Ասուպի նման

Ասուպի նման
Հայաստանի հանրապետություն, 8 մայիսի, 2002թ.

Կան աստղեր, որոնք իրենց զարմանահրաշ փայլով մի պահ առկայծում են երկնքում ու անհետանում երկնակամարից: Գրական աշխարհում այդպիսի պայծառ դեմք էր տաղանդավոր բանաստեղծ Թաթուլ Հուրյանը: Ընդամենը տասը տարի տևեց նրա ստեղծագործական կյանքը: Եթե կենդանի մնար, այսօր հավանաբար, հսկայական ժառանգություն պիտի թողած լիներ: Բայց, ավա՜ղ, նա դեռ երեսունը չբոլորած՝ զոհվեց Հայրենական մեծ պատերազմի մարտադաշտում: Սակայն սերունդներին թողած նրա երգերը մնացին իբրև մնայուն արժեքներ:
Թաթուլ Սամսոնի Հուրյանը/Խաչատրյան/ ծնվել է /1912-1942/ Արևմտյան Հայաստանի Սուրմալու գավառի Թերջրլու գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում: Երբ սկսվեց ջարդերի դժոխային շրջանը, Հուրյանենց ընտանիքը բռնեց գաղթի ճանապարհը և անցավ Անդրկովկաս: Սկզբում նրանք բնակություն հաստատեցին Երևանից ոչ հեռու գտնվող Փարաքար գյուղում, այնուհետև տեղափոխվեցին Հոկտեմբերյանի շրջանի Արազափ գյուղը: Թաթուլը նախ հաճախել է գյուղի դպրոցը, ապա տեղափոխվել Բաքու, սովորել Հովհ.Թումանյանի անվան դպրոցում: Հենց այստեղ էլ կազմավորվել է նրա անհատականությունը: Գրել սկսել է վաղ դպրոցական հասակից: Նրա բանաստեղծությունները տպագրվում էին Թիֆլիսի հայկական «Կարմիր ծիլեր» մանկապատանեկան հանդեսում՝ «Թաթուլ Զոլո» գրական կեղծանունով:

Կարդալ...


