Հաղթանակը մեր գլխավոր ժառանգությունն էր

Հաղթանակը մեր գլխավոր ժառանգությունն էր
«Առավոտ», 27 ապրիլի, 2021թ.

Երբ մոտենում է հաղթանակի օրը, առաջին հերթին հիշում ենք Շուշին, հետո միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, քանի որ Շուշիի ազատագրումը հայ քաջորդիների ձեռք բերած փառապանծ հաղթանակն էր: Շուշիի հաղթանակը իրավամբ մեզ բոլորիս հրեշտակի թևեր տվեց: Եվ մենք ազգովի հպարտանում էինք ողջ աշխարհի առջև: Այդ հրաշալի հաղթանակի շնորհիվ ինքնըստինքյան փոխվեց մեր հոգեբանությունը, քանզի դուրս գալով ցեղասպանված ու տառապած ժողովրդի կարգավիճակից, ապացուցեցինք, որ մենք եթե ուզենանաք, կարող ենք լինել հզոր, միաբանված, անողոք թշնամիների հանդեպ: Հիմա մեր հաղթանակի խորհրդանիշը՝ Շուշին կրկին գերեվարված է: Անշուշտ, բազմաթիվ վկայություններ ու փաստեր կան այն մասին, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Շուշին թշնամու կողմից ոչ թե գրավվել է, այլ հանձնվել է դավադիր ուժերի օգնությամբ: Հետագայում հետաքննությունը կպարզի, թե ինչպես է եղել: Մեզ իրականում մնում է փաստել, որ արյան գնով նվաճած հաղթանակը չկարողացանք նույն սրբությամբ պահպանել: Իսկ եթե հետադարձ հայացք ձգենք, ապա ցավով կհամոզվենք, որ 1994 թվականի հրադադարից հետո նաև մեր հաղթանակներից հրաժարվելու քաղաքականություն էր վարվում Հայաստանի բոլոր ղեկավարների կողմից: Տարիներ ի վեր երկրի նախագահները բանակցել են միայն հող հանձնելու վերաբերյալ: Հետևաբար, շարունակվում էր ոչ թե հաղթանակը ամրապնդելու, այլ պարտության հետ համակերպվելու գործընթաց, թե ինչպես կազմակերպել տարածքների հանձնումը, որ հայ ժողովուրդը չըմբոստանա:

Կարդալ...

Բայց չէ՞ որ մենք ունեցանք հայկական բանակ, որը ծնվեց անկախության հռչակումից հետո և այն պետք է ավելի հզորացվեր: Պետք էր ժողովրդի հայրենասիրական ոգին բարձրացվեր, ինչպես խորհրդային տարիներին էր: Սակայն ոչինչ չարվեց: Այնպիսի վիճակ էր, կարծես Հայաստանը Իտալիայի պես գտնվում էր Միջերկրական ծովի սրտում և մեզ ամենևին պատերազմի վտանգ չէր սպառնում: Գուցե այդ պատճառով Երևանում ամենուր պաստառներ էին սին կարգախոսներով՝ «Իմ զենքը իմ ժպիտն է», «Իմ զենքը իմ երազանքն է», «Իմ զենքը իմ երգն է» և նմանօրինակ դատարկաբանություններ: Այնինչ պաստառները պիտի ծառայեին սերունդների դաստիարակությանը, հոգևոր արժեքների քարոզչությանը: Ինչո՞ւ ի սկզբանե հերոսների պատկերները չլինեին պաստառներում, ինչո՞ւ չէին քարոզվում հայրենասիրությունը, հայրենիքի անկախության, բանակի մեծ դերի հետ կապված արժեքները: Հիշում եմ, թե ինչպես մի անգամ Արցախյան գոյապայքարի մասնակից, հրամանատար, գնդապետ Մուշեղ Բաբայանի/Ջերմուկի Համո/ հետ հարցազրույցի ժամանակ նա ցավով հարցադրում արեց. «Ի՞նչ է, հայրենասիրությւոնը միայն բանակո՞ւմ պետք է քարոզվի…»: Եվ իսկապես 2016թ. ապրիլյան քառօրյայի ժամանակ հրամանատարների հայրենասիրական ոգով դաստիարակված երիտասարդ սերունդը նորից աչքի ընկավ իր սխրանքներով՝ չզիջելով իրենց հայրերին ու պապերին: Այդ ընթացքում էլ շատ խոսվեց այն մասին, թե ինչպիսի ողորմելի վիճակում էր մեր բանակը իր սպառազինությամբ: Այսինքն՝ հզոր բանակի մասին եղած տարիների կեղծիքը բացահայտվեց: Պարզվեց, որ 21-րդ դարում անգամ գիշերային տեսանելիության սարքերի փոխարեն դեռ խրամատներում զինվորները կողմնորշվում էին թիթեղյա դատարկ տուփերի չխկչխոցով: Ու ցեղասպանություն տեսած ժողովրդի վայ-ղեկավարները պատմությունից դասեր չքաղեցին: Հենց նրանց սխալ քաղաքականության ու դիվանագիտական աշխատանքի, Թուրքիայի և Ռուսաստանի շահերի բախման հետևանքով նորից պատերազմ սկսվեց , որն ավելի շատ նման էր դաժան ցեղասպանության: Եվ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը պարտվեց Ադրբեջանի հետ տարվող այդ պատերազմում՝ մեղքը գցելով բանակի վրա: Բռնազավթվեց Արցախի տարածքների 80 տոկոսը: Շուշին էլ հանձնվեց: Բայց չէ՞ որ մենք պատասխանատվություն ենք կրում հաղթանակի համար: Եվ հաղթանակն ու հիշողությունը ամբողջ մարդկության պատմության գլխավոր ժառանգությունն են: Չնայած կրած ողբերգությանը, մենք պիտի մեր մեջքը կարճ ժամանակաընթացքում ուղղենք հանուն հազարավոր նահատակների, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար: Եվ եթե կրկին չենք ուզում ցեղասպանվել, չպետք է ներել թշնամիներին՝ ի հեճուկս մեր այն պաշտոնյաների, ովքեր դահիճների հետ հաշտեցման կոչեր են հնչեցնում: Ոչ ազգանպաստ քայլերով նրանք փորձում են պատերազմի մասին դեռևս թարմ հիշողությունն արագ ջնջել, երբ ունենք հարյուրավոր ռազմագերիներ, անհետ կորածներ, հազարավոր զոհեր ու հաշմանդամներ: Այնինչ մեր խնդիրն է կանխել այս տխուր իրադարձությունների կրկնությունը: Մենք չպիտի մոռանանք, որ հաղթել գիտենք և տեղին է հիշել ֆրանսիացի ռազմական գործիչ ու գրող Սեն Ժյուստի խոսքերը. «Հաղթում են նրանք, ովքեր մարտնչում են»: Ուստի մենք երբեք իրավունք չունենք սուրը պատյան դնել, եթե մշտապես արթուն է մինչև ատամները զինված մեր թշնամին: Բոլորը՝ անկախ տարիքից ու կուսակցական պատկանելիությունից, պետք է ունենան մի ընդհանուր նպատակ՝ ՀԱՂԹԱՆԱԿ:

Ժաննա Հակոբյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

Փակել