Հոդվածներ իմ մասին

Հոդվածներ իմ մասին


«…Կա՛մ հաղթություն, կա՛մ հաղթական մահ»
«Առավոտ», 12 դեկտեմբերի, 2019թ.

Վերջերս հրապարակի վրա դրվեց բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանի թվով 28-րդ գիրքը՝ «Ճակատագրով դատապարտվածները» խորագրով վեպը: Եթե նրա նախորդ «Հայի գենը» (2018թ.) վեպը իսլամացած հայերի մասին է, որտեղ առաջ է քաշվում հայի գենի պահպանման խնդիրը, ապա այս նոր գրքի մեջ Մեծ Եղեռնը վերապրած մարդկանց մասին է: Եվ ոչ միայն: Գիրքը բաղկացած է երկու մասից: Վեպի առաջին մասում արձակագիրը սահմռկեցուցիչ տեսարանների, դեպքերի միջոցով ցույց է տալիս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի դեմ իրագործած Եղեռնի ողջ ողբերգությունը: Առայսօր Թուրքիան ե՛ւ ժխտում է Հայոց Ցեղասպանության փաստը, ե՛ւ շարունակում է ցեղասպան քաղաքականությունը քրդերի հանդեպ: Հարկ է նշել, որ վեպում բավականին հետաքրքիր է գլխավոր հերոսի ընտրության հարցը: Պատանի Ավետիսն անցնելով գաղթի մահասարսուռ ճամփաներով, երբեք չթուլացավ, չընկրկեց, գերադասեց որպես հայ մեռնել քաղցից, բայց երբեք չընդունել մահմեդականությունը:

Կարդալ...

Նա քրիստոնյա հայի այն տեսակն էր, որ ականատես լինելով թուրք բորենիների վայրագություններին, կորցնելով հարազատներին ու ընկերներին, անվերջ մտածում էր ողջ մնալու դեպքում անպայման վրեժխնդիր լինել թշնամիներից: Ահա կոտրված խաչքարի մոտ պատանու երդումը. «Աստված իմ, օգնիր ինձ ազգիս ու հայրենիքիս հանդեպ ունեցած իմ սերը գործով ապացուցել…Թույլ տուր ինձ պատվով պաշտպանելու իմ տառապած ժողովրդի անունը, թեկուզ նահատակվելու գնով…»: Պայքարի նմանօրինակ անկոտրում կամք եւ ուժ են ունեցել «Նեմեսիս»-ի խմբի անդամները, Սարդարապատում, արցախյան պատերազմներում հերոսացած մեր հայորդիները: Գրողը գեղարվեստական վարպետությամբ ու դրամատիկ կառուցվածքով սյուժեն այնպես է զարգացնում, որ ընթերցողը շունչը պահած ու լարված հետեւում է դեպքերի ընթացքին: «Ճակատագրով դատապարտվածները» վեպի երկրորդ մասը հիմնականում վերաբերում է անցյալ դարի 20-ական թվականներին Լեռնահայաստանում ընթացող մարտերին՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ: Անկասկած, այստեղ որպես կենտրոնական եւ շարժիչ ուժ հանդես է գալիս Գարեգին Նժդեհը: Ավետիսի համար նա զորավարի անզուգական կերպար էր: Պատանին իր մարտական ընկերների հետ հպարտությամբ ու ոգեւորությամբ էր լսում ողջ Զանգեզուրը ազատագրած հերոս զորավարի ազգանվեր կոչերն ու հորդորները: Գրքում հրաշալի է պատկերված Նժդեհի անձը որպես հայրենասերի, մարդու, տաղանդավոր փիլիսոփա մտածողի: Հակոբյանը հավատարիմ մնալով պատմական ճշմարտությանը, զորավարի կերպարին կենդանի շունչ հաղորդելու նպատակով օգտագործել է որոշ հատվածներ նրա ելույթներից, նաեւ նշանավոր ասույթներից /«Մեզ հետ է Աստված եւ մեր պատերազմական բախտը», «Բոլոր դարերի անմոռաց պատգամ եմ հղում սերունդներին՝ չներե՛լ, չներե՛լ թուրքին», «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որը պետք է հաղթանակ բերի քեզ» եւ այլն/: Ուշագրավ են ներկայացված նաեւ ուրիշ մարտիկների, այդ թվում վաշտերի հրամանատարների՝ Շահենի, Սիսակի, զինվորական կոմիսար Մելիք Յոլչյանի, հասարակ զինվորների՝ Զավենի, Սարոյի, Գեղամի եւ այլոց կերպարները: Հետաքրքրությամբ են տրված ոչ միայն լեռնային տեղանքներում մարտական գործողությունները, այլեւ 1920թ. ապրիլի 22-ին Գորիսում կազմակերպված զորահանդեսը, զինվորների հոգեբանությունը, պայքարի ոգին, նրանց տագնապներն ու ապրումները, հանգստի ժամերին՝ հումորի զգացումն ու ուրախ կատակները: Ի դեպ, գրողի նախորդ գրքերում («Արյան վրեժ», «Արյան հիշողություն», «Չսպիացած հոգիների ցավը», «Ապրիլյան հերոսամարտ») գլխավոր հերոսները նույնպես նժդեհյան գաղափարախոսության կրողներն են: Նրանք պատրաստ են կռվել ու կյանքը զոհաբերել հայրենիքի համար: Այդ հերոսների շարքն է լրացնում նաեւ պատանի Ավետիսը, որը նահատակվում է դեպի Արցախ գնալու ճանապարհին: «Ճակատագրով դատապարտվածները» վեպն ունի արդիական նշանակություն: Մեր օրերում էլ, երբ կան թյուր կարծիքներ ազատագրված տարածքները ետ վերադարձնելու մասին, նրանց եւս մի անգամ պիտի հիշեցնել Գարեգին Նժդեհի խոսքերը. «Առանց Զանգեզուր – Արցախի չկա Հայաստան: Պիտի հաղթել գոյության իրավունքը չկորցնելու համար: Կա՛մ հաղթություն, կա՛մ հաղթական մահ»:

Գուրգեն ԼՈՌԵՑԻ
Հրանտ ՀՈՐԻԶՈՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝
https://www.aravot.am/2019/12/12/1082743/?fbclid=IwAR3SKTwH5-Ec

Փակել


«…ՆՐԱ ՄԵՋ ԱՂՄԿԵՑ ՀԱՅԻ ԳԵՆԸ»
«Հանուն հայրենիքի», 10 սեպտեմբերի, 2019թ.

Բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանը հասցրել է արդեն քսանյոթ գրքերի հեղինակ դառնալ, որն ինքնին խոսուն ապացույց է նրա բուռն տաղանդի: Հատկապես ստեղծագործական վերջին տասնամյակում նա բազմիցս անդրադարձել է հայ ժողորվդի պատմական անցյալին /«Ղարաբաղի ճակատագիրը», «Արյան վրեժ»/, արցախյան պատերազմներին /«Արյան հիշողություն», «Չսպիացած հոգիների ցավը», «Ապրիլյան պատերազմ»/: Այս առիթով տեղին է հիշատակել բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի խոսքերը. «Ժաննա Հակոբյանը արցախյան անկախության, Արցախի ազատագրության ամբողջ պատմության տարեգիրներից մեկն է»: Գրողն անդրադարձել է նաև Հայոց Ցեղասպանության թեմային /«Գողգոթայի երդվյալ վրիժառուն»/, ուր քննադատության իր սուրն ուղղում է այսօրվա բռնապետական Թուրքիային, Հայոց Եղեռնը ժխտելու նրա քաղաքականությանը: Իսկ բոլորովին վերջերս լույս տեսած գրողի «Հայի գենը» վեպը Եղեռն վերապրած ժառանգների մասին է: Այսինքն` Թուրքիայում ապրող թուրքական տարազի մեջ հայտնված իսլամացած հայերի մասին է, մի թեմա, որն առնչվում է 20-րդ դարասկզբին իր պատմական բնօրրանում հայ ժողովրդի դեմ իրագործված աննախադեպ ոճրագործությանը:

Կարդալ...

