-րդ գիրքը, որ խորագրված է «Արծիվները դավադիր թակարդում»/Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչության տպարան, 2021թ./ գեղարավեստական-վավերագրական վիպակ է՝ մեզ պատուհասած 44-օրյա պատերազմի պատումներով: Գրքում մեկ վաշտի ռազմական գործողությունների միջոցով ու հրապարակախոսական շաղախով պատկերված են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի սպանդի մեջ հայտնված մեր զինվորների սխրանքները, ռազմական պատրաստվածությունը, անկոտրում ոգին, պատերազմի դժոխքից ազատվելու և ապրելու նրանց տենչը:

Կարդալ...

Վիպակի գլխավոր հերոս, հակատանկային վաշտի հրամանատար Թաթուլ Սահակյանը թեև կանխազգում էր վերահաս վտանգի ահագնությունն ու ծավալային մասշտաբները և խիստ մտահոգված էր հարազատ եզերքի ճակատագրով, սակայն չէր բարձրաձայնում այդ մասին՝ խուճապ ու տագնապ չառաջացնելու թե′ մեր մարտիկների, թե′ հանրության շրջանում: Թաթուլը գրողի «Ապրիլյան հերոսամարտ» գրքում պատկերված նույն կերպարն է, որն Ապրիլյան քառօրյայից հետո կրթություն էր ստացել Վազգեն Սարգսյանի անվամբ ռազմական ակադեմիայում՝ իր առաքելությունը հետագայում տեսնելով միայն պաշտպանության բանակում: Ժաննա Հակոբյանն իրականում իր նախընտրած գլխավոր հերոսի՝ Թաթուլ Սահակյանի վաշտի պաշտպանական գործողությունների միջոցով և մարտական բազում դրվագների պատումային շարադրանքով ամբողջացնում է զոհերով, ավերածություններով, վիրավորներով, գերեվարածներով թուրք-ազերիների դավադիր պատերազմի սահմռկեցուցիչ պատկերները: Հիմնական մոտիվն ու շեշտը, այնուհանդերձ, քաջազուն հայ զինվորների անօրինակ սխրանքներն են՝ հաղթանակի հանդեպ աննահանջ հավատը, մարտունակ ոգին, հայրենասիրությունը, արժանապատվությունը, դարեդար երազած անկախ պետականության կերտումն ու հզորացումը: Չենք կարող չհիշատակել այնպիսի հերոս տղաների անունները, ինչպիսիք են կրտսեր սերժանտ Դավիթը՝ Շուշիից, ավագ սերժանտ, հրետանավոր Սամվելը՝ Աբովյանից, դասակի հրամանատար, ավագ սերժանտ Մնացականը՝ Հադրութից, հետախույզներ Լեռնիկը՝ Ստեփանակերտից և Սևակը՝ Կապանից…Նրանք շատ ու շատ են, մեկը մեկից հայրենասեր, իրար նկատմամբ հոգատար, միշտ պատրաստ մարտական ընկերոջն փրկելու ու նահատակվելու: Գրքում սաստիկ հուզիչ դրվագներից է հրետանային դասակի հրամանատար Ցոլակի հետ կապված միջադեպը: Կատաղի մարտերից մեկի ընթացքում նա ծանր վիրավորվում է և չի համաձայնվում, որ ընկերները նրան օգնեն, վախենալով, որ թշնամին կգրավի իրենց դիրքերը: Մարտական ընկերները կանչել էին բժշկին, բայց նրա կյանքը փրկել չհաջողվեց: Վաստակաշատ արձակագիրը խոր ցավով արձանագրում է. «Ցոլակի բռունցքը սեղմված էր մնացել: Մի բուռ հող էր ամուր սեղմած պահել հայրենանվեր ռազմիկը: Այն սիրո անձնավորում է սիրելիների, նրանց նախնիների, Հայրենիքի հանդեպ: Եվ դա յուրաքանչյուր մարդու համար ամենաթանկ խորհրդանիշն է»: Ոչ պակաս հուզիչ է կամավորական ջոկատից մի ոտքը պրոթեզավորած Արամի կերպարը: Ապրիլյան քառօրյայի ընթացքում կորցնելով ոտքը, նա որոշել էր պատերազմին մասնակցել ընկերոջ վրեժը լուծելու նպատակով: Կատաղի մարտերից հետո այնպես է պատահում, որ մարտական մի խումբ ընկերներով հայտնվում են շրջափակման մեջ, և Արամին հաջողվում է թշնամու մի քանի տանկ ոչնչացնելով, ազատել բոլորին ցեղասպան թուրքի երախից:

Որպես հայրենասեր զորավարի օրինակելի կերպար, վիպակում հրաշալի է ներկայացված գնդի հրամանատար գեներալ Նահապետյանը, մի մարդ, որն իր ողջ կյանքն անմնացորդ նվիրել է բանակին, մասնակցել Արցախյան բոլոր պատերազմներին:

Հատկանշական է, որ գրողը պատերազմական աjս կամ այն դրվագը ներկայացնելիս, հեղինակային խոսքը համեմում է բնության պատկերներով, կարծես հայրենի հողի զորությունը փոխանցում է մարտնչող հերոսների հոգիներին ու սրտերին:

