Հիշողության ընդվզում

Հիշողության ընդվզում
«Հայաստանի հանրապետություն» 25 սեպտեմբերի, 2015թ.

Իրենց գաղափարական հնչեղությամբ ու մատուցման լեզվա-ոճական արվեստով արդիական նշանակություն ունեն ՀԳՄ անդամ, երգիծաբան-իրավաբան, «Ոզնու» կրկնակի դափնեկիր Գրիգոր Մելիք-Սարգսյանի կատակերգությունները, որոնք ընդգրկվել են օրերս լույս տեսած «Գյումրվա տրնգի» խորագիրը կրող գրքում: Որպես գրողի նրան չէր կարող չհուզել ինչպես մեր երկրի, այնպես էլ աշխարհում տիրող խելահեղ անցուդարձը. պատերազմներ, ավերվածություններ, սպանություններ, միլիոնավոր փախստականների հոսք, մարդկային զոհեր:
27 գրքերի հեղինակ Գրիգոր Մելիք-Սարգսյանն իր այս նոր գրքով առաջին անգամ անցում է կատարում դեպի դրամատուրգիա: Գրքում բավականին հետաքրքիր են ընդամենը մեկ գործողությամբ կառուցված «Փսփսոցներ գժանոցում» և «Գռմռոցներ գազանանոցում» կատակերգությունները, որտեղ այլաբանական պատկերների ու երկխոսությունների միջոցով նա քննադատում է մեր իրականության մեջ լայն տեղ գտած պարսավանքի արժանի երևույթները, ուր հաճախ ընդգծվում է երգիծաբանի եզոպոսյան լեզվին հատուկ սրությունը: Յուրացնելով հայ երգիծաբանության, մասնավորապես Հ.Պարոնյանի, Եր. Օտյանի, Լ.Կամսարի ավանդույթները` երգիծաբանը բոլորովին նոր գեղարվեստական հնարքներով է կառուցել իր կատարկերգությունները և խառնելով բոլոր ժամանակները` փորձել է ինքնատիպ լուծում գտնել:

Կարդալ...


Խորապես կապված լինելով իր արմատներին, հայ ժողովրդի դարավոր պատմությանը, նրա իրական ու առասպելական հերոսներին, իր կատակերգությունների համար Գ.Մելիք-Սարգսյանը ոչ թե ավանդաբար գրականության մեջ ընդունված, կյանքից վերցված կոնկրետ նախատիպեր է ընտրել, այլ ստեղծել է ընդհանրական կերպարներ:
Նման կառուցվածք ունեն «Նոյ նավապետի նավահանգիստը և ոսոխների հոգեհանգիստը» և «Ադամի ու Եվայի ժառանգորդները» գործերը: Երկուսի մեջ էլ որպես հայ ժողովրդի հավաքական կերպար հանդես է գալիս առասպելական հերոս Հայկ Նահապետը: Սակայն եթե առաջինի մեջ նա Նոյի հետ մտահոգված է մեր երկրի ներկա վիճակով, ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր կացությամբ ու անկախ Հայաստանի հզորացմամբ, ապա երկրորդ կատակերգությունում Հայկ Նահապետը մարդկային հասարակության տարբեր դարաշրջաններում` պատմական հայտնի փաստերով շաղախված զրույցներ է ունենում աշխարհի մեծերի` թագավորների, բռնապետերի, զորավարների հետ: Նրանց հետ ունեցած հանդիպումներից ընթերցողը քայլ առ քայլ հասկանում է, թե այդ մարդկանցից ովքեր են առավել դաժան և ինչ-որ չափով բարեհաճ եղել հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ: Այս առումով այն նաև ճանաչողական, նշանակություն ունի: Սույն կատակերգության հանգուցալուծումն այն է, որ Հայկ Նահապետը այստեղ դատավորի իրավունքով աշխարհի տիրակալներին կոչ է անում վերջ դնել արյունահեղություններին, ցեղասպանություններին և բռնություններին:
Վերոհիշյալ գործերից իր ասելիքով ու բնույթով տարբերվում է «Գյումրվա տրնգին» կատակերգությունը, որը գրված է գյումրվա բարբառով, գյումրեցուն հատուկ հումորով ու կատակներով: Ի տարբերություն նախորդ գործերի, թեկուզ այստեղ նույնպես խառնված են ժամանակները, բայց հանդես են գալիս կոնկրետ կերպարներ, այդ թվում հայտնի կատակասերներ Պոլոզ Մուկուչը, Ծիտրո Ալեքը, Ջղեր Խաչիկը, Կուժիկը, Չոփուռ Սուրենը,Ղաֆա Սիմոնը, Գմփռ Օնիկը և ուրիշներ, ինչպես նաև Գյումրիի նշանավոր մարդիկ` գուսան Շերամը, Հովհ.Շիրազը, Ավ.Իսահակյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Մինաս Ավետիսյանը: Անշուշտ, այս գործում զգալի տեղ են գրավում աշխույժ երգերը, քառյակներն ու բանաստեղծությունները, որոնք առանձնակի շուք են հաղորդում Գյումրվա հրաշալի միջավայրին: Հյութեղ շարադրանքով գրված սույն կատակերգության մեջ ընդգծվում է երգիծաբանի անսահման սիրով լի վերաբերմունքն իր հարազատ ծննդավայրի, նրա բնաշխարհի ու մարդկանց հանդեպ: Միևնույն ժամանակ ընթերցողը հասկանում է, որ գրողի հոգին նաև մի պահ ընդվզում է ժամանակի դեմ, քանի որ հիշելով սիրելի մարդկանց, խոր ափսոսանք է զգում, որ նրանք այլևս չկան, չկա Գյումրվա նախկին փառքը: Կատակերգությունն ավարտվում է հեղինակի սրտառուչ տողերով.

«Ցավդ տանեմ, դու վիրավոր, իմ Գյումրի,
Հայրաքաղաք կատակի և հումորի,
Թող էլ երբեք պայծառ լույսդ չխամրի,
Հոգիդ լույսով ու հավատով պարուրվի»:

Կատակերգությունների այս շարքը մի նոր առաջընթաց է Գ.Մելիք-Սարգսյանի ստեղծագործական ճանապարհին: Հուսանք, որ նա ստեղծագործական նորանոր որոնումներով կշարունակի հետագայում նույնպես գոհացնել իր ընթերցողական լսարանին:

Ժաննա Հակոբյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

Փակել