«…ՆՐԱ ՄԵՋ ԱՂՄԿԵՑ ՀԱՅԻ ԳԵՆԸ»

«…ՆՐԱ ՄԵՋ ԱՂՄԿԵՑ ՀԱՅԻ ԳԵՆԸ»
«Հանուն հայրենիքի», 10 սեպտեմբերի, 2019թ.

Բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանը հասցրել է արդեն քսանյոթ գրքերի հեղինակ դառնալ, որն ինքնին խոսուն ապացույց է նրա բուռն տաղանդի: Հատկապես ստեղծագործական վերջին տասնամյակում նա բազմիցս անդրադարձել է հայ ժողորվդի պատմական անցյալին /«Ղարաբաղի ճակատագիրը», «Արյան վրեժ»/, արցախյան պատերազմներին /«Արյան հիշողություն», «Չսպիացած հոգիների ցավը», «Ապրիլյան պատերազմ»/: Այս առիթով տեղին է հիշատակել բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի խոսքերը. «Ժաննա Հակոբյանը արցախյան անկախության, Արցախի ազատագրության ամբողջ պատմության տարեգիրներից մեկն է»: Գրողն անդրադարձել է նաև Հայոց Ցեղասպանության թեմային /«Գողգոթայի երդվյալ վրիժառուն»/, ուր քննադատության իր սուրն ուղղում է այսօրվա բռնապետական Թուրքիային, Հայոց Եղեռնը ժխտելու նրա քաղաքականությանը: Իսկ բոլորովին վերջերս լույս տեսած գրողի «Հայի գենը» վեպը Եղեռն վերապրած ժառանգների մասին է: Այսինքն` Թուրքիայում ապրող թուրքական տարազի մեջ հայտնված իսլամացած հայերի մասին է, մի թեմա, որն առնչվում է 20-րդ դարասկզբին իր պատմական բնօրրանում հայ ժողովրդի դեմ իրագործված աննախադեպ ոճրագործությանը:

Կարդալ...

