Հայը պետք է ունենա մի աղոթք՝ ՀԱՅՐԵՆԻՔ

«Առավոտ», 21.10.2020թ.
Հայը պետք է ունենա մի աղոթք՝ ՀԱՅՐԵՆԻՔ

Արցախի հանդեպ սանձազերծած թուրք-ադրբեջանական-ահաբեկչական պատերազմի այս ծանր օրերին, երբ մեր զինվորներն անգերազանցելի հերոսական սխրանքներ են գործում՝ կենաց և մահու կռիվներ մղելով, թիկունքում ոչ միայն հայ ժողովուրդն է հնարավորինս օգնում բանակին, այլ մշակույթը, այդ թվում գեղարվեստական գրականությունը մեր ազգին հուզող խնդիրներին է անդրադառնում: Դրանց մեջ կարևորագույնը՝ հայի գենի պահպանումն է, ազգի գոյատևման, պայքարի ու միասնականության խնդիրը: Բարեբախտաբար, ունենք ժամանակակից գրողներ, ովքեր տարիներ ի վեր ընթերցողական լայն զանգվածներին ներկայացել են իրենց հայրենասիրական գործերով: Նրանց շարքում գրական զգալի վաստակ ունի բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանը: Օրերս տպագրվեց նրա 29-րդ գիրքը՝ «Փրկօղակ» խորագրով վեպը: Այստեղ հիմնական գաղափարն այն է, որ դրսում գտնվող հայերի փրկությունը հայրենիք վերադառնալն է: Գրքում ընդգծված է հայ ժողովրդի ազգային ցավի՝ արտագաղթի ծանր հետևանքները: Չափազանց կարևորվում է մայր հայրենիքում ապրելու, արարելու, պայքարելու, ավանդական սովորություններն ու ազգային արժեքները պահպանելու խնդիրը: Հարկ է ընդգծել, որ Հակոբյանը որպես գրող բազմիցս է անդրադարձել Արցախի պատմական անցյալին: Այս առիթով տեղին է մեջբերել բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի խոսքերը. «Ժաննա Հակոբյանը արցախյան անկախության, Արցախի ազատագրության ամբողջ պատմության տարեգիրներից է»:

Կարդալ...

Գրողը նախ ընթերցողի սեղանին դրեց «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպը, որն իրականում դարձավ նրա ստեղծագործության գլուխգործոցը: Վեպի համար հիմք էր հանդիսացել 18-րդ դարավերջին օտար բռնապետների դեմ արցախահայության մղված ազգային-ազատագրան պայքարի պատմությունը: Այնուհետև գրողը տպագրեց «Արյան վրեժ» խորագրով վեպը, որտեղ ներկայացված են անցյալ դարի 60-ական թվականների այն ծանր դեպքերը, երբ Ադրբեջանը հայահալած բիրտ քաղաքականություն էր վարում Արցախում և իրենց ազատության ու անկախության համար պայքարի պատրաստ արցախցիները ենթարկվում էին բռնությունների ու հալածանքների: Թշնամին առայսօր էլ չի գիտակցում, որ արցախցին երբեք ծնկի չի գա: Ունենալով պատերազմը ներկայացնելու հարուստ փորձ, Արցախյան գոյամարտին նվիրված իր հաջորդ գրքում «Արյան հիշողություն» վեպում գրողը միաժամանակ ընդգծել է եղեռն տեսած մեր նախնիների միջոցով մեզ փոխանցած արյան անջնջելի հիշողության կարևորությունը: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին գրված «Ապրիլյան հերոսամարտ» գրքում Հակոբյանը պատկերել է երիտասարդ հայ զինվորների ցուցաբերած սխրանքները, նրանց մարտական ոգին, ֆիզիկական պատրաստվածությունը: Մարտական ակտիվ գործողություններին մասնակցած մերօրյա հերոսներն իրենց հայրենապաշտությամբ ու քաջությամբ հետևորդներն են Արցախյան գոյապայքարով անցած իրենց հայրերի, որոնց մի մասը որպես կամավորականներ նույնպես կանգնեցին իրենց որդիների կողքին: Եվ ընթերցողի համար պարզ է դառնում, որ հայրենիքի նվիրյալները պատրաստ են սուրը պատյան չդնել, քանի որ չի ջախջախվել հայ ժողովրդի ցեղասպան թշնամին: Նաև Եղեռնի մահաշունչ սարսափն է ներկայացրել գրողը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին գրված «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» վեպում, ուր պատկերելով հերոսների ֆիզիկական ու հոգեկան ցավը, ընդգծել է, որ անգամ տանջալից մահը չեն կարողացել մարել հայ մարդու մաքառման ոգին: Իսկ թե ինչու է Հակոբյանն իր տեսադաշտում ընտրել հայ ժողովրդի պատմական անցյալը, խոստովանում է ինքը. «Իմ նպատակն է անցյալի իրադարձությունների գեղարվեստական վերակենդանացման ճանապարհով մեր նախահայրերի, հայրերի, որդիների հերոսական արարքների օրինակով ժամանակակիցների մեջ դաստիարակել հայրենասիրություն, քաղաքացիական պայքարի գիտակցություն, այդպիսով նպաստել ազգային ոգու հզորացմանը: Այս հողի վրա ապրող յուրաքանչյուր հայ մարդ պետք է ունենա միայն մի աղոթք՝ Հայրենիք»:
Անկասկած, այս օրերին, երբ դամոկլյան սուր է կախված Հայաստանի արևելյան դարպասի՝ Արցախի վրա, մեր ազգը դարձել է բանակ և մոլորակի վրա բոլոր հայերը բռունցք դարձած արյամբ նվաճած մեր ազատագրված տարածքները սրբությամբ են պաշտպանում: Ու ինչքան էլ թշնամիները մինչև ատամները զինված լինեն և փորձեն կրկին ցեղասպանություն գործել, միևնույն է, չեն կարող, քանի որ մեր քաջարի հայորդիներն իրենց կյանքի գնով ոչնչացնելու են նրանց: Փա՜ռք մեր հերոսներին: Փա՜ռք մեր բոլոր նահատակներին, որոնց հիշատակը հավետ կապրի: Մենք հաղթելո՜ւ ենք…

ՌԱԶՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԳՄ անդամ, բանաստեղծ

Փակել