Բանաստեղծություններ
Ես թանձր գինով լցված գիշեր եմ,
Ճգնավորի պես ինձ ապավինիր
Եվ իմ լույսերով աստղերին խառնվիր
Որ բազմապատկվես հայացքներիս մեջ…
Առանց քեզ գինին թույն է ինձ համար,
Քեզ հետ այն կիրք է, ուժ է և Աստված,
Թող համրանամ մի քիչ քո ազնվաշուք լանջին,
Որ շունչ առնեմ կրկին քեզնով գինովցած:
Թե սիրով կնքված աստղեր շաղ տամ ես,
Մայրամուտը կշիկնի աչքերիդ բոցերով,
Եվ կհաղթեմ քեզնով` ու որպես հայտնություն
Բոլորին կպատմեմ այն հրաշքի մասին,
Երբ դու Վահագնի հրակեզ ցասումով
Գոտեմարտեցիր անձուկ ցավիս դեմ,
Որ ծիածանվեմ նորից հասկի նման…
Ես արդար գինով լցված գիշեր եմ,
Լիալուսնի ճերմակ մագաղաթին
Քո անունն եմ ընդմիշտ կրակով ներկել,
Բայց որպես հավերժի ճամփորդի`
Գոնե կասե°ս ինձ, գիշերն առանց քեզ
Ինչպե°ս կդառնա շենշող լուսաբաց:
Իմ անուրջներն այսօր
Ծիրանենու շքեղ հարսնազգեստ են հագել,
Ու ես կարոտներիս փթթուն թեւերով
Դեպի քեզ եմ թռչում` փակ աչքերով:
Ես ուզում եմ ժամանակի սլաքները կանգնեն,
Որ բյուր անգամ արբենամ ես այն ակնթարթով,
Որ կոչվում է սեր` ծարավատենչ, խելառ,
Որ կոչվում է կյանք` զվարթադեմ ու վառ,
Ես ուզում եմ աշխարհի քարտեզների վրա
Սլաքները ճախրեն երազներիդ միջով
Ու տիեզերքի խոր անհուններում
Առեղծվածները բանալի գտնեն
Քո արևաշող ծիծաղի երգով…
Ես ուզում եմ, որ այս մոլորակի ծովերում բոլոր
Ոսկե ձկնիկները քո տեսքն ունենան,
Որ բարությունը թաքուն էլ չանցնի այն մարդկանց մոտով,
Ովքեր շատ խեղճ են, լքված ու քաղցած:
Ես ուզում եմ միշտ, որ անուրջներս առանց պայմանի,
Ծիրանենու բուրմունքն ունենան,
Որ ամենուր ես ցանկալի լինեմ
Միմիայն քեզ համար:
Կյանքի տխուր այս նավահանգստում
Ի¯նչ լավ է, սեր իմ, որ դու կաս կողքիս,
Ծովահենների մոլագար երթին
Դիմակայում եմ լոկ այն պատճառով,
Որ դու չես թողնում փարոսն իմ հանգչի:
Տեսնո՞ւմ ես, սեր իմ, այս ծովախորշում
Սնկի պես նավերն ինչքան են աճում,
Թեկուզ սողալու արհեստը ունեն,
