Հայացք հավերժական քաղաքի խաչմերուկից

Հայացք հավերժական քաղաքի խաչմերուկից
Առավոտ,հոկտեմբեր 10, 2019

Մեր լրատվամիջոցները մասնավորապես իշխանափոխությունից հետո շատ են անդրադառնում նախկին իշխանությունների կողմից թույլ տված բազմաթիվ չարաշահումներին: Երեւի թե դեռ մեղմ եմ արտահայտվում, քանի որ այդ չարաշահումներն իրականում հանցագործություններ են սեփական երկրի, ժողովրդի հանդեպ: Ու թե հանկարծ հայտնվում ես եվրոպական որեւէ երկրում եւ մի պահ հեռվից փորձում ես հետեւել վերջին 30 տարում Հայաստանի անցուդարձին, ավելի ու ավելի ես համոզվում, որ իշխանավորները երկիրը թալանելու, ժողովրդին վախի մեջ պահելու եւ աղքատացնելու մոլուցք ունեին, եւ ընդհակառակը, ազգային մտածելակերպ ու դիմագիծ չունենալով՝ վաստակել են միլիարդներ երկրի բյուջեի, ընդերքի, դրսից ստացված օգնությունների հաշվին: Հավանաբար միայն Աստված է պահպանել հայ ժողովրդին, որ շարունակում ենք գոյատեւել մեր սեփական հայրենիքում: Ընդամենը մեկ շաբաթ գտնվելով Իտալիայում, որոշեցի մի փոքր զուգահեռներ անցկացնել իտալացիների եւ հայերի միջեւ:

Կարդալ...


Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը, եթե մենք քրիստոնեություն ենք ընդունել 301 թվականին, իտալացիներն այն ընդունել են 325-ին՝ Կոստանդին կայսրի օրոք: Նրանք էլ գիտեն, որ մենք դեռ մ.թ.ա. հզոր երկիր ենք ունեցել, ծովից ծով ձգվող Հայաստան, որ մեր թագավորները կռվել են հռոմեացիների դեմ: Ի դեպ, մ.թ.ա. 66թ. Արտաշատում կնքվել էր պայմանագիր Հռոմի եւ Հայաստանի միջեւ, որով Հայաստանը պահպանեց իր անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ հռչակվեց հռոմեական ժողովրդի դաշնակիցն ու բարեկամը: Բայց նույն Հռոմում իրենց նշանավոր կայսրերի արձաններն են վեր խոյացած, եւ զբոսավարը զբոսաշրջիկներին հպարտությամբ պատմում է յուրաքանչյուրի կյանքի ու վարած արշավանքների մասին: Հարց է ծագում: Քանի՞ թագավորի արձան է կանգնեցված Երեւանում: Գոնե Տիգրան Մեծի արձանը կանգնեցվեր: Մեր երկիր ժամանած զբոսաշրջիկները հաճախ լինում են նաեւ Արցախում՝ Տիգրան Մեծի ժամանակ կառուցած Տիգրանակերտում, որի ավերակներն ու թանգարանային նմուշներն են պահպանվել: Եվ հայտնի է, որ աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան որեւէ այլ արքայի մասին: Ի վերջո, Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55) անվան հետ է կապված հայոց փառքը: Միչդեռ օտար միջավայրում մենք ուրախանում ենք, երբ որեւէ անկյունում հայկական շունչ է զգացվում: Այդպես եղավ Վատիկանում, որտեղ տեղադրված են Նարեկացու եւ Գրիգոր Լուսավորչի արձանները: Վենետիկում՝ Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծն էլ իրականում հայոց վերջին թագավորության՝ Կիլիկիայի առյուծն է: Ու վերջապես Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության ստեղծած մշակութային օջախում, ուր պահպանված բազմաթիվ ձեռագրերի մեջ նաեւ Նապոլեոնի ձեռամբ նամակը կար՝ 1797-ին, որով հաստատում է այն որպես կրթամշակութային ակադեմիա: Կղզում անգամ համտեսեցինք հայ միաբանների պատրաստած վարդի մուրաբան: Թե ինչպիսի մշակութային հարստություն ու ժառանգություն ունեն իտալացիները, ողջ աշխարհին է հայտնի, մանավանդ Հռոմը ընդունված է անվանել բաց թանգարան երկնքի տակ կամ՝ «հավերժական քաղաք»: Չմոռանանք հիշել, որ դարեր շարունակ գտնվելով պատերազմների թոհուբոհի մեջ, անշուշտ, ավերվել են նրանց ամրոցները, պարիսպները, մշակութային կոթողները, սակայն պատերազմների ավարտից հետո նրանք խնամքով պահպանել են ավերակների մի մասը: Այդ պատճառով ինչպես Հռոմում, այնպես էլ Ֆլորենցիայում, միեւնույն հարթության վրա զբոսաշրջիկները կարող են տեսնել թե՛ 4-րդ դարի, թե՛ 11-րդ դարի, թե՛ 18-րդ դարի, նաեւ այլ դարերից մնացած շինություններ: Ասել է թե, յուրաքանչյուր կայսր կամ երկրի ղեկավար իր սեփական ներդրումն է ունեցել՝ ավելացնելով նախորդի թողած ժառանգությունը: Այդ ամենը նրանց պատմությունն է: Իսկ մեզ մոտ մի ղեկավար թալանել, քանդել է երկիրը, հաջորդն իր մեթոդներով է շարունակել կողոպուտը եւ փոխանակ շենացնելու երկիրը՝ ձգտել ցմահ իշխանության: Եվ տասնյակ տարիների ընթացքում հին Երեւանը եւ հայկական մշակույթը ներկայացնող ինչքա˜ն շինություններ են ավերվել: Բազում օրինակներից մեջբերեմ երկուսը: Երեւանի 9 հասցեում գտնվող ճարտարապետական եւ պատմական մեծ նշանակություն ունեցող Արամ Մանուկյանի տունը քանդել են՝ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար: Այնինչ այն ներառված էր Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում: Կամ՝ Երեւանում քանդել են հուշարձան շենքի պատը՝ առեւտրային օբյեկտի մուտք բացելու համար (Աբովյան 32): Միայն 2000 թվականից ի վեր, Երեւանում ոչնչացվել է 30 պատմամշակութային հուշարձան, որոնց մեծ մասը եղել են 19-րդ եւ 20-րդ դարի շենքեր: Բայց չէ՞ որ դրանք հայ ժողովրդի պատմության կնիքն են կրում իրենց մեջ: Այնինչ այդ ընթացքում 200-ից ավելի եկեղեցիներ են կառուցվել: Դրանց փոխարեն գուցե վերանորոգեին կամ վերականգնեին խարխլված, հին դարերի դրոշմը կրող եկեղեցիներ: Ո՞ւմ ենք ուզում զարմացնել նոր եկեղեցիներով եւ մոդեռն շինություններով: Կառուցման մոլուցք ունե՞նք: Կառուցենք Սարդարապատում, Արցախյան գոյամարտում կյանքի ու մահվան դեմ մաքառած ու նահատակված մեր հերոսների արձանները, որպեսզի ոչ միայն մեր սերունդը հպարտանա նրանցով, այլեւ օտարերկրյա զբոսաշրջիկները նույնպես իմանան մեր պատմությունը մեր հերոսների միջոցով: Իսկ եթե անդրադառնանք մեր ավանդույթներին, նույն դրսից եկած զբոսաշրջիկները հաճույքով մասնակցում են գարեջրի, գինու, տոլմայի, խորովածի եւ այլ փառատոների: Եվ այնպիսի տպավորություն է, որ մենք ունենալով հին եւ հարուստ մշակույթ, 21-րդ դարում ուտիլիտար մտածողությամբ ազգ ենք դարձել: Բայց, փառք Աստծո, Հայաստանը քաղաքակրթության օրրան է: Եկեք չմոռանանք այդ մասին: Եվ եթե Իտալիան տեղակայված է Միջերկրական ծովի սրտում, եւ ցամաքային սահմաններ ունի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Սլովակիայի հետ, ապա մեր աշխարհագրական դիրքը, ցավոք, այնպիսին է, որ մշտապես շրջապատված լինելով թշնամիներով, մենք իրավունք չունենք սուրը պատյան դնելու: Հետեւաբար, ՀՀ պաշտպանության բանակի կողմից պարբերաբար անցկացվող զորավարժություններից բացի, պետք է տարին մեկ անգամ ռազմահայրենասիրական ոգով ինչ-որ տոնակատարություն լինի, գուցե նաեւ մրցույթի ձեւով: Չէր խանգարի, որ օգտագործվեին ռազմական – պատմական տարազներ: Եթե տարբեր երկրներում, Իտալիայի Սիենա միջնադարյան քաղաքում ձիարշավ է անցկացվում, որը յուրօրինակ տոնակատարություն-մրցույթ է, Ֆրանսիայում՝ Բաստիլի գրավման օրն է նշվում որպես ազգային տոն, Բրազիլիայում՝ դիմակահանդես, որը նույնպես ազգային տոն է համարվում, ապա ինչո՞ւ Հայաստանն էլ գրավիչ չդարձնել ռազմահայրենասիրական բնույթի տոնակատարությամբ: Կարծում եմ՝ շատ քիչ է մեր հերոսների անուններով կոչել դպրոցներ ու վարժարաններ: Հայ զինվորի բազկի ուժը պետք է անպայման ընդգծվի ու փառաբանվի նման տոնակատարությունների ժամանակ: Եվ ի տարբերություն իտալացիների, որոնք ապրում են զբոսաշրջությունից գոյացած եկամուտների հաշվին, հայերը չափազանց աշխատասեր են, «հողից հաց քամող ժողովուրդ», երկրի օրհասական պահերին մշտապես միաբանված, պատրաստ անառիկ պահելու հայրենիքի սահմանները: Հիշենք Գարեգին Նժդեհի խոսքերը. «Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբենը, Մամիկոնյանների ուխտը, Բագրատունիների շինարարական մեծագործությունը»: Ուստի երբեք էլ ուշ չէ ազգովի տեր կանգնենք մեր պատմամշակութային արժեքներին, որպեսզի մեր երկիրը տարեցտարի զբոսաշրջիկների համար դառնա ամենահրաշալի ու գայթակղիչ վայրերից մեկը:

Ժաննա Հակոբյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.aravot.am/2019/10/10/1070941/?fbclid=IwAR1WQRmonGOKZhZpTavIJY9dcD_abct1XEHXwpn1oJUqb45K08am1Ec4NUM

Փակել