Ազգի տոհմական մարտիկները

Ազգի տոհմական մարտիկները
«Պետություն և գործարարություն», մարտ, 2006թ.

Արտուշ Սմբատի Մադաթյանը սերում է գեներալ Մադաթովի տոհմից/անվանի գեներալի եղբոր շառավիղն է/. ծննդավայրը՝ գյուղ Ավետարանոց: ՆԳ մարմիններում աշխատել է 1970-ից: Ավարտել է միլիցիայի հեռակա դպրոցը: Մինչև 1980 թվականը եղել է ՆԳ Շոշի ենթաշրջանի թաղային լիազորը, այնուհետև՝ մարզային վարչության ավագ քննիչը: Ավարտել է Երևանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Փոխգնդապետ է: Այժմ ԼՂՀ առաջին ատյանի դատարանի դատավոր է:
-Լինելով հայտնի տոհմի շառավիղը, Ձեզ համար արդյո°ք հեշտ կամ դժվար է ապրելը:
-Անկասկած, ես հպարտանում եմ իմ նախնիներով: Ըստ իս, անկախ այն բանից, թե ինչքանով են հայտնի քո նախնիները, յուրաքանչյուր մարդ գիտակցական տարիքում պետք է անպայման խորանա իր արմատների մեջ: Եթե նախնիների գործած սխալը չգիտես, դժվար կլինի ապրելը, քանզի բոլորիս օգնում են պատմության, մեր նախնիների թողած դասերը: Նրանց մասին առավել հարուստ տեղեկություններ ունենալն օգնում է մեզ ավելի ճիշտ ապրելու: Սակայն նշանավոր նախնիներ ունենալը պարտավորեցնող է, որովհետև պետք է արժանապատվորեն ապրես, արարես՝ միշտ լինելով հայրենիքիդ հավատարիմ զինվորը:
-Ինչպիսի°ն է Ձեր կապը գերդաստանի մյուս շառավիղների հետ:

Կարդալ...


-Անկեղծ ասած, շատ եմ ուրախանում, երբ աշխարհի որևէ անկյունում հնչում է Մադաթյան ազգանունը: Իմ բարեկամներից մեկը՝ գեներալ-մայոր Սերգեյ Մադաթյանը Մոսկվայում Համահայկական կազակական շարժման միության ատաման է: Միությունը ստեղծվել է 2004թ. հունիսի 22-ին: Այն իրականացնում է իր գործունեությունը ՌԴ, Ղրղստանի և այլ պետությունների տարածքներում, որտեղ կան միության կառուցվածքային ստորաբաժանումները կամ անդամները: Միությունը պատրաստվում է իր մասնաճյուղն ունենալ նաև Արցախում: Հիմնական նպատակն է հայ կազակների մշակութային, հոգևոր և բարոյական դաստիարակության, սովորույթների պահպանմանն ու զարգացմանը աջակցություն ցույց տալը, հայ երիտասարդության ներգրավումը մեծ զորավարների հերոսական սխրագործությունների ուսումնասիրման համար, ամեն տեսակի/կրոնական, ռասայական/ բռնությունների դեմ պայքարը, սատարումը զինված ուժերին,կազակ-վետերաններին, կազակ-հաշմանդամներին, պատերազմի և աշխատանքի կազակ վետերաններին, կազակ թոշակառուներին: Միությունը պիտի աջակցի նաև հայ կազակների կյանքի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանն ու զարգացմանը: Կազակությանը աջակցություն ցույց տալու հայկական հասարակական միավորումների միջազգային միությունը կրում է հայտնի զորավար, գեներալ-լեյտենանտ Վ.Գ.Մադաթովի անունը:
-Պատմեք անկախացումից հետո Ձեր աշխատանքային գործունեության մասին:
-ԼՂՀ ՆԳ նախարարությունում թիկունքի պետ էի մինչև 1993 թվականը: Այնուհետև տեղափոխվել եմ Շուշի, ուր աշխատում էի որպես միլպետ: 1995 թվականի նոյեմբերից անցել եմ թոշակի և տեղափոխվել զինվորական դատախազություն: 1999 թվականից Շուշիի շրջանի դատավոր էի:
-Ի°նչ եք մտածում արցախյան ազատագրված տարածքները ետ վերադարձնելու մասին:
-Իմ կարծիքով տարածքների հանձնումն իր մեջ վտանգավոր տարր է պարունակում: Պատմությունից էլ հայտնի է, որ մեզ՝ հայերիս, միշտ խաբել ու շրջանցել են: Արյամբ նվաճած տարածքները պետք է ամեն գնով պահպանել: Ծայրահեղ դեպքում մի մասը եթե ետ վերադարձվի, ապա՝ անպայման ԼՂՀ-ն որպես առանձին պետություն ճանաչելու պայմանով:
-Իսկ եթե Աստված մի արասցե, նորից պատերազմ վերսկսվի°:
-Արցախցիները նորից պատրաստ են կռվելու: Անկախ ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակից, մարդիկ նորից կպաշտպանեն հայրենիքը: Այսինքն՝ ով նախկինում կռվել է, էլի զենքը ձեռքին կհայտնվի մարտադաշտում, իսկ ով փախել էր, էլի կլքի իր բնօրրանը: Սակայն չպիտի մոռանալ, որ Արցախի խնդիրը ողջ ժողովրդի համընդհանուր ցավն է: Տեղին է հիշատակել արցախյան պատերազմի քաջ զորավարներից՝ Ավոյի/Մոնթե Մելքոնյան/ խոսքերը. «Եթե Ղարաբաղի հարցը տանուլ տանք, կփակենք հայոց պատմության վերջին էջը»: Ուրեմն՝ ազգովի չպիտի թույլ տանք, որ կործանեն մեզ:

Ժաննա Հակոբյան

Բանասիրական գիտությունների թեկնածու

Փակել