Մեզնից յուրաքանչյուրը կրկնակի ճակատագրի տեր է

Մեզնից յուրաքանչյուրը կրկնակի ճակատագրի տեր է
«Հայաստանի Հանրապետություն», 28 դեկտեմբերի, 2018թ.

Բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանը տպագրեց իր 26-րդ գիրքը՝ «ՀԱՅԻ ԳԵՆԸ» խորագրով: Հատկապես վերջին տարիներին ստեղծած նրա գործերը թեմատիկ առումով ու գաղափարական ատաղձով հետաքրքիր շղթայով են միմյանց հետ կապակցված: Դրանք սկսվում են Արցախի ծանր շրջանների մասին պատմական գործերից/«Ղարաբաղի ճակատագիրը», «Արյան վրեժ»…/ և ավարտվում «Հայի գենը» վեպով: Այն Թուրքիայում ապրող իսլամացած հայերի մասին է: Ի դեպ, հայերի հանդեպ թուրքերի ատելությունն ու մարդասան գործողություններն են պատկերված նաև Արցախին նվիրված նրա գործերում: Ահա ինչու «Հայի գենը» գրքում գրողը ընդգծել է Եղեռն տեսած մեր նախնիների միջոցով փոխանցված արյան, հայի գենի կարևորությունը: Պոլսաահայ հայտնի լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի օրինակով ցույց է տրված, թե ինչքան ծանր է հայ լինելը և բարձրաձայնելը Թուրքիայում: Ցավոք, առայսօր նրանց դպրոցական դասագրքերում ատելություն են սերմանում հայերի հանդեպ՝ համարելով դավաճաններ: Եվ այն թուրք մտավորականները, ովքեր բարձրաձայնում են Ցեղասպանության մասին, հայտնվում են բանտերում: Թուրքերը չեն ձերբազատվում արդեն չորս սերունդ ձգվող ժխտողական պատմության կապանքներից: Մինչդեռ ցեղասպանության մասին հուշերը, պատկերացումները սերնդեսերունդ փոխանցվելով՝ ապրում ու միշտ թարմ են մնում հայերի հիշողության մեջ:

Կարդալ...


Գրքի գլխավոր հերոսը՝ Գրիգոր Ակչամը, Հրանտ Դինքի գաղափարների կրողն է, որը կապված է երկրի առաջադիմական, առողջ ուժերի հետ: Հասուն տարիքում է նրան հայտնի դառնում ճշմարտությունն այն մասին, որ նախնիները եղել են հայեր և վերադառնում է իր ազգային ինքնությանը՝ փոխում անձնագիրը, անունը, դառնալով քրիսոտոնյա: Գեղարվեստական վարպետությամբ ու հոգեբանական խորությամբ են ներկայացված նրա մտորումները, տագնապներն ու հույզերը, մանավանդ որ նրանից երես են թեքում կինը, զավակները և ընկերների ու երկրպագուների մի մասը: Քառասուն տարեկանում նա հայտնվում է կյանքի բոլորովին այլ հարթության վրա, որը լի էր ավելի շատ հիասթափություններով, խոչընդոտներով, ինտրիգներով: Նա այլ աչքերով է նայում իր ծննդավայրի պատմական հուշարձաններին, որոնց մեծ մասը ստեղծվել է հայ հայտնի ճարտարապետների ձեռքերով, սակայն, ցավոք, զբոսաշրջիկներին հաճախ տեղեկացնում են, որ կառուցվել են իտալացիների կողմից: Բարեբախտաբար, նա ուներ հավատարիմ ընկերներ, որոնց թվում էր և ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը, որը բոլորովին վերջերս հրաժեշտ տվեց կյանքին: Նրա գաղափարակիցներից էր հայերենի ուսուցչուհի Երանուհին, որը նույնպես մտածում է, որ ծպտյալ հայերը պետք է բացահայտվեն, այլապես իրենց ինքնության համար չեն կարող պայքարել: «Հայկական մշակույթը տոգորված է ազատագրական ոգով ու գաղափարախոսոթյամբ, սակայն մահմեդականություն ընդունելով՝ հայը ոչ միայն հերքում է ազատագրական պայքարի ոգին, այլև համաձայնվում դառնալ թշնամու գաղափարախոսության կրողը»,- ասում է նա: Այնինչ գլխավոր հերոսի հակապատկերն է նրա եղբայրը, որն ազգայնամոլ է, «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ: Նա մի քանի նա անգամ մահափորձ է կատարում եղբոր դեմ՝ ի վերջո հայտնվելով ճաղերի ետևում:
Գրքում գլխավոր հերոսի շուրջն են ստեղծված հետաքրքիր պատմություններն ու դրվագները, այդ թվում Ստամբուլի պատկերը, թուրքական բարքերը, բանտերի պայմանները, երկրի տարբեր շրջաններում քրդերի դեմ տարվող ջարդերը, մահմեդականություն ընդունած հայերի ամենօրյա վախի զգացումը և այլն: Վեպում հանդես եկող կերպարներից յուրաքանչյուրն ունի իր ամբողջական նկարագիրը՝ վարքագծով, մտածելակերպով, հոգեբանական առանձնահատկություններով: Այդպիսով, ընթերցողի առջև աստիճանաբար ընդգծվում է ժամանակակից բռանապետական Թուրքիայի պատկերը: Հեղինակին հաջողվել է գեղարվեստական ինքնատիպ հնարքների ու հանգուցալուծումների օգտագործման շնորհիվ քննադատության սյունին գամել այսօրվա Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը:
Վեպում բավականին խորհրդանշական ու խորիմաստ են հնչում Ժաննա Հակոբյանի հետևյալ տողերը. «Մեզնից յուրաքանչյուրըը կրում է կրկնակի ճակատագիր: Մեկը մեր սեփական ճակատագիրն է, մյուսը՝ տոհմի ճակատագիրը: Հայ ժողովրդի դաժան ճակատագիրն է պատճառը, որ հայերի համար արյունը, գենետիկան հանդիսանում է բնական ներուժ պարունակող մեծ գործոն»:

Վարսիկ Հարությունյան, լրագրող

Փակել