Կարծիքներ

Կարծիքներ «Ղարաբաղի ճակատագիրը» գրքի մասին


Բոգդան Ջանյան, բանաստեղծ
Ժաննա Հակոբյանն իմ հայրենակիցն է` արցախցի` պայծառ նկարագրով, ոտից գլուխ գրական անձնավորություն, գրականագետ, բանաստեղծ, արձակագիր, լրագրող: Նա գրքից գիրք այնպիսի առաջընթաց է ապրում, որ տեղտեղ փոխվում է թռիչքի: Նման թռիչք է և միանգամայն ուշագրավ երևույթ «Ղարաբաղի ճակատագիրը» խորագրով պատմավեպը: Ես զարմացա, որ նա կարողացել էր մանրազնին ուսումնասիրել 18-րդ դարի Արցախի պատմության բախտորոշ, հատկապես դրամատիկ անցքերն ու իրադարձությունները: Ժաննա Հակոբյանը գեղարվեստական մեծ վարպետությամբ է ներկայացնում պատերազմները, հերոսների կյանքը, նրանց սխրագործությունները: Վեպում հատկապես հրաշալի են պատկերված այն գլուխները, որտեղ երևում է Շուշին, Շուշվա բերդը, արցախցիների պայքարը Աղա Մուհամմադ շահի դեմ: Դասական վեպին համարժեք կերպարներ են ստեղծված պատմավեպում: Խոսքս շահի և Իբրահիմ խանի արյունալի արարքների մասին է: Վեպում դրական կերպարներ շատ կան: Առանձնակի հյութեղությամբ է պատկերված Պըլը Պուղու կերպարը, որի հայրենասիրական գործողությունները ծավալված են վեպի սկզբից մինչև վերջ: Հատկապես հրաշալի հայրենասիրական կերպարներ են դարձել մելիք Մեջլումը, մելիք Աբովը, մելիք Գրիգորը, մելիք Ջումշուդը: Իմիջայլոց, վեպում բազմաթիվ են արցախցի այն կանանց կերպարները, որոնք սիրո մեջ ազնիվ են և քաջ: Շատ կենդանի է կերպավորված մելիք Շահնազարը որպես դավաճանի: Նրա կողքին կային նաև հոգևոր կոչում ունեցող հայրենադավ մարդիկ, որոնց կերպարներն այնքան ճշմարիտ ու համոզիչ են վեպում, որ ընթերցողը հիմա էլ մեծ վրդովմունք և ատելություն է զգում նրանց նկատմամբ: Արցախ աշխարհի կյանքն իր բազմազանությամբ պատկերելուց բացի, հեղինակը կարողացել է հրաշալի վերարտադրել նաև ռուսական կայսրության, վրացական արքունիքի, Երևանի, Գանձակի խանությունների նկարագիրը: Պատմավեպն ընթերցելիս հիացմունք ես ապրում, երբ ծանոթանում ես Ղարաբաղի հինավուրց ավանդությունների, կրոնական տոների, հարսանիքների, արցախահայի նիստուկացի, հայտնի եկեղեցիների, բնաշխարհի գեղեցկությունների հետ: Ի վերջո Ժաննա Հակոբյանին հաջողվել է այս վեպում ստեղծել այն պատմական մթնոլորտն ու միջավայրը, որտեղ կատարվել են վեպի գործողություններն ու անցքերը: «Ղարաբաղի ճակատագիրը» լուրջ և արժեքավոր գրական գործ է: Կարծում եմ` գրականագետները պետք է նկատեն այն և անպայման անդրադառնան:
Հրաչյա Բեգլարյան, գրող, հրապարակախոս
Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպի հերոսներն ինձ ծանոթ են, ծանոթ են նաև նրանց կատարած գործերը: Այս գրքի մեծագույն առավելություններից մեկն այն է, որ պատմավեպի դրական և բացասական բոլոր հերոսներն այնպես են կերպարանավորվել, որ շատ տպավորիչ են ու տեսանելի: Հաճախ այնպես է թվում, թե դու կարդում ես ականատեսի հուշերը: Ինձ համար ուրախալի է ծանոթ շավիղներում նորություններ հայտնաբերելը: Անկեղծ ասած, բանաստեղծ, արձակագիր Ժաննա Հակոբյանն իր այս գրքով հմուտ ռեժիսորի պես մեր պատմության ամենից թանձր ու պղտոր ժամանակներից դուրս է բերել մի շարք դրական ու բացասական հերոսների, որոնց մասին նոր սերունդը շատ բան չգիտե: Այսպիսով, Հակոբյանին հաջողվել է գեղարվեստական խոր ընդհանրացման հասնել՝ արտացոլելով դարաշրջանի տիպական առաննձնահատկություններն ու մարդկային բոլոր հարաբերությունները:Պատմավեպը կարդացվում է մեծ լարվածությամբ ու հետաքրքրությամբ: Հուսանք, որ այն կդառնա այսօրվա ընթերցողի գրասեղանի սիրված գրքերից մեկը:
