Ես միայնակ եմ ապրում շարունակ

Ես միայնակ եմ ապրում շարունակ,
Բայց վախենում եմ մեռնել միայնակ,
Երբ վերջին խոսքս` չասած ոչ ոքի,
Համբույրիս նման ձեզ չի ամոքի:

Ես կտակել եմ իմ սերը նրանց,
Ում կյանքում, իրոք, սիրել եմ սրտանց,
Ու ով չի ըմպել սիրուս հնձանից,
Թող չնեղանա երբեք ինձանից:

Ձեռքս եմ պարզել, ձեզ կանչող երգս,
Պահել եմ ձեզնից ցավս ու վերքս,
Ամենքն են լքել ինձ ճանապարհին,
Միայն կարոտն էր ինձ հավատարիմ:

Ես միայնակ եմ ապրում շարունակ,
Բայց վախենում եմ մեռնել միայնակ,
Երբ վերջին խոսքս` չասած ոչ ոքի,
Վերջին համբույրով ձեզ չի ամոքի…