Գրքում առկա են նաև սիրո, երազանքի, կարոտի, պատերազմի շուտափույթ ավարտի, հաղթանակի մոտիվնեը, որոնք մարդկային կյանքի բնորոշ բաղադրիչներ են: Այդ առումով հետաքրքիր են ծննդով շուշեցի զինվորական հոսպիտալի բուժքրոջ՝ Անահիտի և հադրութեցի վիրավոր զինվորի՝ Մարատի սիրով ու հաղթանակի հավատով լեցուն զրույցները: Երկուսն էլ կորցնելով իրենց հայրենի օջախները, մտադիր են ամուսնանալ, շատ զավակներ ունենալ և ապրել անպայման Արցախում:

Վիպակի «Արծիվները դավադիր թակարդում» վերնագրի երեք բառերը նախ և առաջ հղում են գրողի ելակետերը, այն պարագան, որ իր պատերազմական պատումները ներկայացնում է ոչ թե մեկուսի, իրարից անջատ, այլ այդ շարադրանքի մեջ է առնում պատերազմական 44-օրյա քաոսը՝ կեղծ հայտարարություններով, անհրամանատար զորամասերի, դավաճանությունների, հակասական իրողությունների, չօգտագործված զենքերի անպիտանիության, դասալքության, խուճապի, հանրությանը այլազան հնարքներով խաբելու մանիպուլյացիաներով: Բոլոր փաստերից պարզվում է, որ Արցախը ներկա իշխանություններին պետք չէր: Եվ պատահական չէր, որ դատարկել էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, կազմակերպել բնակիչների տարհանումը: Իրականում պատրաստվում էին հանձնել քաղաքը թշնամուն: Արձակագիրը լինելով բնիկ ստեփանակերտցի, իր գրքում սաստիկ ցավով ու ողբերգական գույներով է ներկայացրել երբեմնի գեղեցիկ ծննդավայրի տեսքը: Մեջբերենք Հակոբյանի սիրտ կեղեքող խոսքերը. «Թշնամու ռմբակոծություններից ու հրետակոծություններից այնպես էր ավիրվել քաղաքը ու ամայացել, ասես այնտեղ երբևիցե մարդկային աշխույժ եռուզեռ չի եղել: Այժմ, ցավոք, ասես մահվան ուրվական էր շրջում քաղաքի դատարկ փողոցներով, ուր ռազմական ոստիկանության հատուկենտ ավտոներ էին երևում: Միայն թափառող շների թիվն էր շատացել… Ահա ինչու փոցողներում հատուկենտ մարդկանց հանդիպելով՝ կենդանիները շշմած մոտենում և հոտոտում էին նրանց»:

Միևնույն ժամանակ էական էր սակայն, որ պարտության եզրին հայտնված բանակը, հայոց արծիվները թեև տեղի են տալիս ադրբեջանա-թուրքական հզոր զենքի ուժին, բայց նրանց հավատը, մարտնչելու ներուժը անսպառ են համատարած քաոսի ֆոնին: Եվ ցավալի էր, որ Արցախը դարեդար լինելով մայր Հայաստանի արևելյան դարպասը, մնացել էր անպաշտպան, և հազարավոր հայ զինվորների կոտորածը կատարվում էր Ադրբեջանի և Թուրքիայի աջակիցների, Եվրոպայի ու Արևմուտքի լուռ համաձայնության ներքո: Այդպես եղավ 1915թ. Եղեռնի ժամանակ: Իսկ ո՞վ պետք է պատասխան տա հազարավոր զոհերի, վիրավորների, Արցախի 75 տոկոս տարածքների հանձնման, գերեվարածների համար:

Ժաննա Հակոբյանի «Արծիվները դավադիր թակարդում» գիրքը գալիս է հաստատելու, որ ամեն անգամ, երբ թուրք-ադրբեջանական պետությունը փորձում էր սիրաշահել, խոստանալ հայկական բարենորոգումներ ու սահմանադրական իրավունքներ, դրան կրկնկակոխ հետևում են ջարդերն ու կոտորածները, ավերն ու թալանը: Այսինքն՝ այդպես էլ մենք ականջալուր չեղանք մեր պատմության հերոսական ու ողբերգական դասերին, քանզի դարեդար օտար պետությունները կամ ցավակցում են մեզ, կամ էլ գլուխներս շոյելով՝ հարվածում մեզ: Այսպիսով, այս վիպակն իր իրական գույներով, հարուստ բովանդակությամբ բացահայտում է 44-օրյա պատերազմի առեղծվածային բնույթը՝ հարուցելով բուն իրականության հետ առերեսվելու հանրային պահանջն ու ետ տանելու գաղտնածածուկ պայմանավորվածությունների կծիկը: Ժաննա Հակոբյան վիպասանն իր գրքով գրողի հմուտ շարադրանքով ամբողջական պատկերացում է տալիս այս վերջին անողոք պատերազմի մասին և այդ իմաստով գեղարվեստա-վավերագրական վիպակը աղբյուրագիտական արժեք ունի:

Հենրի Առուշանյան

Փակել