Այս գրքում սակայն մերկապարանոց չէ այդ առնչությունների բացահայտումը: Ժաննա Հակոբյանի գրչի ներքո զարմանալի դրամատիկ հոգեբանական անցումներով և կերպարանափոխումներով է դրսևորվում պատմության երեկվա օրն ու ներկան: Վեպի սյուժետային զարգացումը կառուցված է իրական փաստերի ու պատմական դեպքերի հիման վրա: Գլխավոր հերոսը Գրիգոր Ակչամն է, մեկն այն հայերից, ովքեր շատ ուշ տարիքում հայտնաբերում ու բացահայտում են իրենց իսկակական արմատները: Երգիչ Ակչամը բացառիկ ըմբոստ հոգու տեր արվեստագետ է: Իմանալով իր հայկական արմատների մասին, նա առանց վարանելու հրապարակավ փոխում է թուրքական Սայիդ անունը և համարձակ պայքար սկսում Թուրքիայում փոքրամասնությունների նվաստացված իրավունքները պաշտպանելու համար: Թուրք կինը` Ռահիմեն, երեխաների հետ հեռանում է տնից, եղբայրը` Քյերիմը, թշնամական դիրք է բռնում, երկու անգամ մահափորձ իրականացնելով եղբոր դեմ: Բայց դա չի վհատեցնում նրան: Ակչամը հոգեբանական ուժեղ ու մաքառող կերպար է: Նա ըմբոստանում է անգամ ծնողների դեմ, ովքեր իրենից տարիներ շարունակ թաքցրել էին հայ ինքնության վերաբերյալ իրողությունը: Այդ առիթով ջղային պոռթկումով հետևյալն է շեշտադրում. «Ես տեղյակ եմ, հայրի՞կ, որ թուրքացած հայերից շատ քչերն են կարողանում առերեսվել իրականության հետ: Հետևաբար, եթե թուրքացած հայը չի կարողանում ճակատ առ ճակատ կանգնել իր անցյալի հետ, ապա Թուրքիան ինչպե՞ս է առերեսվելու ճշմարտությանը, երբ խնդրո առարկան նրա սեփական պատմությունն է»: Սա պատմական ու քաղաքական անուրանալի ճշմարտություն է, որը հնչում է վեպի գլխավոր հերոսի շուրթերով: Այսպիսով, գրքում իշխող տրամադրությունը` հանուն հայ ինքնության պահպանման, պայքարի շարունակությունն է: Գրողը բնականոն է դարձնում այս ուղու ընտրությունը, եթե հայությունը որպես ժողովուրդ ցանկանում է չկորչել օտարազգիների հեղեղի մեջ և մնալ որպես հայ հավաքականություն: Խորհրդանշական է այն հանգամանքը, որ հայ ինքնության համար մղվող պայքարի ճակատ շարունակում է մնալ Ստամբուլը` հինավուրց Կոստանդնուպոլիսը, որը նախկին հարյուրամյակներում հայկականության ու հայեցիության խիտ շերտեր ու գույներ է ամբարել իր մեջ: Սակայն դա այն Պոլիսն է, որտեղ առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հղացվեց արևմտահայության տեղահանման և բնաջնջման հրեշավոր դավադրությունը, որտեղ 1915թ. ապրիլին ձերբակալվեցին արևմտահայ ամենից անվանի կրոնական, հոգևոր-մշակութային, գրական և հասարակական գործիչները: Եվ բյուզանդական կայսրության նախկին մայրաքաղաքը և հայկական մշակույթի երբեմնի փառահեղ կենտրոնը կարծես պատմության կողմից` ի վերուստ տրված նորովի դերակատարություն է ստանձնում: Հայ ինքնության ու հայկական ինքնագիտակցության վերարթնացման և վերականգնման էպիկենտրոնը գտնվում է Ստամբուլում, որտեղից հզոր լուսարձակի ճառագայթների պես տարածվելու է արևմտահայկական գավառներում: Այդ ամենի մասին է վկայում գրող և գրականագետ Ժաննա Հակոբյանի սույն վեպը, որում ծավալվող իրադարձությունների կենտրոնատեղին Ստամբուլն է, այն քաղաքը, որի շունչը, դեմքն ու դիմագիծը այս վեպի էջերում սքանչելի է արտահայտված:
Գրքում կենսականորեն կարևոր հարցադրումներ են հնչում, որոնցից շատերը թարմ հնչողություն ունեն: Այդպիսի էական հարցադրում է գրողի այն դիտարկումը, որ մարդու էթնիկ պատկանելությունը որոշվում է նախնիների ազգությամբ, ինչը չի պահպանվե թուրքերի մոտ: Թուրքիայում հայը լինելով ծպտյալ, ծնվելով «թուրք» կամ քուրդ և իմանալով իր արմատների մասին, սկսվում է նրա մոտ խառնաշփոթ վիճակ ու պայքար ոգու, արյան, գենետիկ ժառանգության, հիշողության և իրականության միջև, որը հաճախ ծայրահեղ դրսևորումներ է ունենում: Ժաննա Հակոբյանի խորին համոզմամբ գրում է. «Այն հայերը, ովքեր կարողանում են իրենց մեջ արթնացնել իրենցից օտարված, քնած գեները, վստահաբար անվախ են: Իսկ հայությունից հեռանալը նրանց համար նաև հայատյացություն է, որը նաև դառնում է հենց հայի ու հայության դեմ գործող զենք օտարների ձեռքին: Սայիդի մեջ աղմկեց հայի գենը»: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ հեղինակի աչքից չի վրիպել քրդական հարցը: Հակոբյանը մի շարք ողբերգական դրվագների միջոցով պատկերել է, թե ինչպես են թուրքերը դաժանաբար հաշվերհարդար տեսնում քրդերի հետ: Գրողը զուգահեռներ է անցկացրել Հայոց Ցեղասպանության և այժմ Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող գործողոությունների միջև:
Ինչպես տեսնում ենք, գիրքն աչքի է ընկնում պատմության խորունկ /չաղավաղված/ ճշմարտություններով, որոնք այնքան անհրաժեշտ են հայ և օտարզգի ընթերցողներին: Այն տարածաշրջանի ժողովուրդներին գեղարվեստական գեղեցիկ ոգով ու ինքնատիպ ոճով հրամցված հորդոր է` առերեսվել իսկական, օբյեկտիվ պատմության հետ, ոչ թե սուտ պատմությունը պարտադրել մարդկությանը:
Ժաննա Հակոբյանին հաջողվել է ստեղծել գեղարվեստական անուրանալի հատկություններով և վեհ գաղափարայնությամբ շնչող արժեքավոր մի գործ: Եվ հանուն պատմական արդարության, հանուն բարձր գրականության, անհրաժեշտ է, որ վեպն անպայման թարգմանվի նաև օտար լեզուներով` նախ և առաջ անգլերեն, թուրքերեն և քրդերեն:

Արմեն Կարապետյան
Պատմական գիտությունների թեկնածու,
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Փակել


Մեզնից յուրաքանչյուրը կրկնակի ճակատագրի տեր է
«Հայաստանի Հանրապետություն», 28 դեկտեմբերի, 2018թ.

Բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանը տպագրեց իր 26-րդ գիրքը՝ «ՀԱՅԻ ԳԵՆԸ» խորագրով: Հատկապես վերջին տարիներին ստեղծած նրա գործերը թեմատիկ առումով ու գաղափարական ատաղձով հետաքրքիր շղթայով են միմյանց հետ կապակցված: Դրանք սկսվում են Արցախի ծանր շրջանների մասին պատմական գործերից/«Ղարաբաղի ճակատագիրը», «Արյան վրեժ»…/ և ավարտվում «Հայի գենը» վեպով: Այն Թուրքիայում ապրող իսլամացած հայերի մասին է: Ի դեպ, հայերի հանդեպ թուրքերի ատելությունն ու մարդասան գործողություններն են պատկերված նաև Արցախին նվիրված նրա գործերում: Ահա ինչու «Հայի գենը» գրքում գրողը ընդգծել է Եղեռն տեսած մեր նախնիների միջոցով փոխանցված արյան, հայի գենի կարևորությունը: Պոլսաահայ հայտնի լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի օրինակով ցույց է տրված, թե ինչքան ծանր է հայ լինելը և բարձրաձայնելը Թուրքիայում: Ցավոք, առայսօր նրանց դպրոցական դասագրքերում ատելություն են սերմանում հայերի հանդեպ՝ համարելով դավաճաններ: Եվ այն թուրք մտավորականները, ովքեր բարձրաձայնում են Ցեղասպանության մասին, հայտնվում են բանտերում: Թուրքերը չեն ձերբազատվում արդեն չորս սերունդ ձգվող ժխտողական պատմության կապանքներից: Մինչդեռ ցեղասպանության մասին հուշերը, պատկերացումները սերնդեսերունդ փոխանցվելով՝ ապրում ու միշտ թարմ են մնում հայերի հիշողության մեջ:

Կարդալ...