Գրիգոր Մելիք-Սարգսյան, գրող
Ինձ որպես գրողի որոշակիորեն դժվար է լիարժեք ձևով գնահատել Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպի գրական բարձր արժանիքները: Սակայն ինձ հիացնում և զարմացնում է այն հանգամանքը, թե ինչպես է կին բանաստեղծարձակագիրն իր մեծ ներուժին և հայրենասիրությանն ապավինելով` համարձակ անցել գրական ամենաբարդ ժանրին` պատմավեպին, որտեղ հրաշալի ներկայացրել է 18րդ դարավերջին պարսիկ և թուրք բռնակալների դեմ արցախցիների մղած հերոսական պայքարը` պատմագեղարվեստական ամենայն մանրամասնությամբ և ճշմարտացիությամբ ու ինքնատիպ ոճով: Ցավոք, վեպում ընդգրկված ժամանակաշրջանը բավականին տխուր ու ծանր ժամանակահատված էր Ղարաբաղի համար, քանի որ 18-րդ դարի երկրորդ կեսից մելիքներն անգամ կորցրել էին իրենց կիսաանկախ վիճակը և երկրում տիրում էր երկպառակությունը: Պիտի շեշտել, որ գիրքը հրատարակվել է ժամանակին, քանի որ պատմական էական նշանակություն ունեցող դրվագների միջոցով առաջ է քաշվում այսօր մեր հասարակությանը հուզող խնդիրներ: Այդ խնդիրներից կարևորագույնը միաբանված լինելն է: Ըստ իս` Ժաննա Հակոբյանը մեծ պատմավիպասան Րաֆֆու գործի արժանի ժառանգորդն է: Ինձ համար հոգեհարազատ է այս պատմավեպը նաև նրանով, որ այստեղ Արցախի հերոս ժողովրդի մղած պայքարի հետ ներկայացվում են Ղարաբաղի մելիքների կյանքն ու հերոսական սխրագործությունները: Իսկ քանի որ իմ նախապապերը նույնպես Ղարաբաղի մելիքներից են և իմ ազգանունն էլ Մելիք-Սարգսյան է, ուստի ես այս պատմավեպը համարում եմ մեր նախնիներին նվիրված մեծ հուշակոթող և դափնեպսակ:
Արմեն Կարապետյան, պատմական գիտությունների թեկնածու
Ժաննա Հակոբյանն իր «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպով ցանկացել է ոչ միայն ցույց տալ պատմության և իրականության միջև ընկած սահմանները, այլև մեզ ներկայացրած հետաքրքիր փաստերով վերստին համոզել այն մասին, որ Ղարաբաղը միշտ եղե՞լ է, կա՞ ու կլինի՞: Նա սիրով շարունակում է Արցախի տաղանդավոր զավակների` Բ. Ուլուբաբյանի, Զ. Բալայանի ավանդույթները: Հատկապես ես կշեշտեի Բագրատ Ուլուբաբյանին, որը թե՞ գրող էր, թե՞ պատմաբան: Ժաննա Հակոբյանի պատմության մեջ ևս առկա է և՞ գիտնականը, և՞ գրողը, մանավանդ որ բանասիրական գիտությունների թեկնածու է: Չմոռանանք, որ նա կին պատմավիպասան է: Նրա պատմավեպը սքանչելի գործ է: Այն արդիական հնչեղություն ունի մեր օրերի համար, քանի որ գիտենք, որ Ղարաբաղում ստեղծված խաղաղությունը հարաբերական է: Հեղինակն իր այս պատմավեպով նորից մեզ հուշում է, որ գաղափարական պատերազմն առջևում է, որ ինքը նույնպես կին զինվոր է, ու մենք` տղամարդիկ, պարտավոր ենք հետևել նրա օրինակին:
Վարդան Վանատուր, բանաստեղծ
