Գիրքս գրել եմ ասես սեփական արյունով

Գիրքս գրել եմ ասես սեփական արյունով
«Հայ զինվոր», 2 դեկտեմբերի, 2009թ.

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի և ԼՂՀ Գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ, արձակագիր Ժաննա Հակոբյանի հետ մեր հարցազրույցը…
— Վերջերս լույս տեսավ ձեր «Արյան հիշողություն» խորագրով գիրքը, որի թեման հիմնականում Արցախյան պատերազմն է: Ի՞նչն էր Ձեր նպատակը. Չ՞է որ պատերազմի մասին վավերագրական նյութեր շատ կան:
— Արցախյան պատերազմի մասնակիցների մասին շատ գրքեր են գրվել, բայց ոչ՝ գեղարվեստական: Այնինչ ընթերցողի համար գեղարվեստական տպավորիչ խոսքն ավելին է, քան բազմաթիվ չոր փաստերը: Այս գրքում իմ նպատակն էր Արցախյան պատերազմն արտացոլել մասնակիցների հուշերի միջոցով: Բարեբախտաբար, պատերազմից հետո ողջ են մնացել հազարավոր զինվորներ: Միմիայն նրանք կարող են մեզ պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել ռազմաճակատում, ինչ են տեսել ու զգացել:
— Կարծո՞ւմ եք՝ պատերազմի օրերի մասին արձակը կհետաքրքրի՞ ժամանակակից ընթերցողին:
— Կարծում եմ՝ այո: Վերջերս «Հայ զինվոր» թերթում կարդացի, որ անվան վարժարանում այս տարի սովորել ցանկացողների թիվն անհամեմատ մեծ էր: Իսկ դա նշանակում է, որ հայրենասեր տղաների թիվն ավելանում է: Իմ գիրքը նրանց կհետաքրքրի:
— Ասում են՝ «Պատերազմը չի վերջացել, եթե վերջին զինվորը հանձնված չէ հողին»:

Կարդալ...


— Ես միայն կհամաձայնվեմ այդ մտքին: Արցախյան պատերազմից հետո մենք ունեցել ենք հարյուրավոր անհայտ կորած զիվորներ, որոնց մասին տեղեկություն չունենք: Նրանց հարազատների ապրումներն արտացոլված են իմ գրքում:
— Ես կարդացի ձեր գիրքը և զարմացա, որ հեղինակը կին է: Այնպես եք պատկերում պատերազմի մասնակիցներին, այդ թվում գլխավոր հերոսի՝ Ռոբերտի կերպարը, ասես տարիներ ի վեր ապրել եք նրանց կողքին, նրանց հետ գտնվել խրամատներում:
— Դրա նախապայմանն այն է, որ ես ծնունդով արցախցի եմ եւ մանկուց դաստիարակվել եմ հայրենասիրության ոգով: Իմ սիրելի երգերն առայսօր ռազմական երգերն են, սիրելի գրքերս՝ պատմավեպերը, սիրելի վայրերը՝ վանքերն ու լեռները: Տանը մեր նախընտրելի տոնը Հաղթանակի օրն էր: Հորական պապս Հայրենական մեծ պատերազմի վետերան էր, մորս երկու քեռիները զոհվել են պատերազմում, կրտսեր եղբայրս, ընկերներիս մեծ մասը մասնակցել են Արցախյան պատերազմին: Գիտական թեզս էլ հայրենասեր բանաստեղծի՝ Թաթուլ Հուրյանի մասին է, մի բանաստեղծի, ով զոհվել է Մեծ հայրենականում: Իմ կարծիքով՝ մարդու գնահատման կարեւոր չափանիշը հայրենասիրությունն է, և այն ներծծված է իմ արյան մեջ: Գիրքս ստեղծելիս կարծես գրում էի սեփական արյունով:
— Երկու տարի առաջ դուք նաև պատմավեպ եք գրել՝ «Ղարաբաղի ճակատագիրը» որը նվիրված է բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման 15-ամյակին: Ինչո՞ւ անդրադարձաք այդ թեմային և ի՞նչ ճակատագիր ունեցավ գիրքը տպագրվելուց հետո:
— Ես որպես գրող դիմել եմ պատմական թեմային, որպեսզի իմ սերնդին հիշեցնեմ ինչպես անցյալի կռիվները, այնպես էլ հաղթանակները: Պատմավեպի նյութը վերցված է 18-րդ դարի վերջին տասնամյակից, երբ արցախցիները կենաց ու մահու կռիվ էին մղում թուրքերի ու պարսիկների դեմ: Պատմության դառը փաստերի միջոցով ափ եմ հանել մեր պարտությունների հիմնական պատճառը: Իսկ դա երկպառակությունն է, որից միշտ էլ օգտվել են մեր թշնամիները: Հիշո՞ւմ եք, թե ինչպես մարտիմեկյան դեպքերից հետո թշնամին հարմար պահ որսաց՝ հարձակվելով Մարտակերտի վրա: Ինչ վերաբերում է գրքիս, ապա այն լավ ընդունվեց ընթերցողների կողմից: Եվ քանի որ վեպի իրադարձությունները կատարվում են Շուշիի շուրջ, որոշեցի գրքիս շնորհանդեսն այնտեղ կազմակերպել՝ «Կաճառ» գիտական կենտրոնում: Առիթ ունեցա շփվելու Շուշիի զորամասի զինվորների հետ: Մի քանի օր անց արդեն Ստեփանակերտում հանդիպեցի նաև Վ. Սարգսյանի անվան զորամասի զիվորներին: «Զինուժ» ծրագիրն էլ անդրադարձավ դրան: Միայն տեսնեիք, թե ինչ խանդավառությամբ էին զիվորներն ինձ հարցեր տալիս դահլիճից: Երիցս հպարտ եմ, որ մենք հրաշալի երիտասարդներ ունենք, որոնք ոչ միայն սիրով ծառայում են հայրենիքին, այլեւ ուզում են իմանալ, թե ինչ պիտի անել հզոր երկիր ունենալու համար:
— Ձեր պատգամը մատաղ սերնդին:
— Սիրել հայրենիքը անկախ ամեն ինչից: Այս երկրի վրա ապրող յուրաքանչյուր հայ մարդ պետք է ունենա միայն մի աղոթք՝ Հայրենիք…

Նվարդ Սրապյան

Փակել