Գրքի գլխավոր հերոսը՝ Գրիգոր Ակչամը, Հրանտ Դինքի գաղափարների կրողն է, որը կապված է երկրի առաջադիմական, առողջ ուժերի հետ: Հասուն տարիքում է նրան հայտնի դառնում ճշմարտությունն այն մասին, որ նախնիները եղել են հայեր և վերադառնում է իր ազգային ինքնությանը՝ փոխում անձնագիրը, անունը, դառնալով քրիսոտոնյա: Գեղարվեստական վարպետությամբ ու հոգեբանական խորությամբ են ներկայացված նրա մտորումները, տագնապներն ու հույզերը, մանավանդ որ նրանից երես են թեքում կինը, զավակները և ընկերների ու երկրպագուների մի մասը: Քառասուն տարեկանում նա հայտնվում է կյանքի բոլորովին այլ հարթության վրա, որը լի էր ավելի շատ հիասթափություններով, խոչընդոտներով, ինտրիգներով: Նա այլ աչքերով է նայում իր ծննդավայրի պատմական հուշարձաններին, որոնց մեծ մասը ստեղծվել է հայ հայտնի ճարտարապետների ձեռքերով, սակայն, ցավոք, զբոսաշրջիկներին հաճախ տեղեկացնում են, որ կառուցվել են իտալացիների կողմից: Բարեբախտաբար, նա ուներ հավատարիմ ընկերներ, որոնց թվում էր և ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը, որը բոլորովին վերջերս հրաժեշտ տվեց կյանքին: Նրա գաղափարակիցներից էր հայերենի ուսուցչուհի Երանուհին, որը նույնպես մտածում է, որ ծպտյալ հայերը պետք է բացահայտվեն, այլապես իրենց ինքնության համար չեն կարող պայքարել: «Հայկական մշակույթը տոգորված է ազատագրական ոգով ու գաղափարախոսոթյամբ, սակայն մահմեդականություն ընդունելով՝ հայը ոչ միայն հերքում է ազատագրական պայքարի ոգին, այլև համաձայնվում դառնալ թշնամու գաղափարախոսության կրողը»,- ասում է նա: Այնինչ գլխավոր հերոսի հակապատկերն է նրա եղբայրը, որն ազգայնամոլ է, «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ: Նա մի քանի նա անգամ մահափորձ է կատարում եղբոր դեմ՝ ի վերջո հայտնվելով ճաղերի ետևում:
Գրքում գլխավոր հերոսի շուրջն են ստեղծված հետաքրքիր պատմություններն ու դրվագները, այդ թվում Ստամբուլի պատկերը, թուրքական բարքերը, բանտերի պայմանները, երկրի տարբեր շրջաններում քրդերի դեմ տարվող ջարդերը, մահմեդականություն ընդունած հայերի ամենօրյա վախի զգացումը և այլն: Վեպում հանդես եկող կերպարներից յուրաքանչյուրն ունի իր ամբողջական նկարագիրը՝ վարքագծով, մտածելակերպով, հոգեբանական առանձնահատկություններով: Այդպիսով, ընթերցողի առջև աստիճանաբար ընդգծվում է ժամանակակից բռանապետական Թուրքիայի պատկերը: Հեղինակին հաջողվել է գեղարվեստական ինքնատիպ հնարքների ու հանգուցալուծումների օգտագործման շնորհիվ քննադատության սյունին գամել այսօրվա Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը:
Վեպում բավականին խորհրդանշական ու խորիմաստ են հնչում Ժաննա Հակոբյանի հետևյալ տողերը. «Մեզնից յուրաքանչյուրըը կրում է կրկնակի ճակատագիր: Մեկը մեր սեփական ճակատագիրն է, մյուսը՝ տոհմի ճակատագիրը: Հայ ժողովրդի դաժան ճակատագիրն է պատճառը, որ հայերի համար արյունը, գենետիկան հանդիսանում է բնական ներուժ պարունակող մեծ գործոն»:

Վարսիկ Հարությունյան, լրագրող

Փակել


Արցախի ցավը իմ ցավն է
«Գրական թերթ», 25 մայիսի, 2018թ.

Արցախի ազգային-ազատագրական շարժման 30-ամյա տարելիցին էր նվիրված օրերս Ստեփանակերտի Մ.Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կազմակերպված հանդիպումը գրող, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանի հետ: 25 գրքերի հեղինակի ստեղծագործական կյանքի անբաժանելի մասն են կազմում Արցախին նվիրված հայրենասիրական երկերը /«Ղարաբաղի ճակատագիրը», «Արյան վրեժ», «Արյան հիշողություն», «Չսպիացող հոգիների ցավը», «Ապրիլյան հերոսամարտ»/:
Գրադարանի տնօրեն Անահիտ Բաղրյանը հուզմունքով իր խոսքի մեջ ընդգծեց, որ գրողի գրչի տակ այնպես են կենդանի շունչ առել պատերազմի մասին պատմող զրույցներն ու երկխոսությունները, զինվորների հերոսական արարքներն այնպիսի հոգեբանական խորությամբ են ներկայացված, որ կարծես կինոժապավենի պես տեսանելի են դառնում պատերազմների սարսափելի պատկերները: ԼՂՀ վաստակավոր դերասան Սամվել Եվրիյանը իրավամբ նշեց, որ Հակոբյանն իր զորեղ կամքի ու տաղանդի շնորհիվ նվաճել է ընթերցողների սերը և որ նրա ներշնչանքի աղբյուրը ծննդավայր Արցախն է:

Կարդալ...


Արցախի ԿԳ նախարարության կրթության բաժնի պետ, հոգեբան Լուսինե Ղարախանյանն անդրադառնալով Հակոբյանի ստեղծած կերպարների հոգեբանական վերլուծությանը, նշեց, որ գրողն ունենալով հուզական ընդարձակ աշխարհ, իր գրքերում որպես արհեստավարժ հոգեբան է ներկայացրել մեր հայ քաջորդիների ներաշխարհը, հուզումները, տագնապները, սխրանքները, ինչպես նաև սերունդների՝ հայրերի ու որդիների կապը, հայրենիքի սահմանները անառիկ պահելու նրանց ձգտումը:
Նրա համար տպավորիչ էր զինվորներից մեկի՝ Վարդանի աղոթքն առ Աստված, որից մեջբերեց հետևյալ տողերը. «Ամենազոր Տե՞ր, քո հոգևոր սպառազինությամբ լցրու հոգիս սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինելու վճռականությամբ: Միշտ տոկուն պահիր զինակիցներիս, հրամանատարներիս ու ինձ…»: «Ստեփանակերտ» թերթի խմբագիր, գրող Սոֆյա Սարգսյանը բարձր գնահատելով Հակոբյանի հայրենասիրական ավանդը՝ հպարտությամբ նշեց. «Ներկա սերունդն իր հերոսություններով իրականում ապացուցեց, որ միմիայն կյանքի գնով կարող է պահպանվել հայրենի հողը»: Բանաստեղծուհի, լրագրող Սիրվարդ Մարգարյանը կարևորելով գրողի դերը ժամանակակից հայ գրականության մեջ, շեշտեց, որ առանց հուզականության հնարավոր չէ ընթերցել արձակագրի գրքերը, քանի որ գեղարվեստական պատկերները և հերոսների կերպարները ներկայացնելիս մեր առջև հառնում է հուզառատ բանաստեղծուհին: Այնուհետև իրենց հետաքրքիր ելույթներով հանդես եկան բանաստեղծ Գագիկ Բեգլարյանը, Անուշ Հարությունյանը, Գայանե Ծատրյանը: Վերջում շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Ժաննա Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Որտեղ էլ որ գտնվեմ, իմ սիրտը մշտապես բաբախում է Արցախի կարոտով, քանզի Արցախի ցավն իմ ցավն է, հայրենիքիս ուրախությունը՝ իմ ուրախությունն է»:

Վարսիկ Հարությունյան, լրագրող

Փակել


Արցախցի գրողի սիմֆոնիկ հնչողություն ունեցող երկերը
«Առավոտ», 10 մարտի, 2018թ.

