Ժաննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության թեմային է անդրադարձել արյան կանչով

Ժաննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության թեմային է անդրադարձել արյան կանչով
«Իրավունք» թերթ, 22 ապրիլի, 2015թ.

Օրերս լույս տեսավ բանաստեղծ, արձակագիր ՀԳՄ անդամ Ժաննա Հակոբյանի «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» վեպը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Իրավունքի» հետ զրույցում հեղինակը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձել է արյան կանչով. «Եղեռնի թեմային անդրադառնալը դժվար է, որովհետեւ ամեն ինչ գրողը կարծես անց է կացնում իր հոգու պրիզմայով: Պիտի դա մտնի քո արյան ու սրտի մեջ, այնքան եփվի, հասունանա, թանձրանա, որ կարողանաս արտահայտվել: Կան գրողներ, որ ասում են, թե պատերազմի կամ Եղեռնի թեմային չենք անդրադառնում, որովհետեւ դա սրտմաշուկ աշխատանք է: Ճիշտ է, պիտի քրքրես քեզ, պայքարես, կռիվ տաս ինքդ քեզ հետ, ինչն իսկապես դաժան է, ու ամեն մեկը դրա համարձակությունը չի ունենա: Ես անընդհատ երկընտրանքի մեջ էի, գիտեի, թե ինչ ծանր թեմա պիտի շոշափեմ, բայց կարծես արյան կանչով անդրադարձա այդ թեմային»:

Կարդալ...


Տիկին Ժաննան գիրքը գրելու համար ոչ միայն առաջնորդվել է արյան կանչով, այլ ուսումնասիրել Ցեղասպանության հարյուրավոր ականատեսների հուշեր ու պատմություններ. «Անցյալ տարվանից ուսումնասիրում էի նյութեր` ե՛ւ ականատեսների վկայությունների մասին, ե՛ւ գերմանական մի շարք հեղինակների մենագրություններ, որոնք ականտեսի աչքերով իրապես պատկերում են, թե ինչ է կատարվել այդ սարսափելի եղեռնի ընթացքում: Ականատեսների բազում վկայություններ կային, դրանով ես ոչ մի բան ասած չէի լինի, իսկ գեղարվեստական գործ ստեղծելու համար ինչ-որ բանալի պիտի գտնվի: Որոշեցի վերցնել մի պատանու` դժոխքի միջով անցած ճանապարհը ու նրա աչքերով նաեւ պատկերեցի այդ սարսափելի տեսարանները: Եղեռնը վերապրած մարդկանց հուշերը ի մի բերելով` կարողացա վեպն այնպես ստեղծել, որ հուզիչ լինի, եւ ընթերցողը չձանձրանա»,- պատմեց տիկին Ժաննան ու հավելեց, որ ուսումնասիրելուվ երիտասարդի հուշերը` ստիպված է եղել որոշ հատվածներ չներկայացնել ընթերցողին.«Պարզապես, այնպիսի սարսափելի տեսարանների ու դեպքերի ականատես եղա` հուշերն ուսումնասիրելով, որ հնարավոր չէր դրանք պատկերել, թե, ասենք, ինչպես էին տանջում երեխաներին… Այն սարսափներն եմ պատկերել, որ հնարավոր լինի ընթերցել: Դրա համար որոշ փաստեր չընդգրկեցի վեպում` մի պահ մտածելով` մարդ արարածը, լինի թուրք կամ այլազգի, որքա՞ն պիտի ունակ լինի նման դաժանությունների, պարզապես, մարդու երեւակայության մեջ անգամ չի տեղավորվում իրենց արածները: Ուսումնասիրության ընթացքում ինձ վրա մեծ տպավորություն թողեց իտալացի հյուպատոս Գորինինի խոսքերը, ասում է. «Այնպիսի սարսափելի տեսարանների եմ ականատես եղել, որ ինձ թվում էր, թե Թուրքիայում են հավաքվել աշխարհի բոլոր մարդակերները, եւ թաքստոցներից դուրս էին եկել վայրի գազանները, որոնք թողել էին Աֆրիկայի, Ասիայի, Ամերիկայի կուսական անտառները»: Պատկերացրեք, թե ինչ դժոխք է եղել, որ նա այդպես է արտահայտվել»:
Իսկ թե ինչո՞ւ գիրքն անվանվեց «Գողգոթայի երդվյալ վրիժառուն», հեղինակը բացատրեց այսպես.«Սարսափների ճանապարհով անցած տառապյալները եւ նրանց սերունդները պետք է անպայման վրեժխնդիր լինեն կատարված ոճրագործությունների համար եւ արժանանան արդար հատուցման: Այդ տառապանքի ուղիով անցած գլխավոր հերոսի` Ավետիսի անունը եւս պատահական չէ ընտրված, քանի որ նա իր նախնիների ազատատենչ ոգով տոգորված` երդվում է պայքարել` հասնելու մեր ժողովրդի հզոր վերածննդի ու հաղթանակի մեծ ավետիսին»:
Հեղինակի հոգում սպի դարձած դաջվել է նաեւ իր սեփական տատիկի վերապրած պատմությունները, որը եւ էպիզոդիկ կերպավորում է ստացել գրքում. «Այդ ամենը խմորվել էր իմ մեջ, ու չարտահայտել չէի կարող: Ցանկացա էպիզոդիկ կերպարներ ստեղծելով` որպես հուշ, իր կերպարն էլ թողնել: Տատիկս շուշեցի էր, այդ ջարդերի ժամանակ` 1920 թվականին եղել է 11 տարեկան և հրաշքով կարողացել է փախչել: Դպրոցական տարիներին, երբ պատմում էր, ես այդ սարսափները չէի պատկերացնում: Նա պատմում էր, որ իր մոր վրա վառված դիակ է ընկել, գետն արյունով է լցված եղել, ինչն էլ հենց պապանձել է մոր լեզուն, ու տարիներ անց է բացվել նրա լեզուն: Այդ մասին իմ «Արյան վրեժ» վեպում էլ եմ գրել, բայց այս վեպում` «Գողգոթայի երդվյալ վրիժառուն», էպիզոդիկ կերպով պատկերել էի հենց նախատատիկիս` Սաթենիկի եւ տատիս` Աննայի կերպարները»: Ժ. Հակոբյանի համար ուրախալի է եղել Հռոմի պապի հայտարարությունը. «Ողջունելի է Հռոմի պապի հայտարարությունը, որ բարձրաձայնեց, թե հայերի Ցեղասպանությունը դարասկզբի առաջին մեծ Ցեղասպանությունն է: Իհարկե, մերոնք շատ ոգեւորվեցին, պարզ է` մեկ միլիոն կաթոլիկներ ու համախոհներ իմացան այդ մասին, իսկ Պապին էլ հավատում են, նա արհամարհեց Թուրքիայի դիրքորոշումը և չվախենալով ոչնչից` ասաց այդ ամենը: Ապրիլի 24-ի կապակցությամբ` աշխարհի տարբեր ծայրերից մեզ մոտ հյուրեր են գալիս` հարգելու մեր զոհերի հիշատակը, բայց ինձ համար պատմական իրադարձություն կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Արտասահմանյան հեղինակների պատմական բազում փաստեր կան, 1919-21 թվականներին եղած դատավարություն, որի արդյունքում նրանց հեռակա մահապատժի ենթարկեցին: Այդ բոլոր փաստաթղթերը, այդ ամենը, ախր, հենց Ստամբուլում են կայացել: Իսկ Թուրքիան ուզում է մի ամբողջ պատմական ճշմարտություն ջնջել, ոտնահարել»:

Լիլիթ Եղիազարյան

Փակել