Բայց նավապետ են կոչվում շատերը:
Հիմա հասկացա՞ր, սեր իմ, հասկացար,
Թե ծովն ինչո՞ւ է հաճախ փոթորկվում,
Ժայռերին է նա աղերսներ ուղղում,
Որ գերությունից ափերը փրկի:
Ի¯նչ լավ է, սեր իմ, որ դու կաս կողքիս,
Ի¯նչ լավ է, նավս լողում է հեռվում:
Երեկ քո տեսքով էլի գիշերը սենյակս խուժեց
Ու փարվել ուզեց ինձ քո փոխարեն,
Բայց առաջվա պես կույր չէ երազս,
Եվ ես պահեցի նրա խավարում
Իմ անուրջները գունատ ու խաբված:
Թեկուզ գիշերը ինչպե՞ս կարող էր
Քեզ պես շշնջալ` քնիր, բալիկս,
Եվ համբույրներով լցնել աչքերս…
Ախ, հեքիաթի պես քո ջերմ համբույրից
Խավարն իմ խցում էլ չի ծարավում,
Էլ չի խռովվում լռությունն ըմբոստ:
Շատ եմ սպասել ես քո թևերին,
Որ սիրուց բացի ուրիշ ոչ մի բան
Չգիտեն կյանքում,
Քո շուրթերին, որ
Տիեզերքին են իշխում համբույրի,
Քո լռությանը,
Ուր ավելի շատ բառեր կան սիրո,
Քան թե հողմերում ասված բառերի:
Քո սիրով արբած թե աշխարհ չափեմ,
Թե թախծեմ մի պահ մարդկանցից հոգնած,
Իմ ականջներում կհնչի ձայնդ`
Քնիր, բալիկս,
Ու չեմ տագնապի ես հեռուներում
Առանց թևերիդ, առանց շուրթերիդ, առանց լռության,
Կապրեմ քեզ համար` թեկուզ առանց քեզ…
Ո՞ւր ես, հոգիս
Ես` թափառող աստղ,
Մնացել եմ հեռվում,
Ու՞ր ես, հոգիս, ո՞ւր ես…
Թեքել եմ երեսս
Հեղամիտ մարդկանցից,
Ա¯խ, այնպես եմ հոգնել
Հնձված կարոտների
Անհամ կրկնությունից:
Ո՞ւր ես, հոգիս, ո՞ւր ես,
Թե լույսս վերքի դեմ
Սպեղանի չի դառնում,
Թե անանց հավատս
Մորթել են ուզում
Այս տիրադավ երկրում,
Գուցե՞ չքվեմ, լռեմ:
Ո՞ւր ես, հոգիս, ո՞ւր ես,
Թե կրակներից
Իմ ջերմացել ես
Գոնե մի անգամ,
Թե հոռեկիրթ չես
Դու էլ նրանց պես,
Մի° թող, որ ցնդեմ:
Ես` թափառող աստղ,
Մնացել եմ հեռվում,
Հասի՛ր, հոգիս, հասի՛ր…
Ինձ փախցրեք
Որոշեցի հսկա շեփոր
Հնչեցնել բազմության մեջ…
Ոչ ոք, ոչ ոք չարձագանքեց…
Եվ միմիայն մթնշաղին
Հողմը շշնջաց տենդագին.
-Իզո՛ւր է, զո՛ւր է, որտե՞ղ ես.
Սաղարթները սրթսրթացին.
Երկինքը թանձր խոժոռվեց.