Հրատարակվել է Հենրի Առուշանյանի հերթական աշխատությունը՝ «Գրողի դիմանկարը» մենագրությունը՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանի գործունեության 25-ամյակին:
Native ads by Caramel «Առավոտի» հետ զրույցում Հենրի Առուշանյանը նշեց, որ Ժաննա Հակոբյանի շուրջ 25 գործեր անվերապահորեն կրում են հեղինակի անձնական եւ անանձնական կյանքի, խառնվածքի դրամատիկ դրոշմը: Հարցին, թե ինչո՞ւ հեղինակին՝ բացի գրական գործունեությունից, հետաքրքրել է գրողի կենսագրության մանրամասները նույնպես, պարոն Առուշանյանը պատասխանեց. «Տասնյակ տարիներ ի վեր Ժաննան իմ ուշադրությունը գրավել է ոչ միայն բեղուն ու բազմաժանր գրչով, այլեւ հասարակական ակտիվությամբ, առողջ կենսադիրքի որոշմամբ ու դրամատիկ խառնվածքով: Բնականաբար, ինձ չէին կարող չհետաքրքրել նրա կենսագրության մանրամասները՝ թե ինչպիսի միջավայրում է ապրել, սովորել ու մեծացել ապագա գրողը, ինչ դժվարությունների միջով է անցել եւ ինչպիսի կամքի ուժով է հաղթահարել դրանք, քանի որ նրա թե՛ բանաստեղծական, թե՛ արձակ էջերը լի են բազմաշերտ իմացազգացական թախիծով, սիրով ու լավատեսությամբ»:

Կարդալ...


Զրույցի ընթացքում Հենրի Առուշանյանը տեղեկացրեց, որ Ժաննա Հակոբյանի հետ իր առաջին հանդիպումը 1998 թվականին էր, երբ տպագրվել է գրողի բանաստեղծությունների հերթական՝ «Ինձ մի՛ որոնեք» խորագրով գիրքը: «Առաջին տպավորությունից զգացի, թե Ժաննան ինչքան նրբագեղ է իր պահվածքի մեջ, մտքերը շարադրելիս, հաղորդակցվելիս: Ունի հումորի զգացում, լայն մտահորիզոն, անչափ համեստ է ու բարեկիրթ… Հետո միայն իմացա, որ նրա պոեզիան գնահատել են մեր այնպիսի գրողներ ու գրականագետներ, ինչպիսիք են Հ.Սահյանը, Մ.Հարությունյանը, Բ.Ջանյանը, Ա.Ղազինյանը, Վ.Վանատուրը եւ ուրիշներ,- ասաց գրքի հեղինակն ու շարունակեց,- սիմֆոնիկ հնչողություն ունեցող իր գործերում Ժաննան ներսուզվում է մեր ապրած ժամանակի ու օրերի, մարդու ներաշխարհի մեջ եւ ձեւաբովանդակային ներդաշնակությամբ, ասելիքին հարիր բառապատկերներով ներկայացնում է մարդուն ամբողջությամբ»: Հենրի Առուշանյանը հայտնեց նաեւ, որ ավելի ուշ՝ 2001թ. սկսեցին տպագրվել գրողի արձակ գրքերը. «Ժաննայի տպագրած 25 գրքերից 16-ը, այդ թվում՝ «Արեւոտ արցունքներ», «Սիրո շղթաներ», «Սեր եւ պատիժ», «Մոխրացող վարդի բույրը», «Օտար երազներ» եւ այլն, վեպեր ու վիպակներ են, որոնց մեծ մասում արծարծվում է սիրո եւ ամուսնության թեման: Ընդ որում, գրողը նաեւ պատմական թեմաներով մի շարք վեպեր ու վիպակներ էլ է հեղինակել, անդրադառնալով մեր ժողովրդի պատմական անցյալին, տարբեր պատերազմական դրվագներին եւ այլն: Լինելով բնիկ արցախցի, նրա հայրենապաշտ հոգին առանց հապաղելու արձագանքում է հայրենիքի հետ առնչվող ցանկացած իրադրության: Նման գործերից են «Ղարաբաղի ճակատագիրը», «Գրչով եւ զենքով», «Արյան վրեժ», «Չսպիացող հոգիների ցավը», «Ապրիլյան հերոսամարտ» եւ այլն»:

Սամվել Դանիելյան

Փակել


Վասն քառօրյա հերոսապատման
19 մայիսի, 2017թ. «Գրական թերթ»

Բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանն իր գրական ուղերթը սկսել է բանաստեղծություններով: Քնարադրամատիկ շնչի բանաստեղծուհուն սեփական գույների, իր խառնվածքին և հոգուն հարազատ կետերի որոնման ճանապարհին հենարան եղան իր ճակատագից, կյանքից ստացած փորձը, ամբարված գիտելիքները, ներաշխարհից եկող էներգետիկ լիցքերը, աշխարհի հետ անկեղծ զրուցելու անկասելի մղումը: Հիշենք «Սիրո աղոթքներ», «Վիրավոր անուրջներ», «Ինձ մի որոնեք», «Մի չափեք ճնշումս» և այլ ժողովածուներ, որոնք քնարական հերոսի տրամադրությունների, խոհերի ու ապրումների, հուսալքության ու հուսավառության արտահայտություններ են: Բայց ինչպես հաճախ է պատահում գրողներից ոմանք չափածոյից անցնում են արձակի: Ընդ որում դա ինքնանպատակ քայլ չէ, այլ ներքին պահանջ, քանզի տարիների ընթացքում կուտակված փաստերն ու իրողությունները գեղարվեստական գեղրավեստական մարմնավորման մի այլ «ձևաչափ», հունավորում են պարադրում, իսկ դրա հնարավորությունը տալիս է արձակը:

Կարդալ...


