Ազատամարտիկ գործարարը

Ազատամարտիկ գործարարը
«Պետություն և գործարարություն», նոյեմբեր, 2005թ.

Արցախյան հերոսամարտն արարեց հերոսների մի համաստեղծություն, որոնք քաջությամբ, նաև շատերի արյամբ կերտվեց մեր ժողովրդի անկախության և պապենական հողերի ազատագրման նոր, շրջադարձային պատմական ժամանակաշրջանը: Արցախյան հերոսների մեջ առանձնանաում են այն անհատականությունները, որոնք պատերազմից հետո ակտիվորեն լծվեցին անկախ պետության կայացմանը, ավերված բնակավայրերի ու տնտեսության վերականգնման, երկրի բարգավաճման առաքելությանը՝ օգտագործելով մասնագիտական կարողություններն ու ի հայտ եկած գործարար հատկանիշները: Նման գործունյա հատկանիշներ դրսևորած վառ անհատականություններից է ստեփանակերտցի ԲՈՐԻՍ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, որի հետ կայացած ճապազրույցն էլ ստորև ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
-Պարոն Բարսեղյան, մասնագիտությամբ շինարար ինժեներ եք և շարժման ու պատերազմի տարիներին կարող էիք ուրիշների նման հարմար աշխատանք գտնել Հայաստանում կամ Ռուսաստանում…

Կարդալ...


-Ինձ համար ամենահարմար բնակավայրը իմ հայրենիքն է: Այստեղ ծնվել եմ և պետք է ապրեմ, այստեղ էլ պետք է կնքեմ իմ մահկանացուն: Եթե անհրաժշտ է, մարդը պետք է պատրաստ լինի հանուն հայրենիքի ցանկացած պահի հրաժեշտ տալ իր կյանքին: Ասեմ, որ նախապես զբաղվել եմ Ադրբեջանի տարբեր վայրերից բռնագաղթված հայ փախստականների տեղավորման խնդիրներով: Մեզ հաջողվեց մոտ երեք շաբաթվա ընթացքում փախստականներին տրամադրել հարյուրավոր տնակներ: Այնուհետև, կամավոր մեկնել եմ ռազմաճակատ, ծառայել եմ հրետանային գնդում:
-Հակիրճությունը չափազանց համեստության արդյունք է: Ինչո°վ եք զբաղվել պատերազմից հետո:
-Պատերազմի ավարտից հետո շարունակել եմ ծառայել բանակում: 1995 թվականին ինձ զորացրեցին բանակից և նշանակեցին շինվարչության պետ: Մեր շինվարչությունը Արցախի տարբեր շրջաններում իրականացրել է վերականգնողական աշխատանքներ: Կառուցել ենք նոր դպրոցներ Դաշուշենում, Աջափնյակում, բնակելի շենքեր՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար: 2000թ. որոշեցի զբաղվել գործարարությամբ: Ստեփանակերտում հիմնադրեցի բնակչության համար կարևոր նշանակություն ունեցող կենցաղսպասարկման օբյեկտներ: Ներկայումս Արցախի արդյունաբերողների և գործարարների միության անդամ եմ:
-Մեր դժվարին ժամանակներում առկա են անապահով ընտանիքների տարբեր խավեր: Աջակցության կարիք են զգում նաև կրթական հաստատությունները, երիտասարդական կազմակերպությունները, մի խոսքով, շատերը, որոնք պետության առկայության պայմաններում գտնվում էին պետության հովանու ներքո: Առայժմ պետական կառույցների հնարավորությունները շատ սուղ և հազիվ բավականացնում են գլխավոր գործառույթների իրականացմանը: Այս պայմաններում առավել կարևորվում է գործարարների բարեգործական գործունեությունը: Ինչպե°ս եք հոգ տանում նրանց մասին:
-Անձամբ հովանավորում եմ Ստեփանակերտի իմ հարազատ թիվ 3 միջնակարգ դպրոցին: Մենք համագործակցում ենք «Հայկի սերունդ» երիտասարդական կազմակերպության հետ, որը աջակցում է ազգային նպատակների համար ծրագրեր իրականացնողներին: Հովանավորել ենք Ստեփանակերտի ՈՒՀԱ-ի չորս մասնակիցների, որոնք Երևանի ևս չորս անդամների հետ մեկնեցին Սանկտ-Պետերբուրգ և այնտեղ կայացած ՈՒՀԱ-ի մրցույթում մրցանակային տեղ գրավեցին: Որոշակի աջակցություն ենք ցուցաբերում մարզական միջոցառումներին և առաջատար մարզիկներին դրամական պարգևներով պարգևատրմանը: Համագործակցում ենք նաև ԼՂՀ Բիլիարդի ֆեդերացիայի հետ: Իհարկե, մեր բարեգործական գործունեության կենտրոնում զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների բազմանդամ ընտանիքների համար կազմակերպել ենք նյութական աջակցության ցուցաբերման հատուկ միջացառում: Ակտիվ համագործակցություն ենք հաստատել Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, Զոհված ազատամարտիկների և Արցախի վետերանների միությունների հետ: Անշուշտ, մասնակցել եմ նաև Հյուսիս- հարավ ավտոմայրուղու կառուցման նպատակով կազմակերպած դրամահավաքի մարաթոնին: Փորձում եմ իմ համեստ ավանդը ներդնել Արցախի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման առաքելությանը: Գխավոր նպատակս է, որ մեր ժողովուրդը հնարավորինս կարճ ժամանակահատվածում ձեռք բերի բարգավաճ հայրենիք և նորմալ սոցիալ-կենցաղային պայմաններում ապրելու հնարավորություն:

Ժաննա Հակոբյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

Փակել