Աշխարհը դարձնենք ավելի լավը

«Աշխարհը դարձնենք ավելի լավը»
20 ապրիլի, 2013թ.

Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանն ընթերցողների իր կայուն շրջանակն ունի: Նա 21 գրքի հեղինակ է: Գրում է բանաստեղծություններ, վեպեր: Ով ծանոթ է նրա ստեղծագործություններին, անկասկած, կուզենար իմանալ ավելին՝ հասկանալու համար, թե որքանով է կին գրողը նման եւ տարբեր իր հերոսուհիներից, եւ ինչ խոհեր են հուզում նրան: Ձեզ ենք ներկայացնում Ժ.Հակոբյանի հետ մեր հարցազրույցը:
-Վերջերս լույս տեսավ Ձեր հերթական գիրքը՝ «Երջանկության դեղատոմսը» խորագրով: Գուցե մի քանի խոսքով ներկայացնեք այն:

-Վեպում արտացոլված են մեր կյանքում տեղ գտած խնդիրներն ու բացասական երեւույթները: Դրանցից են ժողովրդի մի հատվածի սոցիալական ծանր դրությունը, արտագաղթը, փախստականների վիճակը, խաղատների բացասական ազդեցությունը և այլն:
-Այդ դեպքում ո ՞րն է Ձեր առաջ քաշած երջանկության դեղատոմսը: 

Կարդալ...


-Միայն մեկս մյուսի նկատմամբ գթասրտություն ցուցաբերելով է մարդն իրենից փոքրիշատե գոհ մնում: Եվ ամենակարևորը, սիրո ու բարության շնորհիվ է մեզանից յուրաքանչյուրը երջանիկ պահերով լցնում իր կյանքը, այլապես կխեղդվենք կյանքի այս լաբիրինթոսում:
-Իսկ արցախյան խնդիրն այս գրքում չի՞ շոշափվել: Չէ՞ որ Դուք վերջին տարիներին ավելի հաճախ եք անդրադառնում այդ թեմային: 
-Միանգամայն դիպուկ հարց եք ինձ ուղղում: Իհարկե, այդ թեմային եւս անդրադարձել եմ: Վեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Երվանդ Նալբանդյանը, նախկին ազատամարտիկ է, որը ցավով է տեսնում պատերազմից հետո բազում արժեքների ոտնահարված լինելը: Նրան ամենից շատ հուզում է այն փաստը, որ մարդիկ դարձել են ավելի անտարբեր, նյութապաշտ, հաշվենկատ, իսկ հանապազօրյա հաց վաստակելու նպատակով նրանց մի մասն արտագաղթում է: 
-Կարելի՞ է մտածել, որ գրքերում նաև անդրադարձել եք Ձեր կյանքին ու ճակատագրին: 

-Անշուշտ, իմ տարբեր գործերում էլ կան երջանիկ ու դժբախտ հատվածներ իմ ապրած կյանքից: Ի վերջո, գրողն ավելի անկեղծ է նկարագրում ապրածը, տեսածը, զգացածը: Թեև ինձ հետ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ իմ հերոսուհիներն ուժեղ են ինձնից, բայց հիմա տարիների հեռվից հասկանում եմ, որ, ընդհակառակը, ես ուժեղ եմ բոլորից:
-Ըստ ձեզ, ի՞նչն է այժմ ամենակարևորը գրականության համար: Դուք հավատու՞մ եք, որ մարդիկ կսովորեն կարդալ ժամանակակից գրականություն:
-Դա պայքարն է ավելի շատ ընթերցողներ գտնելու համար: Ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում մարդիկ հիմնականում միմյանց հետ շփվում են վիրտուալ իրականության միջոցով: Ստացվում է, որ գրողը ոչ միայն պիտի ստեղծագործի, այլև սովորեցնի ուրիշներին կարդալ: Բոլոր ժամանակներում էլ բնակչության յոթ տոկոսն է գիրք կարդացել, իսկ հիմա այն կազմում է երեք տոկոս:
-Ինչքանո՞վ են գրական մրցանակները կարևոր գրողի համար:
-Իհարկե, համբավ ձեռք բերելու համար այն անհրաժեշտ է: Այդ ամենին գումարվում է ընթերցողների հետաքրքրությունը, քանի որ լրատվամիջոցներն այդպիսով աղմուկ են հանում՝ գովազդելով հեղինակին, նրա գրքերը: Սակայն նաև փաստ է, որ մենք գնահատում, ճանաչում եւ ուսումնասիրում ենք այն գրողներին, ովքեր երբեք մրցանակ չեն ստացել: Օրինակ՝ Հովհ.Թումանյանը, Ե.Չարենցը, Րաֆֆին, Դ.Դեմիրճյանը և ուրիշներ: Ռուս գրականության հսկաներից կարող ենք հիշել Լ.Տոլստոյին, Ֆ.Դոստոևսկուն, Ա.Չեխովին և ուրիշներին: Այսպիսով, մենք կարդում ու սիրում ենք գրողներին նրանց ստեղծած արժեքավոր գրքերի համար:
-Կյանքում ձեր դիրքորոշումը:
-Ես հաշվենկատությամբ չեմ ապրում: Չեմ գուշակում, թե ինչ է ինձ սպասվում առջևում: Լողում եմ այնտեղ, ուր ցույց է տալիս իմ մեջ զետեղված այն կողմնացույցը, որի սլաքը վաղ մանկությունից եղել է բարության կողմնորոշիչը: Միայն հոգատարությամբ, ոչ անաչառ վերաբերմունքով մենք կարող ենք այս աշխարհը դարձնել ավելի լավը, արդար ու բարի:

Սիրվարդ Մարգարյան

Փակել