Կինոռեժիսորի թողած ժառանգությունը

Կինոռեժիսորի թողած ժառանգությունը
Պետություն և գործարարություն, 5 դեկտեմբերի, 2006թ.

Մեզ երբեմն բախտ է վիճակվում մոտիկից հայտնվել այնպիսի արվեստագետների կողքին, որոնք ոչ միայն ստեղծում են բարձրարժեք ստեղծագործություններ, այլև մեզանից յուրաքանչյուրին շռայլելով բաժանում իրենց տաղանդը, գունագեղ ու հարուստ երազները, հոգու անսահման լույսն ու ջերմությունը՝ մաշկի տակ պահելով միայն վիրավորանքն ու ցավը, որոնք տանում են իրենց հետ: Նման պայծառ անհատականություն էր ճանաչված կինոռեժիսոր Դավիթ Դավթյանը, որը հիսուներեք տարեկանում վաղաժամ հեռացավ կյանքից:
Կինոյում ի սկզբանե Դավթյանի համար իսկական կնքահայր պետք է ճանաչել անվանի կինոռեժիսոր և մանկավարժ Հենրի Մալյանին, որի մոտ սովորել, իր մասնագիտական կրթությունն է ստացել: Նա բազմաշնորհ անձնավորություն էր և ուներ ռեժիսորին հատուկ հատկանիշներ՝ դերաասանական ձիրք, օպերատորի և նկարչի սուր աչք, երաժշտության խոր զգացողություն ու բարձր ճաշակ: Ողջ կյանքի ընթացքում սիրում էր անվերջ կարդալ: Փայլուն տիրապետելով հայկական, ռուսական և համաշխարհային կինոյի լավագույն ավանդույթներին՝ ուներ ինքնատիպ բացառիկ մտածելակերպ, ուրույն ոճ, մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների մեջ ներթափանցելու զարմանալի խոր, միմիայն հոգեբանին բնորոշ կարողություն: Ժամերով մեծ համբերությամբ ունկնդրել գիտեր: Գերազանց ընկեր էր, բարեկամ, որին առանց տարակուսելու մինչև վերջ վստահում էիր: Ցնցվել կարելի էր նրա ներողամտությունից ու նվիրվածությունից: Այս ամենով հանդերձ Դավիթ Դավթյանը բավականաչափ սկզբունքային էր, անզիջում, եթե խոսքը վերաբերում էր իր գաղափարներին, կինոյի մեջ իր ասելիքին, մտահղացումներին, սցենարի դրամատուրգիային:

Կարդալ...


Սիրելով կինոն, նա իր գործին լծվում էր ամբողջովին՝ այդ ընթացքում մոռանալով բոլորին, ամեն բան: Բարեկիրթ մտավորականն ուներ հայրենասերի մեծ սիրտ ու հոգի: 1975թ. ավարտելով Երևանի մանկավարժական ինստիտուտի կինոյի ու թատրոնի ռեժիսորական բաժինը՝ սկզբում աշխատել է «Հայֆիլմ», այնուհետև «Լենֆիլմ» կինոստուդիաներում՝ նկարահանելով մի շարք վավերագրական ֆիլմեր: Հենց Սանկտ-Պետերբուրգում ապրելու տարիներին էլ, ստեղծագործական գործունեությանը զուգահեռ, Դավթյան-կինոգործիչը զբաղվել է հայապահպան գործով՝ օգնելով հայ համայնքին ինչպես հայերենի ուսուցմամբ կիրակնօրյա դպրոցներ բացելու, վերակառուցելու հայ առաքելական եկեղեցին, այնպես էլ համապատասխան աջակցություն ցույց տալով երկրաշարժից ու արցախյան պատերազմի հետևանքով այնտեղ ապաստանած անօթևան մնացած բազմաթիվ հայ փախստական ընտանիքների: Բնականաբար, ազգի հայրենանվեր գործիչների մասին թեման չէր կարող չդառնալ Դավթյան-ռեժիսորի ստեղծագործության յուրօրինակ լեյտմոտիվը: Այդ մասին են վկայում «Հովսեփ Օրբելի», «Ռադիոյի երախտավորը», «Նիկոլ Աղբալյան», «Սերգեյ Փարաջանով» վավերագրական ֆիլմերը: 1988թ. երկրաշարժին նվիրված նրա «Կռունկ» փաստավավերագրական ֆիլմն արժանացավ միջազգային մրցանակի: Հետերկրաշարժյան Գյումրիի մարդկանց նվիրված նրա «Որմնանկարներ» խորագրով ֆիլմը մասնակցել է միջազգային 17 փառատոների: Միջազգային հատուկ մրցանակի է արժանացել Լեհաստանում և Գերմանիայում Դավթյանի «Բոգդան Գեմբարսկի» կինոնկարը: Վերջին ֆիլմը 2005թ. որդու հետ նկարահանած «Օհան Դուրյան» կինոնկարն էր, որը «Ես եմ» կինոփառատոնին արժանացավ Գրողների միության հատուկ մրցանակի: Դավիթ Դավթյանը տարբեր ժամանակահատվածներում հետաքրքիր հաղորդաշարերի հեղինակ էր «Հ1», «Ար», «Կենտրոն» և «Միր» հեռուստաընկերություններում: Նա Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ էր: Ողջ ստեղծագործական կյանքում Դավթյանին բախտ վիճակվեց նկարահանել ընդամենը ինը վավերագրական ֆիլմ: Ֆինանսական դժվարությունների պատճառով կիսատ մնացին բազում մտահղացումներ: Ստեղծագործական անհագ ծարավին հագուրդ տալու համար վերջին շրջանում անգամ գրում էր պատմվածքներ ու հետաքրքրիր էսսեներ: Իսկ երբ Հայաստանում նշվում էր քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, նրան իր արտաքին կերպարանքին ու ներքին դրամատիզմին համահունչ առաջարկեցին մի փոքր տեսաֆիլմում նկարահանվել Քրիստոսի դերում, ու կինոռեժիսոր Դավիթ Դավթյանը համաձայնվեց: Գուցե այդ դիպվածը նաև ճակատագրական եղավ, քանզի վերջին երկու տարվա ընթացքում լինելով անբուժելի հիվանդ՝ նա նույնպես իրականում տանջահար, հպարտ ու անբարբառ հրաժեշտ տվեց կյանքին՝ մարդկանց թողնելով իր անսահման բարությունը, սերն ու հավատը:

Ժաննա Հակոբյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

Փակել