Այս գրքում սակայն մերկապարանոց չէ այդ առնչությունների բացահայտումը: Ժաննա Հակոբյանի գրչի ներքո զարմանալի դրամատիկ հոգեբանական անցումներով և կերպարանափոխումներով է դրսևորվում պատմության երեկվա օրն ու ներկան: Վեպի սյուժետային զարգացումը կառուցված է իրական փաստերի ու պատմական դեպքերի հիման վրա: Գլխավոր հերոսը Գրիգոր Ակչամն է, մեկն այն հայերից, ովքեր շատ ուշ տարիքում հայտնաբերում ու բացահայտում են իրենց իսկակական արմատները: Երգիչ Ակչամը բացառիկ ըմբոստ հոգու տեր արվեստագետ է: Իմանալով իր հայկական արմատների մասին, նա առանց վարանելու հրապարակավ փոխում է թուրքական Սայիդ անունը և համարձակ պայքար սկսում Թուրքիայում փոքրամասնությունների նվաստացված իրավունքները պաշտպանելու համար: Թուրք կինը` Ռահիմեն, երեխաների հետ հեռանում է տնից, եղբայրը` Քյերիմը, թշնամական դիրք է բռնում, երկու անգամ մահափորձ իրականացնելով եղբոր դեմ: Բայց դա չի վհատեցնում նրան: Ակչամը հոգեբանական ուժեղ ու մաքառող կերպար է: Նա ըմբոստանում է անգամ ծնողների դեմ, ովքեր իրենից տարիներ շարունակ թաքցրել էին հայ ինքնության վերաբերյալ իրողությունը: Այդ առիթով ջղային պոռթկումով հետևյալն է շեշտադրում. «Ես տեղյակ եմ, հայրի՞կ, որ թուրքացած հայերից շատ քչերն են կարողանում առերեսվել իրականության հետ: Հետևաբար, եթե թուրքացած հայը չի կարողանում ճակատ առ ճակատ կանգնել իր անցյալի հետ, ապա Թուրքիան ինչպե՞ս է առերեսվելու ճշմարտությանը, երբ խնդրո առարկան նրա սեփական պատմությունն է»: Սա պատմական ու քաղաքական անուրանալի ճշմարտություն է, որը հնչում է վեպի գլխավոր հերոսի շուրթերով: Այսպիսով, գրքում իշխող տրամադրությունը` հանուն հայ ինքնության պահպանման, պայքարի շարունակությունն է: Գրողը բնականոն է դարձնում այս ուղու ընտրությունը, եթե հայությունը որպես ժողովուրդ ցանկանում է չկորչել օտարազգիների հեղեղի մեջ և մնալ որպես հայ հավաքականություն: Խորհրդանշական է այն հանգամանքը, որ հայ ինքնության համար մղվող պայքարի ճակատ շարունակում է մնալ Ստամբուլը` հինավուրց Կոստանդնուպոլիսը, որը նախկին հարյուրամյակներում հայկականության ու հայեցիության խիտ շերտեր ու գույներ է ամբարել իր մեջ: Սակայն դա այն Պոլիսն է, որտեղ առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հղացվեց արևմտահայության տեղահանման և բնաջնջման հրեշավոր դավադրությունը, որտեղ 1915թ. ապրիլին ձերբակալվեցին արևմտահայ ամենից անվանի կրոնական, հոգևոր-մշակութային, գրական և հասարակական գործիչները: Եվ բյուզանդական կայսրության նախկին մայրաքաղաքը և հայկական մշակույթի երբեմնի փառահեղ կենտրոնը կարծես պատմության կողմից` ի վերուստ տրված նորովի դերակատարություն է ստանձնում: Հայ ինքնության ու հայկական ինքնագիտակցության վերարթնացման և վերականգնման էպիկենտրոնը գտնվում է Ստամբուլում, որտեղից հզոր լուսարձակի ճառագայթների պես տարածվելու է արևմտահայկական գավառներում: Այդ ամենի մասին է վկայում գրող և գրականագետ Ժաննա Հակոբյանի սույն վեպը, որում ծավալվող իրադարձությունների կենտրոնատեղին Ստամբուլն է, այն քաղաքը, որի շունչը, դեմքն ու դիմագիծը այս վեպի էջերում սքանչելի է արտահայտված:
Գրքում կենսականորեն կարևոր հարցադրումներ են հնչում, որոնցից շատերը թարմ հնչողություն ունեն: Այդպիսի էական հարցադրում է գրողի այն դիտարկումը, որ մարդու էթնիկ պատկանելությունը որոշվում է նախնիների ազգությամբ, ինչը չի պահպանվե թուրքերի մոտ: Թուրքիայում հայը լինելով ծպտյալ, ծնվելով «թուրք» կամ քուրդ և իմանալով իր արմատների մասին, սկսվում է նրա մոտ խառնաշփոթ վիճակ ու պայքար ոգու, արյան, գենետիկ ժառանգության, հիշողության և իրականության միջև, որը հաճախ ծայրահեղ դրսևորումներ է ունենում: Ժաննա Հակոբյանի խորին համոզմամբ գրում է. «Այն հայերը, ովքեր կարողանում են իրենց մեջ արթնացնել իրենցից օտարված, քնած գեները, վստահաբար անվախ են: Իսկ հայությունից հեռանալը նրանց համար նաև հայատյացություն է, որը նաև դառնում է հենց հայի ու հայության դեմ գործող զենք օտարների ձեռքին: Սայիդի մեջ աղմկեց հայի գենը»: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ հեղինակի աչքից չի վրիպել քրդական հարցը: Հակոբյանը մի շարք ողբերգական դրվագների միջոցով պատկերել է, թե ինչպես են թուրքերը դաժանաբար հաշվերհարդար տեսնում քրդերի հետ: Գրողը զուգահեռներ է անցկացրել Հայոց Ցեղասպանության և այժմ Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող գործողոությունների միջև:
Ինչպես տեսնում ենք, գիրքն աչքի է ընկնում պատմության խորունկ /չաղավաղված/ ճշմարտություններով, որոնք այնքան անհրաժեշտ են հայ և օտարզգի ընթերցողներին: Այն տարածաշրջանի ժողովուրդներին գեղարվեստական գեղեցիկ ոգով ու ինքնատիպ ոճով հրամցված հորդոր է` առերեսվել իսկական, օբյեկտիվ պատմության հետ, ոչ թե սուտ պատմությունը պարտադրել մարդկությանը:
Ժաննա Հակոբյանին հաջողվել է ստեղծել գեղարվեստական անուրանալի հատկություններով և վեհ գաղափարայնությամբ շնչող արժեքավոր մի գործ: Եվ հանուն պատմական արդարության, հանուն բարձր գրականության, անհրաժեշտ է, որ վեպն անպայման թարգմանվի նաև օտար լեզուներով` նախ և առաջ անգլերեն, թուրքերեն և քրդերեն:

Արմեն Կարապետյան
Պատմական գիտությունների թեկնածու,
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Փակել