-Իզո՛ւր է, զո՛ւր է, որտե՞ղ ես:
-Այստե՛ղ եմ, – ճչացի, – ե՛ս եմ,
Օգնեցե՛ք, տարե՛ք ինձ այնտեղ,
Ուր խղճի ազնիվ մի պատառ կա,
Մի պատառ կարոտ կա, մի պատառ սեր,
Տարե՛ք ինձ, գժվում եմ, տարե՛ք,
Հեռու, աշխարհից անհաղորդ:
Քե՛զ, քե՛զ ինչո՞ւ էր Աստված թաքցրել,
Ինձնից առաջ էլ երբ արդեն կայիր,
Աշխարհը թող իր վայելքը աներ,
Քե՛զ տեսնեի ժամանակին:
Հողմերի դեմ եմ մաքառել ցավի,
Սիրո երգերս նվիրել նրանց,
Ովքեր, սիրուց, ա՜խ, հեռու էին շա՜տ…
Քե՛զ տեսնեի ժամանակին:
Ու երազում էի անհայտ մի շիրիմ,
Մոռացումի երգ այն ճամփաներին,
Ուր ոչ մի աղոթք երկինք չէր հասնում…
Քե՛զ տեսնեի ժամանակին:
Այդպես փշրված նոր դար փոխվեցի,
Չփոխվեց սակայն անիվը բախտիս,
Գահընկեց եղավ կարոտս վերջին…
Քե՛զ տեսնեի ժամանակին:
Մի՞թե ցավս պիտի ապրեր հարյուր տարի,
Սպասման աճյունս դժոխքում հայտնվեր,
Անուրջները իմ սքեմ հագնեին,
Որ քեզ ի վերջո ես հանդիպեի:
Մահամերձի պես բացել եմ աչքերս,
Թե խենթի պես ես ցմահ սիրելու,
Քո գիրկը նետվեմ, երբեք չափսոսամ,
Որ քեզ չեմ գտել ես ժամանակին…
Ինչքան էլ ծանր ու անբնական
Թվա քեզ հիմա կյանքում ամեն ինչ,
Մարդիկ փոխարկվեն համր ստվերների
Կամ ոստյաններ հյուսեն մեկմեկու համար,
Ես լույսի նման կփռվեմ ճամփիդ,
Եվ կնճիռները կհարթեմ ցավիդ:
Թե երազիդ մեջ դու անգամ տնքաս
Կհսկեմ քունդ հրեշտակի պես,
Եվ քո աչքերը արևով կօծեմ
Ու կսիրեմ քեզ մինչև լուսաբաց:
Իսկ եթե մի օր ես հեռվից հեռու
Զգամ` չես կարող ապրել առանց ինձ,
Ես յոթ տապանից հող կվերցնեմ,
Աղավնու թևով կթռչեմ քեզ մոտ,
Որ ծառը սիրո մեր միշտ կանաչի,
Քանզի կարոտի մառանները իմ
Լցված են քեզնով, քո համբույրներով:
Առանց քեզ երգի մի հնչյուն եմ ես,
Քեզ հետ` աննման մի ձայնադարան,
Առանց քեզ` ծառի տերեւ եմ քշվող,
Քեզ հետ` բերքատու մի ողջ ծառաստան…
Ինձ հետ եղիր միշտ, այնպես ինձ սիրիր,
Որ Տերը սերն իմ մեղք չհամարի…
Գիտեմ
Աստղերի շքեղ քարավաններում
Աչքերդ անվերջ ինձ են որոնում,
Որ սիրահարվեմ այն գիշերներին,
Երբ շուրթերը քո ինձնով են այրվում:
Լիալուսնի տակ գուցե այս գիշեր
Մի ուխտատեղի ընտրենք հաճույքով,
Եթե ուշացած սեր ենք ժառանգել,
Այդ սիրուց որ միշտ վառվենք երկուսով:
Մեր երազներին արի հավատանք,
Փակելով ճամփան անցած հուշերի,
Ծիծաղներին մեր արի շղթայվենք,
Մահ չկա երբեք սիրող խենթերին:
Քոնն եմ ես
Դու գիտեիր, որ
Երեք հարյուր տարի քո ճամփան եմ պահում,
Առանց հոգնության, որ կարկառեմ ձեռքս