Ժաննա Հակոբյանն այն հազվագյուտ կին բանաստեղծներից է, որն իր տաղանդով, զգացմունքային շերտերով, պատկերային հարուստ համակարգով անչափ հոգեհարազատ է ինձ: Անկեղծ ասած, միանգամայն անակնկալ էր ինձ համար և՞ նրա պատմավեպի հայտնությունը, որն ապշեցրեց գեղարվեստական խոր ընդհանրացումներով, դարաշրջանին բնորոշ մարդկային հարաբերություններով, հոգեբանական յուրօրինակ խորությամբ, հյութեղ ոճով: Ես հասկացա, որ հայ կինը պետք է իր սրտում ունենա անսահման հայրենասիրություն, որպեսզի կարողանա նման գործ գրել: Պիտի ասել, որ այն տեղին ու ժամանակին ստեղծված պատմավեպ է: Ու ես երիցս ուրախ եմ, որ հանձին Ժաննայի` ունեցանք կին-պատմավիպասան: Նա շատ հրաշալի է ստեղծել ինչպես հայրենասերների, այնպես էլ դավաճանների կերպարները: Նրանցից յուրաքանչյուրն իր հոգեբանությամբ ու արարքներով ունի իր ճակատագիրն ու աշխարհայացքը: Իմ կարծիքով, մելիք Շահնազարի կերպարը որպես հայրենիքի դավաճանի` ավելի ուժեղ է ներկայացված, քան Րաֆֆու «Սամվել»-ում` Մերուժանի կերպարը: Հրաշալի են կերտված մելիքների կերպարները, որոնց նպատակը մեկն էր` ազատագրել երկիրը թշնամիներից: Նրա բոլոր հերոսներն առնչվում են պատերազմի հետ և գրողի տեսանկյունից մարդը գնահատվում է միմիայն պատարազմին ունեցած իր մասնակցությամբ: Ժաննա Հակոբյանի այս պատմավեպը նոր որակ է հայ պատմավիպասանության մեջ իր ձևով, բովանդակությամբ, գեղարվեստական պատկերների հարստությամբ, պատմական փաստերին հավատարիմ մնալու իր մոտեցմամբ:
Գրիգոր Գույումջյան, արևելագետ, դասախոս
Մենք ողջունում ենք Ժաննա Հակոբյանի կատարյալ ծնունդն իբրև պատմավիպասանի: Մեր հայ գրականության մեջ ունենք կին արձակագիրներ` սկսած Սրբուհի Տյուսաբից մինչև Անահիտ Սահինյան: Սակայն նրանցից ոչ ոք պատմավեպի ժանրին չի անդրադարձել: Ես որպես հայ գիտնական հպարտ եմ, որ բախտ ունեցա կարդալու նրա «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպը: Ու զարմանում եմ նրա տքնաջան աշխատասիրության վրա, թե ինչպես տեխնիկապես հագեցած մեր օրերում կարողացավ անջատվել ամեն ինչից` ուսումնասիրելով հարյուրավոր պատմական վկայություններ, արձանագրություններ ու փաստեր: Նաև հետաքրքիր է բանաստեղծի անցումը պատմավեպի ժանրին, քանի որ նա ունի հարուստ բառապաշար, նուրբ զգացողություն, պատկերավոր մտածողություն: Վիպասանը հասկանում է իր հերոսների ներքին աշխարհը և կարողանում է փոխանցել ընթերցողին նրանց ապրումները: Ժաննա Հակոբյանը գիտնականի իր դիտողականությամբ, փաստերի քննությամբ ու վերլուծությամբ, պատմական մթնոլորտը, ռազմի տեսարանները, ժողովրդի հինավուրց ավանդույթները, նաև որպես գրողի իր հերոսների հոգեբանությունը նեկայացնելու կարողությամբ ինձ համար նման է Սերո Խանզադյանին: Նա մեծ վարպետությամբ կարողացել է գեղարվեստական խոսքը շատ տպավորիչ դարձնել: Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպն անպայման մնալու է հայ գրականության պատմության մեջ:
Շահեն Մկրտչյան, արցախագետ
Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպը շատ ուսանելի է այսօրվա ընթերցողի համար: Նա բավականին հետաքրքիր գործ է կատարել` ուսումնասիրելով հարյուրավոր տեղանուններ, ամրոցներ, կաթողիկոսական մատյաններ, ազգագրական նյութեր, բանահյուսություն և չշեղվելով պատմական փաստերից` այնպիսի ճշգրտությամբ ու հոգեբանական խորությամբ է ներկայացրել ամեն ինչ, որ նրան շատ գրչակիցներ կարող են նախանձել: Քաջ տիրապետելով պատմական ժանրի տեխնիկային` նա հարազատ է մնացել իր նկարագրած ժամանակի ոգուն: Ժաննան ունի հյութեղ ու ճոխ լեզու և գեղարվեստական վարպետությամբ ստեղծել է հոգեբանորեն համոզիչ տիպական կերպարներ: Նրանք հայրենասերների և դավաճանների կերպարներ են: Եվ այս գիրքը պետք է իր նպատակին ծառայի` լինելով մեր բոլոր զորամասերում, մանավանդ, երբ մեր թշնամիները մեր դեմ քարոզչական պատերազմ մղելուց բացի, նաև ռազմատենչ հայտարարություններ են անում: Հայրենասիրական իր հագեցվածությամբ Ժաննա Հակոբյանը վիթխարի գործ է կատարել և ցանկալի է, որ սկսած իր պատմությունը շարունակի: Անկասկած, այդ հարցում նրան պարտավոր են աջակցել գրողների միությունները և պետությունը:
Արսեն Հովսեփյան, սեժիսոր
Ես ոչ միայն հիացմունքս եմ արտահայտում Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» գիրքը կարդալով, այլ միաժամանակ զարմանում եմ, որ այս պատմավեպի հեղինակը կին գրող է: Պիտի խոստովանեմ, որ այս վերջին երեսուն տարիների ընթացքում չեմ հանդիպել մի գրողի, որ նույն տիպի բարձրարժեք պատմավեպ գրած լիներ: Պամավեպը, անշուշտ, ունի ուսանելի կողմեր: Հակոբյանին հաջողվել է գեղարվեստական խոր ընդհանրացման հասնել` արտացոլելով դարաշրջանի տիպական առանձնահատկությունները և մարդկային բոլոր տեսակի հարաբերությունները: Նա շունչ ու հոգի տալով պատմական անցքերին ու դեմքերին` ստեղծել է հոգեբանական խորություն ու մտածելակերպ ունեցող դրական և բացասական համոզիչ կերպարներ: Դրանց թվում են թուրք խաները, հայ մելիքները, զորավարները, եկեղեցականները, գյուղացիները, կանայք: Ժաննա Հակոբյանն ունենալով գեղարվեստական շռնդալից ու գեղեցիկ ոճ` հոյակապ է ներկայացրել նրանց նիստուկացը, տարազը, սովորությունները: Չափազանց էական է նաև ղարաբաղյան բարբառի, ժողովրդական ասացվածքների, իմաստուն արտահայտությունների ճաշակով ու տեղին օրտագործումը խոսքի մեջ: Նա այս պատմավեպով ստեղծել է իր կենսագրությունը: Կցանկանայի, որ Ժաննա Հակոբյանը նմանատիպ նոր պատմավեպեր ստեղծի:
Սաթենիկ Ավետիսյան, բանասիրական գիտութունների թեկնածու, դոցենտ
Ժաննա Հակոբյանն իր մաքուր քնարերգությունից կարող է բարձրանալ և նվաճել ժողովրդի ճակատագրի, տառապանքի ու մաքառումների պատմության դժվարին մի ընթացք, որն արտահատվեց «Ղարաբաղի ճակատագիրը»պատմավեպում: Հիրավի, այն այրական շեշետերով գրված ստեղծագործություն է՝ իր վավերական հզոր փաստարկումներով, որը մեզ ապացուցում է, թե ինչպես հայ կինը կարող է նվիրված լինել իր եզերքներին, իր հողին, իր հայրենիքի բարձրագույն արժեքներին: Ժ. Հակոբյանը հայ կնոջ ազնավական տեսակ է, որն ունի երկու կենտրոնաձիգ գաղափար՝ սերը և հայրենիքը: «Ղարաբաղի ճակատագիրը»գրքով նա մեզ պարտադրում է լսել, ճանաչել հայրենիքի ցավը, ապրել ապրված ողբերգությունը: Եվ այս ամենը գրողի ներքին, հոգևոր կուտակումների, բյուրեղացման արդյունքն է:
Զոհրապ Մուղդուսյան, պատմաբան, արևելագետ
