Հաղթանակի ու ցավի օրագիր

Հաղթանակի ու ցավի օրագիր
«Հայաստանի հանրապետություն», 27 ապրիլի, 2016թ.

Հրապարակի վրա է արձակագիր, բանաստեղծ Ժաննա Հակոբյանի հայոց բանակի ստեղծման, ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված «Չսպիացող հոգիների ցավը» վեպը: Փաստավավերագրական հենքի վրա ստեղծված գեղարվեստական այս գործում հեղինակն անդրադարձել է արցախյան ազատամարտի թոհ ու բոհով անցած, զինվորական հարուստ կենսագրություն ունեցող մի խումբ ազատամարտիկների՝ Մուշեղի, Միքայելի, Եգորի կերպարներին, ովքեր կռվել էին հերոս հրամանատարների՝ Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ: Սակայն ընթերցողը ցավով ականատեսն է դառնում պատերազմի հետևանքով նրանց խեղված ճակատագրերին: Սամռկեցուցիչ առանձին դրվագների միջոցով ցույց տալով մեր դարավոր թշնամու սարսափելի արարքներն ու վայրագությունները, արձակագիրը հոգեբանական խորությամբ ու հուզականությամբ վեր է հանել հայ քաջազունների անձնազոհությունն ու հակառակորդին մինչև վերջ ջախջախելու մեծ ուժը:

Կարդալ...


Վեպի խորագիրն էլ մեզ հուշում է, որ պատերազմը վիթխարի հոգեկան վերք է թողնում մարդկային սրտերում: Ավելին. այդ վերքերը երբեք չեն սպիանում հայի գենը կրող ռազմիկների մոտ, քանզի նա պարտավոր է մշտապես մարտնչել իր հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար՝ անցնելով արյան ու մահվան ճիրանների միջով: Գրքում գրողի հայրենասիրության, արցախապաշտության, հայրենի հողի ու մարդկանց ունեցած սերն արտահատված է ցավով ու տառապանքով, իր իսկ աշխահազգացման պրիզմայով: Անգամ քնարաշունչ գեղարվեստական հատվածները թաթախված են արցախյան գույներով ու բույրերով, ազգային արմատներին հավատարիմ մնալու ինքնախոստումներով:
Ուշագրավ է ազատամարտիկներից մեկի՝ Եգորի ռազմական օրագրի հետևյալ գրրառումը. «Այսօր ազգովին տոնում ենք Շուշիի հաղթանակը: Պատերազմը դեռ չի ավարտվել: Մի բան լավ ենք հասկանում, որ հայերն ազատ ապրելու իրենց իրավունքը հաստատեցին պատմական հայրենիքում: Արցախը միշտ մերն է եղել ու կլինի ընդմիշտ: Մեր հողերի համար պատրաստ ենք արյուն թափել՝ արհամարհելով մահը: 9 մայիսի, 1992թ»:
Այսպիսով, հեղինակի դիտարկմամբ, մարդու գնահատման չափանիշը հայրենասիրությունն է և որ խաղաղության լավագույն գրավականը զինված լինելու մեջ է: Ժաննա Հակոբյանի այս վեպը յուրօրինակ հայրենյաց դաս է՝ ուղղված այսօրվա երիտասարդ այն սերնդին, որը 22 տարի անց՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ապացուցեց, որ ոչ միայն հետևում է նախնիների ու հայրերի հերոսական օրինակին, այլև գերազանցում է նրանց իր խիզախությամբ, մարտական ոգով ու սխրանքներով: Հավատացած ենք, որ մեր հայրենիքի նվիրյալները, ովքեր գիշեր ու տիվ հսկում են մեր երկրի սահմանները, պատրաստ են ցմահ սուրը պատյան չդնել, քանի որ վերջնականապես չի ջախջախվել հայ ժողովրդի ցեղասպան թշնամին:

Հենրի Առուշանյան

Փակել