«…Կա՛մ հաղթություն, կա՛մ հաղթական մահ»

«…Կա՛մ հաղթություն, կա՛մ հաղթական մահ»
«Առավոտ», 12 դեկտեմբերի, 2019թ.

Վերջերս հրապարակի վրա դրվեց բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանի թվով 28-րդ գիրքը՝ «Ճակատագրով դատապարտվածները» խորագրով վեպը: Եթե նրա նախորդ «Հայի գենը» (2018թ.) վեպը իսլամացած հայերի մասին է, որտեղ առաջ է քաշվում հայի գենի պահպանման խնդիրը, ապա այս նոր գրքի մեջ Մեծ Եղեռնը վերապրած մարդկանց մասին է: Եվ ոչ միայն: Գիրքը բաղկացած է երկու մասից: Վեպի առաջին մասում արձակագիրը սահմռկեցուցիչ տեսարանների, դեպքերի միջոցով ցույց է տալիս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի դեմ իրագործած Եղեռնի ողջ ողբերգությունը: Առայսօր Թուրքիան ե՛ւ ժխտում է Հայոց Ցեղասպանության փաստը, ե՛ւ շարունակում է ցեղասպան քաղաքականությունը քրդերի հանդեպ: Հարկ է նշել, որ վեպում բավականին հետաքրքիր է գլխավոր հերոսի ընտրության հարցը: Պատանի Ավետիսն անցնելով գաղթի մահասարսուռ ճամփաներով, երբեք չթուլացավ, չընկրկեց, գերադասեց որպես հայ մեռնել քաղցից, բայց երբեք չընդունել մահմեդականությունը:

Կարդալ...

Նա քրիստոնյա հայի այն տեսակն էր, որ ականատես լինելով թուրք բորենիների վայրագություններին, կորցնելով հարազատներին ու ընկերներին, անվերջ մտածում էր ողջ մնալու դեպքում անպայման վրեժխնդիր լինել թշնամիներից: Ահա կոտրված խաչքարի մոտ պատանու երդումը. «Աստված իմ, օգնիր ինձ ազգիս ու հայրենիքիս հանդեպ ունեցած իմ սերը գործով ապացուցել…Թույլ տուր ինձ պատվով պաշտպանելու իմ տառապած ժողովրդի անունը, թեկուզ նահատակվելու գնով…»: Պայքարի նմանօրինակ անկոտրում կամք եւ ուժ են ունեցել «Նեմեսիս»-ի խմբի անդամները, Սարդարապատում, արցախյան պատերազմներում հերոսացած մեր հայորդիները: Գրողը գեղարվեստական վարպետությամբ ու դրամատիկ կառուցվածքով սյուժեն այնպես է զարգացնում, որ ընթերցողը շունչը պահած ու լարված հետեւում է դեպքերի ընթացքին: «Ճակատագրով դատապարտվածները» վեպի երկրորդ մասը հիմնականում վերաբերում է անցյալ դարի 20-ական թվականներին Լեռնահայաստանում ընթացող մարտերին՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ: Անկասկած, այստեղ որպես կենտրոնական եւ շարժիչ ուժ հանդես է գալիս Գարեգին Նժդեհը: Ավետիսի համար նա զորավարի անզուգական կերպար էր: Պատանին իր մարտական ընկերների հետ հպարտությամբ ու ոգեւորությամբ էր լսում ողջ Զանգեզուրը ազատագրած հերոս զորավարի ազգանվեր կոչերն ու հորդորները: Գրքում հրաշալի է պատկերված Նժդեհի անձը որպես հայրենասերի, մարդու, տաղանդավոր փիլիսոփա մտածողի: Հակոբյանը հավատարիմ մնալով պատմական ճշմարտությանը, զորավարի կերպարին կենդանի շունչ հաղորդելու նպատակով օգտագործել է որոշ հատվածներ նրա ելույթներից, նաեւ նշանավոր ասույթներից /«Մեզ հետ է Աստված եւ մեր պատերազմական բախտը», «Բոլոր դարերի անմոռաց պատգամ եմ հղում սերունդներին՝ չներե՛լ, չներե՛լ թուրքին», «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որը պետք է հաղթանակ բերի քեզ» եւ այլն/: Ուշագրավ են ներկայացված նաեւ ուրիշ մարտիկների, այդ թվում վաշտերի հրամանատարների՝ Շահենի, Սիսակի, զինվորական կոմիսար Մելիք Յոլչյանի, հասարակ զինվորների՝ Զավենի, Սարոյի, Գեղամի եւ այլոց կերպարները: Հետաքրքրությամբ են տրված ոչ միայն լեռնային տեղանքներում մարտական գործողությունները, այլեւ 1920թ. ապրիլի 22-ին Գորիսում կազմակերպված զորահանդեսը, զինվորների հոգեբանությունը, պայքարի ոգին, նրանց տագնապներն ու ապրումները, հանգստի ժամերին՝ հումորի զգացումն ու ուրախ կատակները: Ի դեպ, գրողի նախորդ գրքերում («Արյան վրեժ», «Արյան հիշողություն», «Չսպիացած հոգիների ցավը», «Ապրիլյան հերոսամարտ») գլխավոր հերոսները նույնպես նժդեհյան գաղափարախոսության կրողներն են: Նրանք պատրաստ են կռվել ու կյանքը զոհաբերել հայրենիքի համար: Այդ հերոսների շարքն է լրացնում նաեւ պատանի Ավետիսը, որը նահատակվում է դեպի Արցախ գնալու ճանապարհին: «Ճակատագրով դատապարտվածները» վեպն ունի արդիական նշանակություն: Մեր օրերում էլ, երբ կան թյուր կարծիքներ ազատագրված տարածքները ետ վերադարձնելու մասին, նրանց եւս մի անգամ պիտի հիշեցնել Գարեգին Նժդեհի խոսքերը. «Առանց Զանգեզուր – Արցախի չկա Հայաստան: Պիտի հաղթել գոյության իրավունքը չկորցնելու համար: Կա՛մ հաղթություն, կա՛մ հաղթական մահ»:

Գուրգեն ԼՈՌԵՑԻ
Հրանտ ՀՈՐԻԶՈՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝
https://www.aravot.am/2019/12/12/1082743/?fbclid=IwAR3SKTwH5-Ec

Փակել