Ժաննա Հակոբյանին ճանաչում էի որպես խորիմաստ, նրբազգաց ու տաղանդավոր բանաստեղծուհի: Նրա պեզիան նույնքան խորհրդավոր է, որքան և ինքը: Ինձ համար անակնկալ եղավ նրա` «Ղարաբաղի ճակատագիրը» պատմավեպի հայտնությունը: Հենվելով պատմական փաստերի վրա` նա այնպիսի գեղարվեստական վարպետությամբ է ներկայացրել մեր ժողովրդի լավագույն հատվածներից մեկի` Ղարաբաղի 18-րդ դարի երկրորդ կեսի պատմությունը, որ անգամ եթե փոխելու լինենք գրքում ընդգրկվծ տեղանունների անունները, կարող ենք մեր ձեռքի տակ ունենալ հայկական ցանկացած հատվածի պատմությունը, լինի դա Վանի, թե՝ Վասպուրականի պատմությունը: Պատճառն այն է, որ մեր ազգի պատմությունն ամեն տեղ նույնն է` ազգայինազատագրական պայքարը: Գարեգին Նժդեհի խոսքերով ասած` «Դա ցեղի գոտեմարտն է, որին չմասնակցելը սեփական արյունով նշան է պատմական փոքրոգության»: Ժաննա Հակոբյանի պատմավեպը հայտնվել է ճիշտ ժամանակին: Այս գիրքն ուսանելի է մեր երիտասարդ սերնդի համար և որպես պատմագրություն ավելի արժեքավոր է, քան Արցախի պատմությամբ զբաղվող շատ պատմաբանների երկեր:

Կարծիքներ «Թաթուլ Հուրյան» մենագրության մասին

Հրանտ Թամրազյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Թաթուլ Հուրյանը մի հատուկ տեղ ունի մեր գրականության մեջ: Նա անպայման տաղանդավոր հեղինակ էր, մասնավորապես ուժեղ քաղաքացիական պոեզիայի ոլորտում: Դրա հետ միասին, իր անձնավորությամբ և քաղաքացիական նկարագրով նա հաստատում էր այն ամեն ազնիվը, ինչ գրել է, հավատով ու խիզախ կռվում իր գեղագիտական իդեալի, իր բանաստեղծական գաղափարի համար: Թաթուլ Հուրյանը նաև բարոյական տաղանդ էր, որին տեսնում էին բոլոր կողմերից: Նա կյանքից էլ հեռացավ բոլորովին ջահել, ռազմի դաշտում որպես զինվոր, իր վերջին երգերն էլ գրել էր Ղրիմի ճակատամարտում, հենց խրամատներում: Այս ազնիվ բանաստեղծքաղաքացու մասին, իհարկե, գրվել են մի շարք հոդվածներ, նրա երգերը գնահատվել են մամուլում: Բայց, ահա, Ժաննա Հակոբյանը առաջին անգամ գրել է ամբողջական մի աշխատանք` Թաթուլ Հուրյանի կյանքի ու ստեղծագործության մասին: Հավաքել է կենսագրական շատ նյութ, ուսումնասիրել պահպանված արխիվային նյութերը և գրական երկերը: Նա օգտագործել է նաև զանազան հուշեր, դիմել գրական ընկերներին, հավաքել կենսագրական մանրամասներ: Վերջապես հեղինակին հաջողվել է ստեղծել բանաստեղծի և հայրենասեր զինվորի կյանքի պատմությունը և բացահայտել երկերի գեղագիտական և հասարակական արժեքը: Ժաննա Հակոբյանի գիտական աշխատանքը միանգամայն հաջողված է, լուծում է կարևոր հարց և արժանի է գնահատականի:
Գևորգ Հայրյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Չարենցից հետո աշխարհ եկած բանաստեղծների ո՞ր սերնդին է պատկանում Թաթուլ Հուրյանը: Ճշգրիտ որոշել չեմ կարող: Կասեմ միայն, որ եթե թշնամու գնդակը չկտրեր նրա կյանքի թելը, կապրեր Համո Սահյանի կողքին և կստեղծագործեր նույն հաջողությամբ: Սակայն ինչ որ նա կատարեց իր ստեղծագործական կյանքի մեկ տասնամյակում, իրավունք է տալիս մեզ ասելու, որ Թաթուլ Հուրյանը իր սերնդի լավագույն բանաստեղծն է, որին նույնպես բախտ էր վիճակվել շարունակելու դարի ամենամեծ երգչի` Եղիշե Չարենցի գրական ավանդույթները: Հուրյանի մահից հետո վերահրատարակվել են նրա բանաստեղծական ժողովածուները, տարբեր առիթներով հոդվածներ գրվել բանաստեղծի կյանքի ու գրական գործունեության մասին: Սակայն բանաստեղծի հիշատակը հավերժացնող, նրա վաստակը ընդհանրացնող մի արժեքավոր փորձ է Ժաննա Հակոբյանի «Թաթուլ Հուրյանի կյանքը և ստեղծագործությունը» խորագրով գիտական աշխատանքը: Այն լրիվ պատկերացում է տալիս 30-ական թվականների մեր գրականության վիճակի, նրա ներքին հակասությունների, ձեռքբերումների ու կորուստների վերաբերյալ: Այնուհետև Հակոբյանը անցնում է բուն նյութին` Թաթուլ Հուրյանի ստեղծագործության վերլուծությանը, չանջատելով դա նրա հասարակական գործիչ, լրագրող, մարդ, իսկ վերջում` նաև մարտիկ լինելու հանգամանքներից: Աշխատանքում հատուկ տեղ է հատկացված Թաթուլ Հուրյանի պատերազմական շրջանի գործերին: Դժբախտաբար, բանաստեղծը զոհվեց 1942թ. հունիսի 22-ին: Բայց ինչ որ հասցրեց գրել, գրված է արյունով, բանաստեղծական բարձր արվեստով, հայրենասերի տաք շնչով: Թաթուլ Հուրյանի մասին գրած Ժաննա Հակոբյանի աշխատանքը հետաքրքիր գործ է, արժեքավոր ավանդ հայ գրականության մեջ:
Վազգեն Գաբրիելյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ
Ժաննա Հակոբյանը իր աշխատանքում անհրաժեշտ մանրամասնությամբ և հետևողականորեն շարադրել է Հուրյանի գործն ու վաստակը, կյանքի կարևոր դեպքերը, կատարել ճշգրտումներ ու լրացումներ: Ժ.Հակոբյանը քաջատեղյակ է 30-ական թվականների հայ գրականության տեղաշարժերին, զարգացման միտումներին, ծանոթ է նաև միութենական մամուլում ծայր առած գրականստեղծագործական բնույթի ասուլիսներին: Առավելապես կարևոր է, որ հեղինակը պատշաճ կերպով ծանոթ է Թաթուլ Հուրյանի գրական ուսուցիչների, հատկապես Ե. Չարենցի վաստակին, որոնումներին և նվաճումներին: Եվ, ահա, այս ընդհանուր ֆոնի վրա է Հակոբյանը քննում Հուրյանի բանաստեղծական ժառանգությունը: Պետք է նշել, որ առավելապես հաջող են քննված 30-ական թվականների քնարերգությունը և Հայրենական պատերազմի տարիներին գրված բանաստեղծությունները: Հեղինակը կարողացել է համակարգել դրանք, գտնել էականը` հրապարակախոսականքաղաքացիականը, որ հատուկ էր հիշյալ տարիների գրականությանը և ապա` խոհական-քնարականը, որը թեև դժվար ճանապարհով, բայց կարողանում էր հուն բացել, դրանով իսկ հարստացնել ընթացիկ պոեզիան: Կարևոր է նաև այն, որ այս վերլուծումների ընթացքում Հակոբյանը չի մոռանում հայռուսական տեսական մտքի նվաճումներն ու ընդհանրացումները և իր միտքը համոզիչ դարձնելու համար հաճախ է անդրադառնում դրանց: Այս պարագան բավականին կուռ է դարձրել աշխատանքը, գիտական բովանդակություն հաղորդելով նրան: Ժաննա Հակոբյանի Թաթուլ Հուրյանի մասին գրած գիտական աշխատանքը առաջին փորձն է` ամբողջական տեսքով ներկայացնելու վաղամեռիկ բանաստեղծի ստեղծագործական ուղու պատմությունը:
Դավիթ Գասպարյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ժաննա Հակոբյանը գրել է ուշագրավ գիտական աշխատանք Թաթուլ Հուրյանի կյանքի և ստեղծագործության մասին: Թաթուլ Հուրյանը այն արժանահիշատակ բանաստեղծներից էր, որն իր կյանքի մեկ տասնամյակը նվիրաբերեց հայ բանաստեղծական արվեստի զարգացմանը, այդ ընթացքում նա ստեղծեց արժեքավոր երկեր, որոնցից են «Հողի արյունը», «Հասակ», «ՍայաթՆովա», «Ֆրիկ» պոեմները և շատ բանաստեղծություններ: Ժաննա Հակոբյանը խորապես ուսումնասիրել է Թաթուլ Հուրյանի բոլոր ստեղծագործությունները, նրա արխիվը և ստեղծել է գրականագիտական արժեքավոր ուսումնասիրություն:
Վազգեն Մնացականյան, բանասիրական գիտությունների թեկնածու
Ես մոտիկից ծանոթ էի Թաթուլ Հուրյանին: Ճանաչում էի նրան ոչ միայն որպես տաղանդավոր բանաստեղծի, այլ նաև որպես վառ անհատականության` պոեզիայում և կյանքում: Ծանոթ էի նաև նրա ձեռագրերին: Եվ ինձ միշտ թվում էր, որ ես նրա մասին գիտեմ ամեն ինչ, և այն, թե որքանով է նա մնայուն հայ գրականության պատմության մեջ: Ու երբ ձեռքս ընկավ Ժաննա Հակոբյանի Թաթուլ Հուրյանի մասին գրած գիտական աշխատանքը, մի քանի օր անընդհատ չէի համարձակվում ծանոթանալ գործին: Անկեղծ ասած, վախենում էի չգտնել այնտեղ այն Հուրյանին, որի հետ ժամանակին անչափ մտերիմ էի: Թաթուլ Հուրյանը այն մեծ քաղաքացին ու բանաստեղծն էր, որ տարբերվում էր իր կրքոտ հայրենասիրությամբ, բանաստեղծական խոսքի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվությամբ: Որպես այդպիսին նա իրավամբ Մայակովսկու ու Չարենցի հետնորդներից էր: Այնուհանդերձ, երբ կարդացի Ժաննա Հակոբյանի աշխատանքը, աստիճանաբար, տող առ տող չքացան բոլոր կասկածներս, և իմ առջև գծագրվեց, հասունացավ ու ամբողջացավ Թաթուլ Հուրյանի առավել հարուստ կերպարը, որն ստեղծվել էր նրա կյանքի և ստեղծագործության նոր ու համոզիչ փաստերի հիման վրա: Ընդամենը տասնմեկ տարի է տևել Թաթուլ Հուրյանի բանաստեղծական գործունեությունը: Հակոբյանի խնդիրն էր ցույց տալ, որ նրա պոեզիան իր բովանդակությամբ և գեղարվեստական ինքնատիպությամբ կարողացել է դուրս գալ այն ժամանակների նեղ շրջանակներից և ապրել մշտապես շարժվող, զարգացող ու հարստացող մեծ ժամանակով, որն առավել պահանջկոտ էր գիտության հանդեպ: Հենց ապագա հայ գրականության հեռանկարային տեսանկյունից է հեղինակը լայն հայացքով ընդգրկում Հուրյանի պոեզիան: Հակոբյանի աշխատանքը, անշուշտ, գրված է այն ժամանակի շունչը զգալով: Նա առաջին անգամ գիտական վերլուծության է ենթարկում Թ. Հուրյանի կյանքը և ստեղծագործությունը: Հակոբյանը չի փորձում գերագնահատել բանաստեղծի դերը, հերոսական մահն անգամ չի ստիպել նրան ուրիշ հայացքով նայելու Հուրյանի թողած գրական ժառանգությանը: Համոզված եմ, որ Հակոբյանի աշխատանքը Թաթուլ Հուրյանի ստեղծագործության գիտական գնահատականն է:
Պետրոս Դեմիրճյան, բանասիրական գիտությունների թեկնածու
Թաթուլ Հուրյանը այն գրողներից է, ում կյանքն ու կերպարը ուսանելի օրինակ են սերունդների համար, ում ստեղծագործական ժառանգությունն իր մեջ պահում է անցած օրերի տաք շունչը, արդիական թրթիռը, ազգային գրականության զարգացման դժվարությունների հետքերը:
Ժաննա Հակոբյանի գիտական աշխատանքում հանգամանալից քննության են առնված բանաստեղծի գրական ճանապարհի սկիզբը, գրական որոնումների և հասունացման շրջանը, հերոսական օրերի բանաստեղծական մարմնավորումները տալու փորձերը, ապա քաղաքացիական սխրանքը և անձնական ու ստեղծագործական ճակատագրի իմաստավորումը: Հետազոտության մեջ հատկապես ընդգծված է Չարենցի ստեղծագործական ազդեցությունը Թաթուլ Հուրյանի գրական սկզբունքների ձևավորման վրա: Հակոբյանի աշխատանքի խրախուսելի գծերից մեկը գրական առնչությունների, ստեղծագործական կապերի ու ազդեցությունների բացահայտման ձգտումն է: Զանազան առիթներով նա վեր է հանում Թ. Հուրյանի տարբեր ստեղծագործությունների ունեցած զուգահեռները Գ.Մահարու մանկության երգերի, Հովհ. Թումանյանի «Անուշի» նախերգանքի, Լ. Շանթի «Հին աստվածների», Ե. Չարենցի «Մահվան տեսիլների» և այլ երկերի հետ: Գնահատել է ոչ միայն հայ հեղինակների` ՍայաթՆովայի, Չարենցի, Բակունցի, Դեմիրճյանի և ուրիշների, այլև Պուշկինի, Լերմոնտովի, Գորկու, Մայակովսկու, Եսենինի, Շևչենկոյի, Տիչինայի, վրաց գրողների դասական ժառանգության հետ Թ. Հուրյանի ստեղծագործական ներքին կապերն ու առնչակցությունները, որ նկատելի է ամբողջ շարադրանքի ընթացքում:
Հատկանշական է նաև այն, որ Հակոբյանը չի գնացել սոսկ բանաստեղծի ստեղծագործական զարգացման վերընթացը արձանագրելու հարթ ճանապարհով, այլ հնարավորին չափ տվել է Թաթուլ Հուրյանի ստեղծագործական դժվարությունների, ներքին ու արտաքին հակասությունների պատկերը:
Ժաննա Հակոբյանի «Թաթուլ Հուրյանի կյանքը և ստեղծագործությունը» խորագրով աշխատանքը ոչ միայն որոշակի ու ամբողջական պատկերացում է տալիս խորհրդահայ պոեզիայի հետաքրքիր դեմքերից մեկի կյանքի ու գործի, այլ նաև 20 30ական թվականների հայ գրականության զարգացման բնորոշ երևույթների վերաբերյալ և լիովին կարող է հիմք ծառայել հիշյալ խնդիրների հետագա ավելի խոր ու բազմակողմանի հետազոտության համար:
Գարեգին Բես, արձակագիր
Թաթուլ Հուրյանը եղել է իմ ամենամտերիմ ընկերը: Այն տարիներին մենք միասին էինք ստեղծագործում: Ու մեզանից ոչ ոք ժամանակի շունչը այնպես լիովին չէր զգում, ինչպես նա: Ոչ ոք չէր կարողանում նրա պես արտահայտել այն նորը, ինչով լեցուն էր մեր կյանքը: Իր ստեղծագործության առաջին շրջանում նա գրական մականուն էր ընտրել` Թաթուլ Զոլլո: 1927թ-ին Թաթուլը ծանոթացավ Ե. Չարենցի հետ, որը բարյացակամորեն վերաբերվեց նրա գրական փորձերին: Այն ժամանակ Չարենցն աշխատում էր «Կոմունիստ» հայերեն թերթի խմբագրությունում որպես գրականության և արվեստի բաժնի վարիչ: Եվ Չարենցի խորհրդով երիտասարդ բանաստեղծը փոխեց իր գրական մականունը` դառնալով Թաթուլ Հուրյան: 1928 թվականից նա այդ անվամբ սկսեց պարբերաբար տպագրվել «Կոմունիստ»-ի էջերում: Թաթուլ Հուրյանը տաղանդաշատ բանաստեղծ էր` սիրահարված կյանքին, նաև հրապուրիչ անձնավորություն էր: Ըստ իս` նա իր ստեղծագործությամբ պակաս կարևոր դեր չխաղաց հայ գրականության պատմության զարգացման ճանապարհին:
Ժաննա Հակոբյանը իր աշխատանքում կարողացել է բազմակողմանիորեն ուսումնասիրել և մեծ հաջողությամբ տալ Թաթուլ Հուրյանի ստեղծագործական ժառանգության օբյեկտիվ գնահատականը, հասկանալ նրան ինչպես մարդու, այնպես էլ որպես բանաստեղծի: Հակոբյանը այս գործով իր ներդրումն է կատարել հայ գրականագիտության մեջ` թարմացնելով Թաթուլ Հուրյանի հիշատակը, ավելի հասկանալի ու ավելի հասանելի դարձնելով նրան մեր ժամանակակիցներին: