Ցեղասպանությունը վաղեմություն չունի

Ցեղասպանությունը վաղեմություն չունի
«Հայաստանի հանրապետություն» թերթ, 23 ապրիլի, 2015թ.

Բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանը առևերևես է արել իր հերթական 24-րդ գիրքը` «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» խորագրով: Նոր գիրքը գրողի ստեղծագործական կենսագրության մեջ հայտանշվում է նոր թեմատիկայով և յուրահատուկ նկարագրով: Փաստավավերագրական, գեղարվեստական ու հրապարակախոսական շաղախով շարակարգված վեպը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Գրքի ատաղձը կազմում է Եղեռնի մահաշունչ սարսափն իր հոգու և մաշկի վրա զգացած Արևմտյան Հայաստանի Դատեմ գյուղի մի պատանու` Ավետիսի զրկանքներով, նվաստացումներով, փշրված երազանքներով լի դժոխային կյանքի ուղին` կապված Առաջին աշխարհամարտի, մեծ տերությունների շահերի բախումով, աշխարհահաքաղաքական զանազան խաղերի, կեղծապատիր խոստումների, բարեփոխումների հետ:
Չափազանց հուզիչ են պատկերված հրո ճարակ դարձած հայկական գյուղերն ու քաղաքները, բռնագաղթի և անորոշության ճամփան բռնած աքսորականների կերպարները, կաթոլիկ և բողոքական միսիոներների քարոզներից մտամոլոր ու շվարած հարյուր հազարավոր անմեղ մարդիկ, ինչպես նաև սահմռկեցուցիչ այլ տեսարաններ:

Կարդալ...


Ահա գրողի ներկայացրած հուզիչ մի պատկեր. «Քաղց, ծարավ, բռնություններ, անթաղ դիակների կույտեր»: Սրանք էին երկար ժամանակ ուղեկցում հայ տարագիրներին:
Ողջ հայ ազգի առջև թուրք գազանները բացել էին դժոխքի դռները և վայրենի հռհռոցով հետևում էին ժողովրդի սպանդին»: Այս ամենը վեպում նկարագրված են համադրական արձակի չափանիշներով, փաստագեղարվեստական ոճավորմամբ: Շրջանառության մեջ դնելով տարիների ընթացքում ականատեսներից, նրանց հարազատներից լսած պատմությունները, վկայությունները, ուսումնասիրելով պատմագիտական բազում նորահայտ փաստեր, Ժաննա Հակոբյանը ստեղծել է գեղարվեստական մի երկ, ուր հերոսների ֆիզիկական ու հոգեկան ցավը, տանջալից մահը չեն կարողացել մարել հայ մարդու մաքառման ոգին: Իրավիճակի օրհասական լինելու հանգամանքն ըմբռնելով` նրանք մղձավանջից ելք որոնելու լուռ կամ բարձրաձայն ընդվզումի հոգեբանական տեղաշարժեր են արձանագրում իրենց զրույցներում, մտորումներում, վերհուշերում: Դատապարտելով սուլթան-համիդյան կոտորածները, 1915 թվականի «երիտ-թուրքական» բարբարոսությունները` հեղինակը հայասպան բուն թուրքերից հետո անարգանքի սյունին է գամում գերտերություններին` վիպական պատումի գեղարվեստական տարածությունում ընդգրկելով նրանց քաղաքական-պատումի գեղարվեստական տարածությունում ընդգրկելով նրանց քաղաքական-շահադիտական նկրտումների ողջ նողկալիությունը: Ելակետային այդ դրույթները հաստատելու, վեպի կառուցվածքային ոճը պահպանելու միտումով էլ գրողը հեգեբանական հասունացման, ինքնաորոնման ու ինքնաճանաչման և վրեժխնդրության ծավալուն էջերի նկարագրությամբ ընթերցողին ներկայացնում է իր գաղափարակրի` գլխավոր հերոս Ավետիսի, որպես կենտրոնաձիգ ուժի շուրջ կատարվող բոլոր դեպքերն ու դեմքերը: Ազգային ողբերգության պայմանները մղում են նրան գիտակցելու, համախմբելու և իրենց իրավունքների, արժանապատվության համար պայքարի անհրաժեշտությունը: Աքսորի ճանապարհներին Ավետիսի կյանքի յուրաքանչյուր պահը հղի էր վտանգներով, մահվան սասափով, բայց այդ փորձությունները նա հաղթահարում էր վրեժխնդրության, արդար հատուցման ներքին համոզմունքով ու հավատով: Նրա մեջ առմիշտ կենդանի են հայրենի ոստանի պատկերները, ծնողների դաստիարակության ծլարձակվող հունդերը, ընկերների հետ ունեցած զրույցներն իրենց անելիքների շուրջ, երազում այցի եկած հոր պատվիրանները: Խորհրդանշական, իմաստալից և վիպական պատումի գաղափարագեղարվեստական մտահղացումն ընդհանրացնող պատկեր է կոտրված խաչքարի առջև Ավետիսի ներքին մենախոսության բարձրաձայն երդումը. «Տե՛ր իմ, վերջին անգամ ինձ հասի՛ր, քանզի միայն վրեժխնդրության ծարավս հագեցնելը իմ հոգուն անդորրություն կպարգևի: Ես սասունցիների արյան անչով պարտավոր եմ արժանապատվորեն, չխնայելով կյանքս, դա անել հանուն արդարության…» Ընթերցողն ի վերջո հավատում է, որ Անդրանիկի ու Գարեգին Նժդեհի գաղափարներով սնված գլխավոր հերոսն անպայման վրեժխնդիր կլինի թշնամուց, որ հայ մարդը անվերջ չի կարող զոհ լինել, նա կարող է կռվել, մաքառել, ջարդել հակառակորդին ու հաղթել:

Ժաննա Հակոբյանը, արդարև, ստեղծել է հրաշալի վեպ` ոճիրի դատապարտման և ճշմարտության բացահայտման խորը կնիքով:

Հարցազրույցը՝ Հենրի Առուշանյանի

Փակել