Ժաննա Հակոբյանի գրիչն այս տեսակում էլ բեղուն եղավ: Նա ընթերցողի դատին հանձնեց տարաբնույթ թեմաներով վեպեր ու վիպակներ: Դրանց շարքում, անշուշտ, առանձնանում է «Ղարաբաղի ճակատագիրը» ստվարածավալ պատմավեպը, որը նվիրված է Արցախի 18-րդ դարի մելիքական շրջանի պատմության դրվագներին ու պատմական դեմքերին: Գրողն անցյալում կատարված գործողություններին, դրոշմված փաստերին գեղարվեստական արտացոլանք է տալիս պատմության փորձի ու հիշողության դաս-բանաձևի լույսի ներքո: Պատմական ատաղձի վրա են ստեղծված նաև նրա «Արյան վրեժ», «Գողգոթայի երդվյալ վրիժառուն», «Չսպիացող հոգիների ցավը» վեպերը: Եվ ստեղծագործական այս վաստակի, գրական վարպետության հերթական ապացույցն է «Ապրիլյան հերոսամարտ»/ՎՄՎ-Պրինտ, 2017թ./ գիրքը, որը նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյակին: Վիպակի խորագիրն իսկ արդեն հուշում է ընթերցողին, որ խոսքը վերաբերում է մեկ տարվա հեռավորություն ունեցող թուրք-ազերիների կողմից ուխտազանց հարձակման ապրիլյան քառօրյա պատերազմին` հավակնելով բռնազավթել հայկական տարածքները: Այսօրինակ բռնազավթումների համար է հավանաբար Դոստոևսկին գրել. «Եվ մենք կոչվում ենք ազգ, կոչվում ենք մարդ: Այդ դեպքում ո°րն է գազանը»: Իրական դեպքերի, հերոսների, գրական կերպարների հենքի վրա է հյուսելով հերոսապատումի դրվագները, Հակոբյան-արձակագիրը գեղարվեստական ու հրապարակախոսական պաթոսի շաղախով ներկայացնում, մենաբանում է պարտադրված պատերազմի ողջ սարսափները, զինվորների ինքնակազմակերպման, տագնապների, երազանքների, գիտակցված պայքարի ու հավատի, բազմակնճիռ իրավիճակների հոգեբանական և կենսաբանական ապրումները ու զգոնության, ճիշտ կողմնորոշվելու, թշնամուն դիպուկ հարված հասցնելու անկոտրոմ կամքը, որոնք էական հատկանիշներ են կազմում վիպակի պոետիկայում: Ակնհայտ է, որ վիպակի բովանդակությունն ընկալվում է հիմնականում Մատաղիսի, Թալիշի /Մարտակերտի շրջան/ ուղղություններով թշնամու հանկարծահաս հարձակումների դրվագներով: Բայց սյուժեի առանցքում պատերազմական գործողություններից զատ առկա են երիտասարդ հայ զինվորների ցուցաբերած սխրանքները, նրանց տագնապներն ու կամքը, երազանքներն ու ու կարոտը, հայրենազգացության ոգեղեն ուժը, թիկունքի աջակցությունը, դպրոցականների գրած սրտառուչ, գոտեպնդող նամակները: Սրանք, ըստ էության, առանձին-առանձին դիտարկելիս, բացահայտում են մարդու` հայի տեսակի հոգու և գոյի ներանձնական արժեքները, որոնք խորիմաստ դրսևորումներ են ստանում գնդապետ Տիգրան Աբրահամյանի հայրական հոգատարության, հորդոր-հրամանների, կարճատև զրույցների ժամանակ, Արսենի, Վարդանի, Սամվելի, Թաթուլի, Դավթի, Գոռի, Գևորգի, Արամի և մյուսների մարտական գործողություններում, կարճատև և թշնամու հրետակոծությունից ընդհատվող զրույց-երազանքներում, կարոտներում… Բոլոր դեպքերում հայ դիրքապահներից յուրաքանչյուրը մի հերոս է, գրական կերպար` իր նախատիպով, հաղթանակի նկատմամբ իր համոզմունքներով ու հավատով: Եվ առնաձնացնել որևէ մեկին, կարծում ենք արդարացի չէր լինի, քանի որ նանց բոլորին համախմբել, ինքնաճանաչման և անձնուրացության է մղել հայրենիքի, հարազատ հողի և օջախների զգացողությունը ժառանգաբար փոխանցված հիշողությունը: Այդ պատճառով էլ քառօրյա պատերազմում թշնամին արդեն որերորդ անգամ խայտառակ պարտություն կրեց: Ժաննա Հակոբյանի անձնական և գրական կյանքի իմաստը կարծես Արցախ- Ղարաբաղի ճակատագիրն է, որովհետև թե° նախորդ գործերում և թե° «Ապրիլյան հերոսամարտ» վիպակում այնքան դիպուկ են պատկերված իրադարձությունները, պատերազմական իրավիճակում զգացնել տվող թերացումները, որ թվում է` գրողը ողջ պատերազմի ընթացքում եղել է մարտնչող, արժանապատվության բարձր զգացում ունեցող քաջարի և անվախ դիրքապահների, հրամանատարների մոտ: Տեղին է մեջբերել հեղինակի խոսքերը հայրենի երկրի մասին.«Հայրենիքն այն եզակի վայրն է, որի անվտանգության համար պատասխանատու ենք բոլորս, քանի որ ամեն մեկիս կյանքը և ճակատագիրը կախված է հայրենիքի ճակատագրից»: Պատահական չէ, որ արձակագիր- Հակոբյանը հայրենանպաստ գործունեության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Օհանյան» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալներով:

Հենրի Առուշանյան

Փակել


Հաղթանակի ու ցավի օրագիր
«Հայաստանի հանրապետություն», 27 ապրիլի, 2016թ.

Հրապարակի վրա է արձակագիր, բանաստեղծ Ժաննա Հակոբյանի հայոց բանակի ստեղծման, ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված «Չսպիացող հոգիների ցավը» վեպը: Փաստավավերագրական հենքի վրա ստեղծված գեղարվեստական այս գործում հեղինակն անդրադարձել է արցախյան ազատամարտի թոհ ու բոհով անցած, զինվորական հարուստ կենսագրություն ունեցող մի խումբ ազատամարտիկների՝ Մուշեղի, Միքայելի, Եգորի կերպարներին, ովքեր կռվել էին հերոս հրամանատարների՝ Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ: Սակայն ընթերցողը ցավով ականատեսն է դառնում պատերազմի հետևանքով նրանց խեղված ճակատագրերին: Սամռկեցուցիչ առանձին դրվագների միջոցով ցույց տալով մեր դարավոր թշնամու սարսափելի արարքներն ու վայրագությունները, արձակագիրը հոգեբանական խորությամբ ու հուզականությամբ վեր է հանել հայ քաջազունների անձնազոհությունն ու հակառակորդին մինչև վերջ ջախջախելու մեծ ուժը:

Կարդալ...


Վեպի խորագիրն էլ մեզ հուշում է, որ պատերազմը վիթխարի հոգեկան վերք է թողնում մարդկային սրտերում: Ավելին. այդ վերքերը երբեք չեն սպիանում հայի գենը կրող ռազմիկների մոտ, քանզի նա պարտավոր է մշտապես մարտնչել իր հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար՝ անցնելով արյան ու մահվան ճիրանների միջով: Գրքում գրողի հայրենասիրության, արցախապաշտության, հայրենի հողի ու մարդկանց ունեցած սերն արտահատված է ցավով ու տառապանքով, իր իսկ աշխահազգացման պրիզմայով: Անգամ քնարաշունչ գեղարվեստական հատվածները թաթախված են արցախյան գույներով ու բույրերով, ազգային արմատներին հավատարիմ մնալու ինքնախոստումներով:
Ուշագրավ է ազատամարտիկներից մեկի՝ Եգորի ռազմական օրագրի հետևյալ գրրառումը. «Այսօր ազգովին տոնում ենք Շուշիի հաղթանակը: Պատերազմը դեռ չի ավարտվել: Մի բան լավ ենք հասկանում, որ հայերն ազատ ապրելու իրենց իրավունքը հաստատեցին պատմական հայրենիքում: Արցախը միշտ մերն է եղել ու կլինի ընդմիշտ: Մեր հողերի համար պատրաստ ենք արյուն թափել՝ արհամարհելով մահը: 9 մայիսի, 1992թ»:
Այսպիսով, հեղինակի դիտարկմամբ, մարդու գնահատման չափանիշը հայրենասիրությունն է և որ խաղաղության լավագույն գրավականը զինված լինելու մեջ է: Ժաննա Հակոբյանի այս վեպը յուրօրինակ հայրենյաց դաս է՝ ուղղված այսօրվա երիտասարդ այն սերնդին, որը 22 տարի անց՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ապացուցեց, որ ոչ միայն հետևում է նախնիների ու հայրերի հերոսական օրինակին, այլև գերազանցում է նրանց իր խիզախությամբ, մարտական ոգով ու սխրանքներով: Հավատացած ենք, որ մեր հայրենիքի նվիրյալները, ովքեր գիշեր ու տիվ հսկում են մեր երկրի սահմանները, պատրաստ են ցմահ սուրը պատյան չդնել, քանի որ վերջնականապես չի ջախջախվել հայ ժողովրդի ցեղասպան թշնամին:

Հենրի Առուշանյան

Փակել


Ցեղասպանությունը վաղեմություն չունի
«Հայաստանի հանրապետություն» թերթ, 23 ապրիլի, 2015թ.

Բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանը առևերևես է արել իր հերթական 24-րդ գիրքը` «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» խորագրով: Նոր գիրքը գրողի ստեղծագործական կենսագրության մեջ հայտանշվում է նոր թեմատիկայով և յուրահատուկ նկարագրով: Փաստավավերագրական, գեղարվեստական ու հրապարակախոսական շաղախով շարակարգված վեպը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Գրքի ատաղձը կազմում է Եղեռնի մահաշունչ սարսափն իր հոգու և մաշկի վրա զգացած Արևմտյան Հայաստանի Դատեմ գյուղի մի պատանու` Ավետիսի զրկանքներով, նվաստացումներով, փշրված երազանքներով լի դժոխային կյանքի ուղին` կապված Առաջին աշխարհամարտի, մեծ տերությունների շահերի բախումով, աշխարհահաքաղաքական զանազան խաղերի, կեղծապատիր խոստումների, բարեփոխումների հետ:
Չափազանց հուզիչ են պատկերված հրո ճարակ դարձած հայկական գյուղերն ու քաղաքները, բռնագաղթի և անորոշության ճամփան բռնած աքսորականների կերպարները, կաթոլիկ և բողոքական միսիոներների քարոզներից մտամոլոր ու շվարած հարյուր հազարավոր անմեղ մարդիկ, ինչպես նաև սահմռկեցուցիչ այլ տեսարաններ:

Կարդալ...