Ու շշնջամ` քոնն եմ,
Սիրիր ինձ, եթե ծնված օրվանից
Երազներում քո պատկերն ես իմ փնտրել,
Առանց իմ համբույրի` ինձնից ջերմացել,
Սիրիր ինձ, եթե շատ երկար ես սպասել…
Դու գիտեիր, որ
Անորսալի ժամանակի ու տարածության մեջ
Իմ հետքերով կսլանաս ինձ մոտ,
Քանզի հոգուս մեջ խելահեղ սիրուց
Հինգ հազար տարվա ցնծություն է բանտված:
Փորձիր հաղթել ինձ կարոտի ուժով,
Եթե քոնն եմ ես երեք հարյուր տարի,
Կլինեմ քոնը հավերժության մեջ…
Պահապան հրեշտակիս
Հավատացել եմ միշտ էլ Աստծոն,
Թեև իմ կյանքի ծաղկուն օրերին
Մայրամուտն էր ինքնակոչ բազմել…
Ո՞ւր էր պահապան իմ հրեշտակը:
Ու այնքան էի սուզվել ցավիս մեջ,
Որ մահը չուզեց էլ ինձ հարվածել,
Զի գամված էի անդնդի սյունին…
Ո՞ւր էր պահապան իմ հրեշտակը:
Ես ուզում էի առհավետ նիրհել,
Եթե աշխարհն այս անսեր էր, դատարկ,
Դիմակներ էին լոկ շուրջս բազմադեմ…
Ո՞ւր էր պահապան իմ հրեշտակը:
Թե հավատայի սիրո հրաշքին,
Հարյուր տարի ես կսպասեի քեզ,
Խռովքով սիրտս քեզ նվիրելու…
Միայն հայտնվեիր, իմ հրեշտակս:
Բայց ինձ մոտ եկար կեսդարյա հեռվից,
Երբ իմ լացը աղոթք էր դարձել,
Խինդս` տառապանք, երազս` չորս պատ…
Թե մահից առաջ անգամ դու գայիր,
Քո՛ նն եմ, կասեի, իմ հրեշտակս:
Աստղերի շքեղ քարավաններում
Աչքերդ անվերջ ինձ են որոնում,
Որ սիրահարվեմ այն գիշերներին,
Երբ շուրթերը քո ինձնով են այրվում:
Լիալուսնի տակ գուցե այս գիշեր
Մի ուխտատեղի ընտրենք հաճույքով,
Եթե ուշացած սեր ենք ժառանգել,
Այդ սիրուց որ միշտ վառվենք երկուսով:
Մեր երազներին արի հավատանք,
Փակելով ճամփան անցած հուշերի,
Ծիծաղներին մեր արի շղթայվենք,
Մահ չկա երբեք սիրող խենթերին:
Ի՞նչ էի ուզում և ինչի՜ հասա,
Երազս վերջին ես կործանեցի,
Վերջին իղձը իմ մոխիր դարձրի,
Կարոտս վերջին, ա՜խ, քամուն հասավ:
Ոչինչ չմնաց իմ հոգում, ոչինչ,
Սիրո երկինքս այնպես չքացավ,
Այնպես ավերվեց իմ մեջ ամեն ինչ,
Ասես երազ էր և ուրիշ ոչինչ:
Երազի մեջ էր, որ դու ինձ հասար,
Անո՜ւշ փարվեցիր երազի նման,
Իմ սերն էլ մնաց քեզ համար երազ,
Իսկ ես մնացի քեզ համար ոչինչ:
Իմ տառապանքը դու չհասկացար,
Խորթ էիր այնքան, այնքան սառն էիր,
Եվ էությունս թունավորեցիր,
Քանզի քեզ համար միշտ օտար էի:
Ի՞նչ էի ուզում և ինչի՜ հասա,
Ո՞ւմ համար մեռավ երազս վերջին,
Արժանի լիներ գոնե մեկը ինձ,
Գոնե այս մեկը լիներ մարդկային:
Գուցե դուք ասեք
Վերջին երազս պանդուխտ է անտուն,
Աստղացոլքում իսկ փնտրում եմ ես վերջ,