Անցյալ դարի 20-ական թվականների երկրորդ կեսից աշխուժանում է գրական կյանքը: 1926թ. հայ գրողները հետևելով «Վերնատան» թողած ավանդույթներին, ստեղծում են «Հայարտուն»-ը, որի ակտիվ անդամներից էր Թաթուլ Հուրյանը: 1927թ. նրա համար վճռորոշ նշանակություն ունեցավ ծանոթությունը Չարենցի հետ: Չարենցը հավանեց Թաթուլի բանաստեղծությունները և խորհուրդ տվեց Խաչատրյան ազգանունը փոխարինել պոետիկ, գրական անունով՝ Հուրյան: Չարենցի խմբագրությամբ էլ 1932թ. Երևանում լույս է տեսնում Թ.Հուրյանի երգերի անդրանիկ ժողովաածուն՝ «Հողի արյունը» խորագրով: Չարենցը մեծ հույսեր էր կապում նրա հետ:
Այդ տարիներին Բաքվի հայ գրողների ստեղծագործություններում իշխում էին ընդհանւր հիացմունքն ու ճարտասանությունը, սխեմատիզմն ու տեխնիցիզմը: Նրանց երկերը հեռու էին կենդանի կյանքից: Բարեբախտաբար, Հուրյանը կանգնած էր ճիշտ ճանապարհի վրա: Դա երևում է նրա առաջին ժողովածուների մեջ:
1931թ. մեկնում է Մոսկվա՝ սովորելու խմբագրական-հրատարակչական ինստիտուտում: Այնտեղից վերադառնալով Բաքու՝ բանաստեղծն ամբողջապես նվիրվում է գրականությանը: 1932թ. հիմնադրվել է «Խորհրդային գրող» ամսագիրը: 1932-1936թթ. ղեկավարել է Գրողների միության հայկական բաժանմունքը: Հուրյանը մենակ չէր: Աճում էր գրական երիտասարդությունը,, որի աչքի ընկնող դեմքերից էին Հ.Սահյանը, Ա.Սենալը, Գ.Բեսը, Ս.Այվազյանը, Բ.Ջանյանը և ուրիշներ:
1936թ. Հուրյանը մեկուկես տարով մեկնել է Լեռնային Ղարաբաղի մարզկենտրոն՝ Ստեփանակերտ: Ղեկավարել է մարզի գրողների բաժանմունքը և աշխուժացրել գրական մթնոլորտը: Որպես հայրենանվեր բանաստեղծի՝ նրան հուզում էր Արցախի ճակատագիրը: Եվ այդ օրերին նա դառնությամբ գրել է. «Իմ օրերը Արցախում շատ ծանր են: Ես նման եմ ձագը կորցրած այն արագիլին, որը թախծում է՝ կանգնելով մերթ մեկ, մերթ մյուս ոտքի վրա: Այստեղ ամեն քար ու թուփ, լեռները և հատկապես աստղերը, հիշեցնում են ինձ իմ կորցրած հայրենիքը…»: Այս նամակը ինչ-որ ձևով ընկնում է չար մարդկանց ձեռքը, և բանաստեղծի շուրջ ստեղծվում է կասկածանքի ու անվստահության մթնոլորտ: Հուրյանը կարճ ժամանակահատված հոգեկան ծանր ճգնաժամի մեջ էր: 30-ական թվականների որոշ երևույթներ, մասնավորապես գռեհիկ սոցիոլոգիական հարձակումները մեծապես խանգարում էին գրականության անկաշկանդ զարգացմանը՝ հարուցելով լուրջ արգելքներ: Այդօրինակ «քննադատություններից» զգալի բաժին հասավ նաև Թաթուլ Հուրյանին: Գրողների միության պլենումներում և ժողովներում Հուրյանին ամենից շատ մեղադրել էին Չարենցի հետ ունեցած կապի մեջ:
1937 թվականից մինչև պատերազմ մեկնելը Հուրյանը «Խորհրդային գրող» ամսագրում աշխատում էր որպես պատասխանատու քարտուղար: Գրական շրջանակներում նա սիրված ու ճանաչված բանաստեղծ էր: Թաթուլ Հուրյանի անձնական արխիվում պահպանված նամակներից պարզվում է, որ Հովհ. Շիրազը և Ս.Կապուտիկյանը հաճախ էին բանաստեղծություններ ու պոեմներ ուղարկել նրան՝ամսագրում տպագրվելու համար:
Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Թաթուլ Հուրյանը կամավոր մեկնեց ռազմի դաշտ: «Իսկական բանաստեղծը պետք է կյանքը զոհի հայրենիքի համար»,- գրել է նա կնոջը՝ Մանյային: Այդ միտքը կրկնել է նաև իր նշանավոր տողերում. «Գեղեցիկ մահը թանկ է ապրելուց»: Կռվում էր Սևաստոպոլի պաշտպանության համար և թեժ մարտերում չէր մոռանում երգը: Մահվան շնչի տակ էլ ծնվել են նրա սևաստոպոլյան շարքի բանաստեղծությունները, որոնք պատերազմի շրջանի խորհրդային գրականության լավագույն էջերից են:
Հայրենանվեր բանաստեղծն ու անվեհեր մարտիկը հերոսաբար ընկավ պատերազմի առաջին տարելիցի օրը:
Նրա վաստակը գնահատվել է ըստ արժանվույն: Հուրյանը հետմահու պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: Արժանացել է Չարենցի և ՍՍՀՄ գրողների միության Օստրովսկու անվան գրական մրցանակների: Արազափ գյուղում կանգնեցված է նրա հուշարձանը, գյուղի դպրոցին տրվել է Թաթուլ Հուրյանի անունը: Եվ այսօր տասնամյակների հեռվից կարծես լսվում է վաղամեռիկ բանաստեղծի կենդանի ու ոգեշունչ ձայնը:
Լավ է երգը շրթին, ոտքի վրա մեռնել,
Քան ապրել շղթայված որպես ճորտ ու գերի:

Ժաննա Հակոբյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

Փակել