Ահա գրողի ներկայացրած հուզիչ մի պատկեր. «Քաղց, ծարավ, բռնություններ, անթաղ դիակների կույտեր»: Սրանք էին երկար ժամանակ ուղեկցում հայ տարագիրներին:
Ողջ հայ ազգի առջև թուրք գազանները բացել էին դժոխքի դռները և վայրենի հռհռոցով հետևում էին ժողովրդի սպանդին»: Այս ամենը վեպում նկարագրված են համադրական արձակի չափանիշներով, փաստագեղարվեստական ոճավորմամբ: Շրջանառության մեջ դնելով տարիների ընթացքում ականատեսներից, նրանց հարազատներից լսած պատմությունները, վկայությունները, ուսումնասիրելով պատմագիտական բազում նորահայտ փաստեր, Ժաննա Հակոբյանը ստեղծել է գեղարվեստական մի երկ, ուր հերոսների ֆիզիկական ու հոգեկան ցավը, տանջալից մահը չեն կարողացել մարել հայ մարդու մաքառման ոգին: Իրավիճակի օրհասական լինելու հանգամանքն ըմբռնելով` նրանք մղձավանջից ելք որոնելու լուռ կամ բարձրաձայն ընդվզումի հոգեբանական տեղաշարժեր են արձանագրում իրենց զրույցներում, մտորումներում, վերհուշերում: Դատապարտելով սուլթան-համիդյան կոտորածները, 1915 թվականի «երիտ-թուրքական» բարբարոսությունները` հեղինակը հայասպան բուն թուրքերից հետո անարգանքի սյունին է գամում գերտերություններին` վիպական պատումի գեղարվեստական տարածությունում ընդգրկելով նրանց քաղաքական-պատումի գեղարվեստական տարածությունում ընդգրկելով նրանց քաղաքական-շահադիտական նկրտումների ողջ նողկալիությունը: Ելակետային այդ դրույթները հաստատելու, վեպի կառուցվածքային ոճը պահպանելու միտումով էլ գրողը հեգեբանական հասունացման, ինքնաորոնման ու ինքնաճանաչման և վրեժխնդրության ծավալուն էջերի նկարագրությամբ ընթերցողին ներկայացնում է իր գաղափարակրի` գլխավոր հերոս Ավետիսի, որպես կենտրոնաձիգ ուժի շուրջ կատարվող բոլոր դեպքերն ու դեմքերը: Ազգային ողբերգության պայմանները մղում են նրան գիտակցելու, համախմբելու և իրենց իրավունքների, արժանապատվության համար պայքարի անհրաժեշտությունը: Աքսորի ճանապարհներին Ավետիսի կյանքի յուրաքանչյուր պահը հղի էր վտանգներով, մահվան սասափով, բայց այդ փորձությունները նա հաղթահարում էր վրեժխնդրության, արդար հատուցման ներքին համոզմունքով ու հավատով: Նրա մեջ առմիշտ կենդանի են հայրենի ոստանի պատկերները, ծնողների դաստիարակության ծլարձակվող հունդերը, ընկերների հետ ունեցած զրույցներն իրենց անելիքների շուրջ, երազում այցի եկած հոր պատվիրանները: Խորհրդանշական, իմաստալից և վիպական պատումի գաղափարագեղարվեստական մտահղացումն ընդհանրացնող պատկեր է կոտրված խաչքարի առջև Ավետիսի ներքին մենախոսության բարձրաձայն երդումը. «Տե՛ր իմ, վերջին անգամ ինձ հասի՛ր, քանզի միայն վրեժխնդրության ծարավս հագեցնելը իմ հոգուն անդորրություն կպարգևի: Ես սասունցիների արյան անչով պարտավոր եմ արժանապատվորեն, չխնայելով կյանքս, դա անել հանուն արդարության…» Ընթերցողն ի վերջո հավատում է, որ Անդրանիկի ու Գարեգին Նժդեհի գաղափարներով սնված գլխավոր հերոսն անպայման վրեժխնդիր կլինի թշնամուց, որ հայ մարդը անվերջ չի կարող զոհ լինել, նա կարող է կռվել, մաքառել, ջարդել հակառակորդին ու հաղթել:

Ժաննա Հակոբյանը, արդարև, ստեղծել է հրաշալի վեպ` ոճիրի դատապարտման և ճշմարտության բացահայտման խորը կնիքով:

Հարցազրույցը՝ Հենրի Առուշանյանի

Փակել


Ժաննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության թեմային է անդրադարձել արյան կանչով
«Իրավունք» թերթ, 22 ապրիլի, 2015թ.

Օրերս լույս տեսավ բանաստեղծ, արձակագիր ՀԳՄ անդամ Ժաննա Հակոբյանի «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» վեպը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Իրավունքի» հետ զրույցում հեղինակը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձել է արյան կանչով. «Եղեռնի թեմային անդրադառնալը դժվար է, որովհետեւ ամեն ինչ գրողը կարծես անց է կացնում իր հոգու պրիզմայով: Պիտի դա մտնի քո արյան ու սրտի մեջ, այնքան եփվի, հասունանա, թանձրանա, որ կարողանաս արտահայտվել: Կան գրողներ, որ ասում են, թե պատերազմի կամ Եղեռնի թեմային չենք անդրադառնում, որովհետեւ դա սրտմաշուկ աշխատանք է: Ճիշտ է, պիտի քրքրես քեզ, պայքարես, կռիվ տաս ինքդ քեզ հետ, ինչն իսկապես դաժան է, ու ամեն մեկը դրա համարձակությունը չի ունենա: Ես անընդհատ երկընտրանքի մեջ էի, գիտեի, թե ինչ ծանր թեմա պիտի շոշափեմ, բայց կարծես արյան կանչով անդրադարձա այդ թեմային»:

Կարդալ...


Տիկին Ժաննան գիրքը գրելու համար ոչ միայն առաջնորդվել է արյան կանչով, այլ ուսումնասիրել Ցեղասպանության հարյուրավոր ականատեսների հուշեր ու պատմություններ. «Անցյալ տարվանից ուսումնասիրում էի նյութեր` ե՛ւ ականատեսների վկայությունների մասին, ե՛ւ գերմանական մի շարք հեղինակների մենագրություններ, որոնք ականտեսի աչքերով իրապես պատկերում են, թե ինչ է կատարվել այդ սարսափելի եղեռնի ընթացքում: Ականատեսների բազում վկայություններ կային, դրանով ես ոչ մի բան ասած չէի լինի, իսկ գեղարվեստական գործ ստեղծելու համար ինչ-որ բանալի պիտի գտնվի: Որոշեցի վերցնել մի պատանու` դժոխքի միջով անցած ճանապարհը ու նրա աչքերով նաեւ պատկերեցի այդ սարսափելի տեսարանները: Եղեռնը վերապրած մարդկանց հուշերը ի մի բերելով` կարողացա վեպն այնպես ստեղծել, որ հուզիչ լինի, եւ ընթերցողը չձանձրանա»,- պատմեց տիկին Ժաննան ու հավելեց, որ ուսումնասիրելուվ երիտասարդի հուշերը` ստիպված է եղել որոշ հատվածներ չներկայացնել ընթերցողին.«Պարզապես, այնպիսի սարսափելի տեսարանների ու դեպքերի ականատես եղա` հուշերն ուսումնասիրելով, որ հնարավոր չէր դրանք պատկերել, թե, ասենք, ինչպես էին տանջում երեխաներին… Այն սարսափներն եմ պատկերել, որ հնարավոր լինի ընթերցել: Դրա համար որոշ փաստեր չընդգրկեցի վեպում` մի պահ մտածելով` մարդ արարածը, լինի թուրք կամ այլազգի, որքա՞ն պիտի ունակ լինի նման դաժանությունների, պարզապես, մարդու երեւակայության մեջ անգամ չի տեղավորվում իրենց արածները: Ուսումնասիրության ընթացքում ինձ վրա մեծ տպավորություն թողեց իտալացի հյուպատոս Գորինինի խոսքերը, ասում է. «Այնպիսի սարսափելի տեսարանների եմ ականատես եղել, որ ինձ թվում էր, թե Թուրքիայում են հավաքվել աշխարհի բոլոր մարդակերները, եւ թաքստոցներից դուրս էին եկել վայրի գազանները, որոնք թողել էին Աֆրիկայի, Ասիայի, Ամերիկայի կուսական անտառները»: Պատկերացրեք, թե ինչ դժոխք է եղել, որ նա այդպես է արտահայտվել»:
Իսկ թե ինչո՞ւ գիրքն անվանվեց «Գողգոթայի երդվյալ վրիժառուն», հեղինակը բացատրեց այսպես.«Սարսափների ճանապարհով անցած տառապյալները եւ նրանց սերունդները պետք է անպայման վրեժխնդիր լինեն կատարված ոճրագործությունների համար եւ արժանանան արդար հատուցման: Այդ տառապանքի ուղիով անցած գլխավոր հերոսի` Ավետիսի անունը եւս պատահական չէ ընտրված, քանի որ նա իր նախնիների ազատատենչ ոգով տոգորված` երդվում է պայքարել` հասնելու մեր ժողովրդի հզոր վերածննդի ու հաղթանակի մեծ ավետիսին»:
Հեղինակի հոգում սպի դարձած դաջվել է նաեւ իր սեփական տատիկի վերապրած պատմությունները, որը եւ էպիզոդիկ կերպավորում է ստացել գրքում. «Այդ ամենը խմորվել էր իմ մեջ, ու չարտահայտել չէի կարող: Ցանկացա էպիզոդիկ կերպարներ ստեղծելով` որպես հուշ, իր կերպարն էլ թողնել: Տատիկս շուշեցի էր, այդ ջարդերի ժամանակ` 1920 թվականին եղել է 11 տարեկան և հրաշքով կարողացել է փախչել: Դպրոցական տարիներին, երբ պատմում էր, ես այդ սարսափները չէի պատկերացնում: Նա պատմում էր, որ իր մոր վրա վառված դիակ է ընկել, գետն արյունով է լցված եղել, ինչն էլ հենց պապանձել է մոր լեզուն, ու տարիներ անց է բացվել նրա լեզուն: Այդ մասին իմ «Արյան վրեժ» վեպում էլ եմ գրել, բայց այս վեպում` «Գողգոթայի երդվյալ վրիժառուն», էպիզոդիկ կերպով պատկերել էի հենց նախատատիկիս` Սաթենիկի եւ տատիս` Աննայի կերպարները»: Ժ. Հակոբյանի համար ուրախալի է եղել Հռոմի պապի հայտարարությունը. «Ողջունելի է Հռոմի պապի հայտարարությունը, որ բարձրաձայնեց, թե հայերի Ցեղասպանությունը դարասկզբի առաջին մեծ Ցեղասպանությունն է: Իհարկե, մերոնք շատ ոգեւորվեցին, պարզ է` մեկ միլիոն կաթոլիկներ ու համախոհներ իմացան այդ մասին, իսկ Պապին էլ հավատում են, նա արհամարհեց Թուրքիայի դիրքորոշումը և չվախենալով ոչնչից` ասաց այդ ամենը: Ապրիլի 24-ի կապակցությամբ` աշխարհի տարբեր ծայրերից մեզ մոտ հյուրեր են գալիս` հարգելու մեր զոհերի հիշատակը, բայց ինձ համար պատմական իրադարձություն կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Արտասահմանյան հեղինակների պատմական բազում փաստեր կան, 1919-21 թվականներին եղած դատավարություն, որի արդյունքում նրանց հեռակա մահապատժի ենթարկեցին: Այդ բոլոր փաստաթղթերը, այդ ամենը, ախր, հենց Ստամբուլում են կայացել: Իսկ Թուրքիան ուզում է մի ամբողջ պատմական ճշմարտություն ջնջել, ոտնահարել»:

Լիլիթ Եղիազարյան

Փակել


Արցախը նվաճել է իր անկախությունը
«Հայաստանի հանրապետություն», 30 օգոստոսի, 2011թ.

ՀԳՄ անդամ Ժաննա Հակոբյանի նորընծա «Արյան վրեժ» վեպը նվիրված է Արցաղի անկախության հռչակման 20-ամյակին: Ընթերցողը նրա պատմագիտական հմտությանը քաջածանոթ է գրողի նախորդ գործերից՝ «Ղարաբաղի ճակատագիրը» և «Արյան հիշողություն» վեպերից: Հայտնի է, որ սկսած 20-րդ դարի 30-ական թվականներից մինչև 1988-ին ծագած հայ ժողովրդի ազգային ազատագրական մեծ զարթոնքը Արցախի ազատագրության հիմնահարցը պարբերաբար բարձրացվել է ԽՍՀՄ կենտրոնական մարմինների առաջ: Մարզի մատավորականներին և որոշ ղեկավարների շարունակաբար մտահոգում էր Արցախը Հայաստանի հետ միավորելու խնդիրը, քանի որ ադրբեջանցիներն ամեն կերպ կասեցնում էին ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը՝ նպատակ ունենալով հայաթափելու մարզը:

Կարդալ...


Քանդվում էին մետաքսե գործարանները, գորգագործական ֆաբրիկաները, սննդարդյունաբերության կոմբինատները, փակվում մարզի ՀԷԿ-երը, ավերվում նույնիսկ կրի, կղմինդրի, փայտամշակման, լուցկու, օղեթորման, կտավատի, յուղի, պանրի արտադրոության տեղամասերը: Վերացնում էին այգեգործությունն ու մեղվաբուծությունը:
Բնակարանային շինարարության պլանները ձախողվում էին 65-70 տոկոսով: Որղորմելի վիճակում էին մշակութային օջախները: Բացի այդ, ադրբեջանցիներն այնպես էին արել, որ մեր հայկական շրջանները գնալու համար անպայման մտնեիր ադրբեջանական գյուղերն ու շրջանները: Այսպես՝ Ստեփանակերտից Մարտակերտ հասնելու նպատակով պիտի անցնեիր Աղդամի ու Բարդայի շրջաններով, Մարտունուց Հադրութ՝ Ֆիզուլու շրջանով և այլն: Ամենակարևորը՝ արցախցիները զրկված էին մայրենի լեզվով հաղորդումներ լսելու, կինոֆիլմեր դիտելու հնարավորությունից: Իսկ աշխատավարձը մարզում ամենացածրն էր Խորհրդային Միությունում: Վեպում պատկերված էր, թե ինչպես իրենց ազատության և անկախության համար պայքարի պատրաստ արցախցիները ենթարկվում էին բռնությունների ու հալածանքների: Հայերի պայքարն ուղեկցվում էր հայտնի արյունալի դեպքերով: Վեպի սյուժետային հիմքում ընկած են իննամյա հայ երեխային դաժանությամբ սպանելու և նրա շուրջւ զարգացող դեպքերը: Գրքի հերոսներն այդ ամենի մասնակիցներն են ու զոհերը: Այս գրքով գրողը ցանկացել է մեկ անգամ ևս 21-րդ դարի մարդուն հիշեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների, հայերի հանդեպ իրագործված ազգային խտրականությունների, հանցագոծությունների, դաժան դաժան սպանությունների մասին, և որ Ադրբեջանի նպատակը միշտ էլ նույնն է մնացել՝ ամեն գնով հայաթափելու Արցախը: Ահա ինչու այսօր անգնահատելի է Արցախում անկախության հռչակման նշանակությունը: Պատահական չէ, որ այս գիրքը հեղինակը տպագրել է նաև ռուսերեն լեզվով:

Վաղինակ Տերտերյան

Փակել


Պատմության արահետներով
«Ազգ», 28 օգոստոսի, 2007թ

Օրերս լույս տեսավ բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ և արձակագիր Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպը, որի նյութը վերցված է 18-րդ դարում օտար բռնապետության դեմ Արցախի հայության մղած ազգային ազատագրական պայքարի պատմությունից: Նա առաջին կին-պատմավիպասանն է մեր գրականության մեջ: Կարծում ենք՝ գիրքը հրատարակվել է ճիշտ ժամանակին, քանի որ պատմավեպի առանձնահատկություններից մեկն այն է, որ պատմական էական նշանակություն ունեցող դրվագների միջոցով շ առաջ է քաշվում տվյալ հասարակությանը հուզող, արդիական խնդի այս գրքում: Այս օրերին էլ, երբ Թուրքիան ոչ միայն չի կամենում ընդունել Հայոց ցեղասպանությունը, այլև Ադրբեջանի հետ առաջ է քաշում ազատագրված տարածքների հետ վերադարձնելու խնդիրը:
Հեղինակի նպատակն է իր վեպի միջոցով կրկին ապացուցել, որ Ղարաբաղը միշտ էլ լինելով Հայաստանի անբաժանելի մասը, դարեր ի վեր ստիպված է եղել պայքարել օտար զավթիչների դեմ:

Կարդալ...