Հիմա էլ մարդկանց ես չեմ կարոտում,
Ոչինչ չեմ փնտրում հիմա մարդկանց մեջ:
Հիմա խինդ չկա, տխուր եմ, անկամ,
Անգամ լացելու ցանկություն չունեմ,
Ո՞վ եմ ես, ինքս չգիտեմ անգամ,
Բայց որ ես ես չեմ, այդ մեկը գիտեմ:
Ո՞ւմ ձեռքով մորթվեց իմ մեջ այդքան սեր,
Այդքան կարոտ ո՞վ սպանեց իմ մեջ,
Ո՞ւր էր, թե մեղքը մեկինը լիներ,
Բախտը վերջ ունի, մեղքերն են անվերջ:
Խաղողի պես է ինձ ճզմել սերը,
Եվ խենթությունն իմ խեղդամահ արել,
Եվ դառնությունն իմ քաղցրացել, հորդել
Ու հազար տարվա գինի է դառել:
Վերջին երազս պանդուխտ է անտուն,
Աստղացոլքում իսկ փնտրում եմ ես վերջ,
Հիմա էլ մարդկանց ես չեմ կարոտում,
Ոչինչ չեմ փնտրում հիմա մարդկանց մեջ:
Այն չէ
Ինչ էլ անում եմ, այն չէ, բարեկամ,
Երգով էի միշտ թախիծս պատռում,
Բառերն էլ սակայն թեքվել են ինձնից
Կամ էլ գլխատված մարդու տեսքով են
Իմ առջև ցատկում:
Ինչ էլ անում եմ, այն չէ, բարեկամ,
Գինու մեջ էլ չկա արբեցում,
Իսկ արբեցման մեջ քաղցր մոգություն,
Հորձանուտում ցավի կարծրացե՞լ եմ գուցե
Ու դալկացել են ծիծաղները իմ,
Էլ ինչո՞ւ խմել, ո՞ւմ հիշել, ինչո՞ւ:
Ինչ էլ անում եմ, այն չէ, բարեկամ,
Զուր եմ ամեն տարի գուշակում բախտս,
Թե Աստված մի օր դուռս կբացի,
Որ տարտարոսում հանկարծ չխեղդվեմ,
Կարկատած հույսիս մեջքին չհենվեմ:
Ինչ էլ անում եմ, ա՛յն չէ, բարեկամ, ա՛յն չէ…
Այրվեց կարոտիս վերջին կամուրջը,
Ցավս ափ չունի…
Այնպես կուզեի աղեկեզ ճչալ
Մոտիկ անտառում, ուր ոչ ոք չկա…
Աստված իմ, գոնե այնպես անեիր,
Որ տառապանքն իմ սահման ունենար,
Եվ վտանգավոր սահմանագլխին
Աստղի պես դու ինձ պայծառ շողայիր:
Ողջամիտ մնալ մեր ծանր կյանքում,
Դժվար է այնքան, որ չի էլ մարսվում…
Ամենուր վազք է, և միայնª փողի,
Ո՞ւմ է պետք, թե մի խելառ բանաստեղծ
Սիրո մասին լավ երգեր է գրել,
Իսկ թե երգիչն այդ մի օր պատահմամբ
Անկյունում կծկված փողերը հաշվեր,
Քանի՜ անծանոթ մարդ կողջուներ…
Երնե՜կ հրաշքով այնպես քնեի,
Որ մի դար հետո միայն զարթնեի,
Գուցե մարդահոտ փչեր աշխարհից`
Սիրո երգ ծնվեր մարդկանց շուրթերից…
Լռությունն է միայն բարի
Օրվա մեջ հիմա
Լռության ժամն է ինձ համար բարի:
Պաշտում եմ նրան
Առաջին անգամ լոկ այն պատճառով,
Որ ինձ մարդկանցից շուտ է հասկանում:
Լռությունն իմ
Եվ համբերության միակ զավակն է,
Ու ես ուզում եմ ապրել նրա պես
Մեղքերից հեռու…
Մերկապարանոց խոսքերն ինձ համար
Այժմ չունեն գին…
Քարաքոսի պես
Ես իմ սնունդը կարող եմ գտնել
Լերկ ժայռերի մեջ,
