Երբեք հուսախաբ չէր անում

Երբեք հուսախաբ չէր անում
«Հայաստանի հանրապետություն», 8 սեպտեմբերի, 2012թ.

Արցախյան գոյամարտին մասնակցած հայտնի ու անհայտ հերոսների մասին շատ գործեր են տպագրվել, այնուամենայնիվ, տեսադաշտից դուրս են մնացել դեռևս իրենց կենդանության ժամանակ հերոսացած հայորդիներ: Այդպիսի ռազմիկներից էր ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Վլադիմիր Բալայանը:
Իմ ձեռքի տակ է վերջերս լույս տեսած բանաստեղծուհի, լրագրող, հրապարակախոս Սիրվարդ Մարգարյանի «Ոգու լեգենդը» խորագրով գիրքը, որը հրաշալի փաստագրություն է հերոսի սխրագործությունների, մարդկային կերպարի, խոհերի ու ծրագրերի մասին: Հեղինակն այստեղ հանգամանորեն, բազմաթիվ փաստերի միջոցով ներկայացրել է ոչ միայն Վլադիմիրի մարտական ողջ ուղին, այլև ի մի է բերել նրա մարտական ընկերների, նրան ճանաչողների հուշերը:
Վլադիմիրը ծնվել է Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ գյուղում՝ 1958 թվականի փետրվարի 14-ին: 1988-1990-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերին: 1990-ին Լ.Ազգալդյանի հետ ստեղծել է կամավորական զորախումբ: Մասնակցել է Մարտակերտի, Շահումյանի, Ասկերանի, Հադրութի և Լաչինի մարտական գործողություններին: Հերոսական գծերը ժառանգել է իր գերդաստանի մեծերից: Հայրն էլ հայրենասեր էր, վաստակավոր լրագրող, խմբագիր:

Կարդալ...


Երկու պապերն էլ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ էին, իսկ մորական կողմի պապը՝ Նիկոլայ Ավագիմյանը, ժամանակին եղել է Անդրանիկի թիկնապահը: Վլադիմիրը ոչնչով ետ չմնաց իր նախնիներից: Ավելին. արյան կանչով զինվորագրվելով հայրենիքի ազատագրման սուրբ գործին՝ արժանացավ ժողովրդի «մեր նորօրյա Անդրանիկ» կոչմանը: «Նրան կարելի էր վստահել ամենաբարդ մարտական խնդիրն անգամ, և երբեք հուսախաբ չէր անում: Վլադիմիրը բնածին զինվորական էր՝ առանց կրթության», — իր հուշերում նշում է Արկադի Տեր-Թադեւոսյանը /Կոմանդոսը/:
Ժողովուրդը հավատում ու վստահում էր նրան: Երբ թշնամիները մտել էին Մարաղա, Վլադիմիրն իր ջոկատով՝ առանց կորուստների, ազատագրեց գյուղը: Նրա ջոկատը «շտապ օգնության» ջոկատ էր:
Վլադիմիրը միշտ զինվորից առաջ էր գնում: Եթե իր ժամանակին Գևորգ Մարզպետունին թշնամուն հաղթում էր իր 20 հոգուց բաղկացած քաջերով, նույնն անում էր Վլադիմիրը՝ իր 30 հոգանոց ջոկատով: Եվ դա բոլորովին առասպել չէ: Նա իր ընկերների հետ ապացուցեց, որ իրենք Արցախի հզոր մելիքների ժառանգներն են, և որ թշնամին հավիտյան պիտի մաքրվի հայրենիքի եզերքների սահմաններից: «Վլադիմիրի նման քաջորդի ազգը, դարը մեկ անգամ է ծնում»,- նրա մասին ասել է ռազմի ընկերն ու «Ազատագրական բանակի» գլխավոր հրամանատարը՝ Լեոնիդ Ազգալդյանը, ով նույնպես հերոսի մահով ընկավ Վլադիմիրի մահից 15 օր անց: Իսկ Մարտակերտի լեգենդ դարձած Վլադիմիրը զոհվեց 1992-ի հունիսի 9-ին Չայլուի պաշտպանական դիրքերում՝ արկի պայթունից: Նա ուներ ընտանիք, երեք երեխա: Այսօր էլ Վլադիմիրի անունով զիվորական վաշտ կա, որը շարունակում է զոհված հրամանատարի ավանդույթները հայրենապահպանության գործում: Նրա անվամբ է կոչվել Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Վլադիմիրի ամենամեծ պատվիրանը տղաներին հայրենիքի ամբողջականության պահպանումն է: Սիրում էր կրկնել Գ.Նժդեհի խոսքերը. «Հայաստանի սահմանները գծում է հայ զինվորը»: Ցավոք, իր ջոկատով տասնյակ գյուղեր ազատագրած քաջ հայրենասերի գերեզմանը գտնվում է գերության մեջ: Դա նրա հարազատ Աղաբեկալինջ գյուղն է, որն ուրիշ գյուղերի հետ մնացել է հակառակորդի հսկողության տակ: Հուսով ենք, որ պայծառ մի օր էլ դրանք կազատագրվեն թշնամիներից և անպայման հեռվից կլսվի Վլադիմիրի ոգեշունչ ձայնը. «Ապրե՛ք, տղաներ…»:

Ժաննա Հակոբյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

Փակել