Իսկ թե ինչպես են առաջին անգամ թուրքերը հայտնվել Ղարաբաղում և ինչպիսի քաղաքականություն է տարվել դեռ այն ժամանակներում, այդ հարցերի պատասխանները կարող ենք գտնել այս գրքում: Վեպը կառուցվել է պատմական ճշգրիտ փաստերի հիման վրա: Սյուժեի հիմքում ընկած են համեմատաբար ոչ մեծ ժամանակահատվածի իրադարձությունները /1787-1797թթ./: Որպես հիմնական աղբյուր են ծառայել Րաֆֆու, Լեոյի աշխատությունները: Սակայն նրա ձեռքի տակ են հայտնվել հիշյալ պատմաբանների կողմից չհայտնաբերված նյութեր /Մ.Յ.Ներսեսով, Հ.Շուշեցի/, որոնք պարսկերենից հայերեն են թարգմանվել մեր օրերում:
Հեղինակը նաև անվերջ քննության է առել կոնկրետ դարաշրջանին վերաբերող նյութերը՝ օգտվելով գրադարաններից, Մատենադարանի կաթողիկոսական մատյաններից, մատենագիտական հարակից նյութերից /ռուսական, վրացական/: Այսպիսով, Հակոբյանին հաջողվել է գեղարվեստական խոր ընդհանրացման հասնել՝ արտացոլելով դարաշրջանի տիպական առանձնահատկություններն ու մարդկային բոլոր հարաբերությունները: Ազատ լինելով պատմական անցքերը վերաիմաստավորելու իր ստեղծաագործական երևակայության մեջ՝ նա շունչ ու հոգի է տվել պատմական անցքերին ու դեմքերին: Ստեղծելով հոգեբանական յուրօրինակ խորություն ու մտածելակերպ ունեցող բազմապիսի կերպարներ /թուրք խաներ, հայ մելիքներ, զորավարներ, եկեղեցականներ, գյուղացիներ, կանայք/, ներկայացրել է նրանց նիստուկացը, տարազը, սովորությունները: Յուրաքանչյուր հերոս ունի իր ճակատագիրն ու աշխարհայացքը: Բոլոր հերոսներն էլ առնչվում են պատերազմի հետ և գրողի տեսանկյունից մարդը գնահատվում է միմիայն պատերազմին ունեցած իր մասնակցությամբ: Վեպում պատկերված ռազմի տեսարանները խորապես կրում են ժամանակի ոգին:
Տրված են նաև Ղարաբաղի բնության, հայտնի եկեղեցիների /Գանձասար, Ամարաս, Գտչավանք և այն/ նկարագրությւոններըև ստեղծման պատմությունը: Էական է նաև ղարաբաղյան բարբառի, ժողովրդական ասացվածքների, իմաստուն արտահայտությունների ճաշակով և տեղին օգտագործումը խոսքի մեջ: Գրքում ուրույն տեղ ունեն սիրային տեսարանները: Սիրահարվում են ինչպես մելիքները, այնպես էլ հասարակ մարդիկ, և ընթերցողն ականատես լինելով նրանց անկեղծ խոհերին ու հոգեկան լարումներին՝ ինքնըստինքյան լցվում է անանուն մի կարոտով/տես՝ «Թաքուն սիրո տվայտանքները», «Պատիժ սիրո դիմաց», «Հավերժությունն էլ ինձ չի հերիքի», «Պատերազմները չնչին են սիրո կողքին», «Աղավնու հայտնության խորհուրդը» գլուխները/:
Պատմավեպի սյուժեն միագիծ չէ: Ղարաբաղի հինգ մելիքություններին զուգահեռ պատկերված են ռուսական, վրացական արքունիքների, Երևանի և Գանձակի խանությունների կյանքի նկարագիրը: Ի դեպ, եթե հայրենասեր հերոսների նպատակն էր Ղարաբաղի անկախ մելիքությունների վերականգնումը, օտար բռնապետներից ազատագրված հայրենի հողի պաշտպանությունը, ապա, ընդհակառակը, թշնամիների ու դավաճանների ցանկությունն էր ավելի մասնատելու երկիրը: Եվ օտար զավթիչների դեմ մղվող հերոսամարտերում ոչ միայն շողում է ղարաբաղցի զինվորի դյուցազնական սուրը, այլևպակաս կարևոր չէ հեղինակի հայրենանվեր խոսքը /տես՝ «Հերակլ արքայի արշավանքը», «Հաղթանակ աստղալույսի ներքո», «Դամոկլյան սուր Ղարաբաղի վրա», «Մելիք Մեջլումի մահը» և այլն/: Ցավոք, վեպում ընդգրկված ժամանակաշրջանը բավականին տխուր ու ծանր ժամանկահատված էր Ղարաբաղի համար, քանի որ 18-րդ դարի երկրորդ կեսից մելիքներն անգամ կորցրել էին իրենց կիսանկախ վիճակը և երկրում տիրում էր երկպառակությունը ինչպես մելիքների, այնպես էլ կաթողիկոսների շրջանակներում: Ահա ինչու թշնամուն հաջողվում էր քայլ առ քայլ ավերել Ղարաբաղը: Հեղինակի հիմնական նպատակն է մատնանշել, թե ինչպիսի աղետներ է բերել մասնատվածությունը մեր ազգին: Ուստի շրջապատված լինելով թշնամիներով՝ մեզ անհրաժեշտ է միավորվե, այլ ոչ թե ախոյաններ փնտրել մեր մեջ: Հետևաբար, այստեղից էլ դասեր պիտի քաղենք: Այդ դասերից կարևորն այն է, որ յուրաքանչյուր ազգ իր ազատությունը նվաճում է սեփական ուժերով, միաբանությաբ: Ժաննա Հակոբյանի վիպական աշխարհի գաղափարական ենթատեքստը շրջված և ուղղված է ներկային: Ահա ինչպես է վեպի գլխավոր հերոս մելիք Մեջլումը իր որդուն՝ Հաթամին խրատներ տալիս. «…Իմացած եղի´ր, որ հայերն ամեն ինչով հանդերձ, խաղաղասեր են, սակայն պատերազմելիս կրկնակի քաջ են, աներկյուղ, կրոնասեր: Ու մենք, անշուշտ, մի օր անպայման կհաղթենք, քանզի Իբրահիմ խանին չպապալել՝ կնշանակի մահվան դատապարտել ողջ Ղարաբաղի ժողովրդին: Եթե մեզ չհաջողվի իրականացնել մեր իղձը, այդ ծանր պարտականությունը կընկնի քո և քո հետնորդների ուսերին: Մշտապես հիշի´ր, որ յուրաքանչյուր հայ երիտասարդ իրեն պատասխանատու պիտի զգա հարազատ ժողովրդի առաջ: Հետևաբար, դուք ձեր նախապապերի, պապերի հայրերի օրինակով պարտավոր եք ցմահ սուրը պատյան չդնել…»:
Պատմավեպը կարդացվում է մեծ լարվածությամբու հետաքրքրությամբ՝ մեկ շնչով: Հուսանք, որ այն կդառնա այսօրվա ընթերցողի գրասեղանի սիրված գրքերից մեկը:

Վաղինակ Տերտերյան

Փակել