Հայոց զենքը հայոց պատմությունն է

Հայոց զենքը հայոց պատմությունն է
«Հանուն հայրենիքի», հոկտեմբեր-նոյեմբեր, 2007թ.

Հոկտեմբերի 26-ին Երևանի Ավ.Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» գրքի շնորհանդեսը: Նշենք, որ գրքի առաջին շնորհանդեսը կայացել էր ավելի վաղ, Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնում: Պատմավեպի հիմքում 18-րդ դարի վերջին տասնամյակի օտար բռնապետության դեմ Ղարաբաղի հայության մղած ազգային ազատագրական պայքարի պատմությունն է: Դա տխուր մի ժամանակահատված էր, երբ ղարաբաղցիները կենաց և մահու պայքար էին մղում և´ թուրքերի, և´ պասիկների դեմ: Պատմական հարուստ նյութի հիման վրա հեղինակը գեղարվեստորեն մարմնավորել է ժողովրդական կերպարներ, որոնք մինչև վերջ մարտնչում էին Ղարաբաղի անկախության համար: Շնորհանդեսից հետո մեր թղթակիցը հանդիպեց պատմավեպի հեղինակի հետ:
-Հարգելի Ժաննա, ինքներդ ինչպե°ս կբնութագրեք Ձեր գիրքը:
-Եթե Րաֆֆին «Խամսայի մելիքությունները» գիրքը համարել է իր բոլոր աշխատությունների պսակը, ապա ես նույնպես կուզենայի, որ «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպը դառնար իմ գրքերի մեջ լավագույնը: Ու հավատացած եմ, որ այդպես էլ կլինի: Այս գիրքն իմ նվիրական պարտքն է ժողովրդի հանդեպ:

Կարդալ...


Իմ նպատակն էր անցյալի իրողությունների գեղարվեստական վերակենդանացման ճանապարհով, մեր նախահայրերի հերոսական արարքների օրինակով ժամանակակիցների մեջ դաստիարակել հայրենասիրություն, այդպիսով նպաստել հայ ժողովրդի ազգային ոգու հզորացմանը: Հայ գրողն իրավունք չունի շրջանցելու պատմական անցյալը: Ես ցանկացել եմ հիշեցնելով ապացուցել, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է եղել դարեր շարունակ: Ներկա սերունդներին պետք է բացատրել նաև, որ յուրաքանչյուր ազգ իր ազտությունը նվաճում է սեփական ուժերով, միաբանությամբ: Ցավոք, հայ ժողովուրդը հաղթանակներ քիչ է ունեցել: 18-րդ դարի դեպքերին միտումնավոր եմ անդրադարձել, որ ցույց տամ, թե պարտություններն ինչպիսի աղետներ են բերել մեր ազգին: Այդուհանդերձ, հպարտությամբ ու նվիրումով պետք է վերաբերվենք մեր հաղթանակներին:
-Իսկ ինչպե°ս եք մեկնաբանում գրքի վերնագիրը:
-Քանի որ պատմավեպի հիմքում 18-րդ դարի դեպքերն են, և վեպի մեջ էլ ցույց է տված, որ Ղարաբաղը Հայաստանի այն միակ երկրամասն է, որ կիսանկախ ձևով կառավարվել է մելիքությունների կողմից, թեև շրջապատված է եղել թշնամիներով, նա ստիպած է եղել անընդհատ մարտնչել: Այդպիսին էր մշտապես Ղարաբաղի ճակատագիրըը: Ահա որտեղից է ծագել գրքի վերնագիրը: Այս վեպի միջոցով միաժամանակ ցանկացել եմ ցույց տալ, որ թեև այժմ հարաբերական խաղաղության մեջ ենք, սակայն պատերազմը դեռ ավարտված չէ:
-Ի°նչ կմաղթեք Ձեր ընթերցողներին:
-Գրողի ամենամեծ գնահատականը ընթեղցողների կողմից սիրված լինելն է: Ես գիտեմ, որ իմ գրքերն ընթերցվում են, իսկ ընդհանարապես ընթեղցողներին մաղթում եմ, որպեսզի գեղարվեստական գրականությունից հեռու չփախչեն: Ի վերջո, գրականությունը հարստացնում է մարդու ներաշխարհը, դաստիարակում, զարգացնում է աշխարհայացքը: Որքան մարդը հեռու է գրականությունից, այնքան նրա հոգևոր աշխարհն աղքատ է:
-Իսկ ի°նչ կմաղթեք հայ ժողովրդին բուն Հայկյան թվագրության 4500-ամյակի առթիվ:
-Եթե Հայկյան ոգու շնորհիվ հազարամյակներ շարունակ մենք գոյություն ենք ունեցել, կարծում եմ այսօր այդ նույն հզոր ու հայրենաշունչ ոգին պահպանվում է, և մարդկությունը կպահպանվի այնքան, որքան որ կգոյատևի հայը:

Հասմիկ Բաբայան

Փակել