Դավադրություն ազգային արժեքների դեմ

Դավադրություն ազգային արժեքների դեմ
«Առավոտ», հուլիս, 2020թ.

Հայտնի է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ գոյատևել է իր լեզվի, հարուստ մշակույթի շնորհիվ: Ցավոք, մեր օրերում ոտնահարվում են ազգային արժեքները մեր հայրենիքում: Որոշ «վայ» իշխանավորներ մոռանում են, որ հայի գենը երբեք չի կարող ոչնչանալ, քանի որ իր մեջ կրում է նաև արյան հիշողության, ցեղասպան եղած իր ժողովրդի պատմությունն ու գրականությունը: Երբ Աբդուլ Համիդը պարբերաբար հայերի ջարդ էր կազմակերպում, նաև հրաման էր տալիս, որ մամուլի էջերում երբեք չգրվի «Հայաստան» բառը, քանի որ չէր ցանկանում, որ հայ ժողովուրդը ձեռք բերեր անկախություն և ունենար անկախ պետականություն: Բայց այսօր, երբ մենք իսկապես ունենք անկախ Հայաստան, մեր երկրում ՀՀ կրթության նախարարի հանձնարարությամբ հակահայկական ծրագիր է շրջանառության մեջ դրվել հանրակրթության առարկայական չափորոշիչների մասին: Ի՞նչ է նշանակում ավագ դպրոցում «Հայ գրականություն» առարկայից հանել «հայ» բառը: Ազգային պատկանելիությունը նշելը ու՞մ է խանգարում: Այս քայլով թուրքերի՞ ջրաղացին եք ջուր լցնում: Բայց կուզենայի հիշեցնել, որ Հայաստանը Թուրքիայի մաս չէ և ոչ ոք իրավունք չունի նման ապազգային ծրագիր ներկայացնել: Ես տարիներ շարունակ Երևանի տարբեր բուհերում դասավանդել եմ «Հայ գրականություն», «Ռուս գրականություն», «Արտասահմանյան գրականություն» առարկաները և իմ ուղեղում չի տեղավորվում այն փաստը, որ դպրոցական միևնույն դասագրքի մեջ կարող են ներգրավված լինել տարբեր ժողովուրդների գրականություն:

Կարդալ...

Դրա համար գոյություն ունի արտասահմանյան գրականության դասագրքեր: Սա միանշանակ ծաղր է հայ բազմադարյա գրականության նկատմամբ: Էլ չեմ ասում, որ 7-12 դասարանների գրականության առարկայից հանվել են հին և միջնադարյան գրականության ամենակարևոր հեղինակներին /5-րդ դարի պատմագրությունը, Նարեկացի, Քուչակ, Սայաթ-Նովա/: Փոխարենը ծրագրում ընդգրկված են ժամանակակից գրականության այնպիսի հեղինակների գործեր, որոնք ոչ միայն գեղարվեստական արժեք չեն ներկայացնում, այլև ներկայացված են մի շարք բաց տեսարանների նկարագրություններ: Սրանցով հայ դպրոցականների ուշադրությո՞ւնն ենք ուզում շեղել: Ինչո՞ւ: Ո՞րն է նպատակը: Ո՞ւմ ենք ուզում, որ նրանք նմանվեն: Չէ՞ որ ունենք հիմա տաղանդավոր գրողներ, որոնց հայրենասիրական թեմաներով գրված գործերն արժանացել են մրցանակների: Ավելի ճիշտ չէ՞ր լինի նրանց գործերից հատվածներ դրվեին: Կարծում եմ՝ այստեղ թյուրիմացություն լինել չի կարող: Սա դավադրություն է մեր ազգային արժեքների դեմ: Զավեշտալի է, որ մենք գրողներս, գրականագետներս ու մանկավարժներս մեր հայրենիքում ենք այսօր բարձրացնում հայապահպան ծրագիրը, որն իրականցվում է հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայ եկեղեցոու պատմության միջոցով:

Նույնը կարելի է ասել ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների նախագծի մասին: Խախտված է պատմության ժամանակագրությունը: Կան մի շարք բացթողումներ և բովանդակային աղճատումներ: Հայոց պատմությունից բացակայում է Անդրանիկի, Դրոյի, հայ կամավորականների պատմությունը: Բացակայում է հայերի ծագումնաբանությունը, ազատագրական պայքարը 20-րդ դարասկզբին, հայկական պետության ստեղծումը: Ի վերջո, բացակայում է մեր ժողովրդի 2000 տարվա պատմությունը և ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսիյանի հավաստմամբ «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերի ստեղծումը ոչ միայն չի նպաստի հայրենասեր սերունդ դաստիարակելու գործին, այլև աշակերտների մոտ կարող է հակակրանք առաջացնել առարկայի նկատմամբ»:
Չմոռանանք, որ մեր սահմանները անառիկ պահող զինվորները հայեցի դաստիարակությամբ են կրթվել, յուրացնելով մեր դասական գրականության ու պատմության լավագույն ավանդույթները և հաղթանակներ ենք ունեցել, քանի որ ազնիվ ակունքներից է սնուցվել հայի մարտական ոգին: Մեր նախնիները դա են փախանցել մեզ և այն պետք է կյանքի կոչվի հետագա սերունդների կողմից: Այսինքն՝ միշտ հարազատ մնալ մեր նախնիների արյան կանչին, այլապես չէինք ունենա Սարդարապատ, Արցախյան գոյամարտ, ապրիլյան քառօրյան: Դժբախտաբար, հայ -ադրբեջանական պետական սահմանին վերջին ընդհարումներից հետո Աբդուլ Համիդի ծոռը հայերին սպառնում է, որ եթե խելոք չմնան, անցյալի գործողությունները կկրկնվեն: Նկատի ուներ հայերի կոտորածը: Անկասկած, ինչպես նրա, այնպես էլ Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարների կողմից պարբերաբար հայատյաց հռետորաբանություններ հնչեցնելը լուրջ ահազանգ է սթափության, դարերով ստեղծված ազգային, հայապահպան ծրագրերն իրականացնելու և սրբությամբ տեր կանգնելու: Հակառակ դեպքում, Աստված մի արասցե, մեր երկիրը կկանգնի կործանման առջև: Տեղին է այս առիթով հիշել Գարեգին Նժդեհի խոսքերը. «Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»:

Ժաննա Հակոբյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

Փակել