Հոգու երաշտից էլ չեմ վախենում:
Փոխադարձ սերն իմ հիմա և ընդմիշտ
Լռության հետ է:
Այնինչ լռության քաղցր նինջի մեջ
Աղոթքի ժամն է ինձ համար բարի:
Հետևեք բարության ջահին
Կերոն է մի հատիկ
Կանգնած խոհերիս կառամատույցում,
Ու իմ խոնջանքը դարձել է պարտատեր,
Զի անվերջ, անդադար,
Վճարում եմ կամքիս՝
Զինավարժության դասերի համար,
Ու ես այսօր դասալիք չեղա…
Եվ որպես ավանդ
Դարի նոր մարդուն թողնում եմ
Ազնվությո՛ւնս, խի՛ղճս, հավա՛տս:
Ես ուզում եմ, որ այսուհետև
Խենթեր կոչվեն մանուկները միայն,
Բայց ո՛չ հասուն մարդիկ,
Ու խնդրո առարկա չդարձնեն երբեք
Անձի պատիվը,
Որ վտանգված է հիմա՛, ամե՛ն ժամ,
Որ բարությունը դառնա բոլորիս
Սովորական վարքագիծը:
Կերոն է մի հատիկ աղոթքով շիկնում
Դարերի հատման կառամատույցում:
Ո՞ւր ես, կառապան
Բանաստեղծական վայրիությամբ
Փողոց դուրս եկա,
Մեքենաների անվերջ աղմուկից
Տնքում է սիրտս,
Ու մայթերիի փոշին
Մահացու ախտ է լցնում նյարդերիս:
Ո՞ւր ես, կառապան,
Տա՛ր ինձ խելագար
Այս կյանքից հեռու,
Թե չէ մարդիկ պատրաստ են միայն
Սին էպիգրամով
Ծիծաղելի դարձնել դժբախտությունը իմ,
Քանզի չեն սիրում աշխարհում նրան,
Ով զուրկ է դրամից, նաև՝ աթոռից:
Ո՞ւր ես, կառապան,
Մտրակի՛ր ձիերիդ,
Ինչպես մարդիկ են հիմա մտրակում
Ճշմարտությունը,
Ես խույս եմ տալիս
Միջակության բիրտ դատաստանից:
Իմ միակ փառքը
Կյանքում սերն էր,
Որ նման է այսօր
Կրակի վրա ծռմռված հին մագաղաթի,
Եվ պատրաստ եմ ես դևին վաճառվելու,
Միայն ազատվեմ այս սուտ աշխարհից:
Քշի՛ր, կառապան,
Չեմ ցնորվել քանի,
Հասցրո՛ւ այն ժայռին,
Որ զգայուն է ալիքների հանդեպ,
Հասցրո՛ւ այն ծաղկին,
Որ բուրավետ է մնում ողջ տարին,
Հասցրո՛ւ այն գետին,
Որ չի պղտորվում ու չի ցամաքում…
Քշի՛ր, կառապան, գուցե հասցնեմ…
Ուր էլ գնամ մառախլապատ երեկոյին
Նորից պիտի իմ տուն դառնամ,
Եվ ընչազուրկ հարևանիս
Շունը դարձյալ պիտի ոռնա,
Դարձյալ պիտի պատշգամբից
Մասիսն աչքիս թշվառ թվա,
Բայց հայացքս ինչպե՞ս բանտեմ,
Թողնեմ հեռվում,
Չնկատեմ, որ մոտերքում
Շների հետ աղբակույտում
Մարդիկ ձրի որս են անում:
Եվ այս դաժան ժամանակի որոգայթում
Ես այնպիսի վկաներ եմ ուզում փնտրել,
Որ կարող են ահազանգել,
Որ ես խենթ չեմ,
Բայց հասնել եմ ուզում մարդկանց,
Չգիտեմ` ե՞րբ, չգիտեմ` ո՞նց և ինչո՞ւ,
Եվ որ ուր էլ փորձեմ գնալ,
Աներկյուղ տուն վերադառնամ,
Ու ընչազուրկ հարևանիս
Շունը քաղցից էլ չոռնա,
Մասիսն աչքիս հավերժորեն չքնաղ թվա: