Կնամեծար պատմավիպասանը

Կնամեծար պատմավիպասանը
Ազգ, 7 մարտի, 2002թ.

Վերջերս ՄԱԿ-ի գրասենյակի հովանավորությամբ անգլերեն տպագրվեց հայ անվանի գրող, պատմավիպասան Հայկ Խաչատրյանի «Հայոց թագուհիները» խորագրով գիրքը: Այն փաստորեն նրա «Արքայապատում» ժողովածուի տրամաբանական շարունակությունն է: Գրողի նպատակն էր ընթերցողին իրազեկել հայ ժողովրդի հարուստ ու հետաքրքրական պատմությանը, հիշել ոչ միայն մեր նշանավոր թագավորների, այլև թագուհիների սխրագործությունները: Խաչատրյանը ոչ միայն ուսումնասիրել էր հին պատմիչների երկերը, այլև տարիներ շարունակ հետազոտել Մատենադարանում եղած հազվագյուտ նյութերը: Բոլորիս հայտնի է, որ մեր պատմագիրները ոչ միայն չեն նկատել, որ բացի թագավորներից, իշխաններից, հոգևորականներից Հայաստանում կար և ժողովուրդ, նաև ժողովրդի մի երևելի տարրը՝ կինը: Եվ համառ ու տքնաջան աշխատանքի ընթացքում Խաչատրյանի համար ոգեշնչման հզոր աղբյուր հանդիսացան հայոց թագուհիներ Փառանձեմի, Աշխենի, Նվարդի կերպարները, որոնց մեջ խտացված են մայրության, սիրո ու գեղեցկության, անձնազոհության զգացումները: Քնքշանքին զուգահեռ նրանք եղել են հայրենասեր՝ երկրի օրհասական պահերին հպարտությամբ ու խիզախորեն կանգնած լինելով ամուսինների կողքին: Սակայն մեր քաջանուն պատմագիրները շատ դեպքերում թագավորների կողքին չեն հիշատակել թագուհիների անունները:

Կարդալ...


Սակավ են կամ էլ չկան տեղեկություններ նրանց կյանքի մասին: Ու չնայած ստեղծագործության համար այդպիսի անհրաժեշտ տվյալների պակասությանը, Հայկ Խաչատրյանը, այնուամենայնիվ, հայ և օտար աղբյուրների մանրազնին վերծանություն կատարելով, ինչպես և ստեղծագործական երևակայության ուժով կարողացել է պակասը լրացնել՝ հորինելով ինչպես մի շարք թագուհիների անունները, այնպես էլ հետաքրքրաշարժ միջադեպեր՝ հաջողությամբ պահպանելով պատմական գունագեղությունը:
Եվ նրա ստեղծած հայոց թագուհիների իրական և ոչ իրական կերպարների համաստեղծությունը շարունակվում է մինչև արդի ժամանակները: Սակայն մեր օրերի թագուհիները հիմնականում գիտության, արվեստի, գրականության նվիրյալներն են: Եվ եթե պատմական կերպարների կառուցման հարցում ընդգծվում է Խաչատրյան պատմաբանի ու գիտնականի խորաթափանց զգացողությունը, ապա քսանմեկերորդ դարի իրական «թագուհիների» բնորոշման հարցում ակնհայտորեն երևում է նրա սուբյեկտիվ ու կնամեծար մոտեցումը: Ունենալով գեղարվեստական արժեքները գնահատելու բարձր ճաշակ՝ այստեղ կարծես նա փոքր-ինչ նահանջում է գեղագիտական ընդունված տեսանկյունից՝ առաջին պլան մղելով ժամանկակից տղամարդու վերաբերմունքն առհասարակ դեպի կինը: Այս գիրքը լրացուցիչ դաստիարաչական դաս է՝ ուղղված հայ այրերին: Մեր ժամանակներում կինը, ըստ հեղինակի, եթե սակավ շնորհք ունի կամ նույնիսկ չունի, միևնույն է, նա «հայոց թագուհի է» իր ընտանիքում, սիրած ամուսնու, տղամարդու, զավակների համար: Հայկ Խաչատրյանը տեսնում էր, որ անգամ 21-րդ դարում հաճախ ոտնահարվում են կանանց իրավունքները: Ի՞նչ է նշանակում մեր օրերում ներքոհիշյալ հայտարարությունները. «Աշխատանքի ենք հրավիրում 18-30 տարեկան բարետես աղջիկների»: Իսկ 30-ից բարձր տարիքի կանայք պիտանի չե՞ն արդյոք հասարակության համար: «Հայոց թագուհիներն» ասես ընդվզում է նման կամայականությունների դեմ, քանզի հեղինակն իր գրքում մեծարում է կանանց անկախ տարիքից: Այս առումով Հայկ Խաչատրյանը մնայուն գործ է թողել սերունդների համար: Նա դեռ պատրաստվում էր հրատարակել մեկ ուրիշ ժողովածու «Հայ նշանավոր կանայք» խորագրով: Կարծում ենք, այն հասցրել էր ավարտին: Ընդգծենք նաև, որ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի վկայությամբ Հայկ Խաչատրյանը միայն մի անավարտ գործ է թողել՝ «Մեսրոպ Մաշտոցը»: Այնինչ մնացած գրքերն ավարտուն են: Իսկ նա իր կյանքի ընթացքում ստեղծել է 40 գիրք, որից 23-ը տպագրվել է: Նրա գրչին են պատկանում միայն 14 պատմավեպ, որոնցից են «Տիգրան Մեծը», «Արտավազդը», «Արտաշեսը», «Քերթողահայրը», «Տրդատ Մեծի խաչը», «Վաչագանը և այլն: 30 տարուց ավելին նա աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում: 1976թ.-ից մինչև իր մահը /հոկտեմբեր, 2001թ./ նա այդ խմբագրության պատասխանատու քարտուղարն էր ու հանրագիտարանի 13 հատորների հրատարակչության գործում ունեցած վաստակի համար 1988թ. արժանացել է Հայաստանի պետական մրցանակի: Մենք առանձնակի ջերմությամբ կհիշենք հայ գրականության անխոնջ ու մեծավաստակ պատմավիպասանին, որն այնպես մեծարել ու աստվածացնել գիտեր կնոջը:

Ժաննա Հակոբյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

Փակել