Պարտված պատերազմի հետքերով

Պարտված պատերազմի հետքերով
«Առավոտ», 27 մարտի, 2021թ.

Ընդունված է ասել, որ պատերազմում հաղթողներ չկան, քանի որ մարդկային կորուստները նկատվում են ինչպես պարտվողների, այնպես էլ պատերազմում հաղթածների կողմից: Հետևաբար պատերազմում տարած հաղթանակն արտաքին ցուցանիշ է, և յուրաքանչյուր երկիր պարտված է, քանի որ պատերազմի ընթացքում հսկայական թվով մարդիկ են զոհվել կամ վիրավորվել: Սա մեզ թույլ է տալիս ասել, որ պատերազմում բացարձակ հաղթողներ պարզապես չկան: Այդ դեպքում ո՞ւմ էր պետք 2020թ. սեպտեմբերից 27-ից սկսած 44-օրյա այս պատերազմը, երբ Հայաստանը պարտություն է կրել հայ -ադրբեջանական պատերազմում և Արցախի տարածքների կապիտուլյացիայի համաձայնագիր ստորագրվել՝ Ադրբեջանին հանձնելով Արցախի պատմական հողերի 80 տոկոսը: Ինչ խոսք, որ ժողովուրդները պատերազմել չեն ուզում: Միմիայն իշխանության մեջ գտնվող խմբերն են որոշում այդ ժողովուրդների ճակատագրերը: Հայաստանի՝ նոր իշխանության եկած քաղաքական գործիչներն հարբած էին իշխանությունից և երկիրը տարան պատերազմի: Չէ՞ որ քսաներորդ դարը փակվել էր՝ իր հետ տանելով հայ ժողովրդի զավակների միլիոնավոր կյանքեր: Ուստի մեր սուրբ պարտականությունն էր երբեք չցնցել երկիրը պատերազմի արհավիրքներով: Եվ եղավ միանգամայն հակառակը: Պատերազմը հրահրվեց օտարների, այդ թվում մեր թշնամիների կամքով ու մեր իշխանությունների համաձայնությամբ հայ ժողովուրդը կանգնեց մեծ կորուստների առաջ: Բայց մի՞թե մենք պարտվեցինք հենց այս պատերազմում: Իհարկե՝ ոչ:

Կարդալ...

Հայ ժողովուրդը պարտվեց 2018թ. մայիսին, երբ իշխանության եկան իմքայլականները՝ հեղափոխության կեղծ լոզունգերի տակ՝ առայսօր էլ ահռելի ստերով կառավարելով մարդկանց:
Պարտվեցինք, քանի որ նրանք հասարակությունը բաժանեցին սևերի ու սպիտակների, երկրում ստեղծելով չարի, թշնամանքի, ոչ հանդուրժողականության մթնոլորտ: Նաև սուտ էին նրանց կոչերը, որ կվերացնեն կոռուպցիան, թալանը: Այո, նախկին իշխանությունները թալանել էին, կողոպտել երկիրը, սակայն այս նորերն էլ իշխանության ղեկին հայտնվելով՝ ամեն ամիս իրենք իրենց պարգևավճարներ են տալիս, բյուջեն մսխում ու դա շարունակվում էր անգամ պատերազմի դաժան օրերին: Մենք պարտվեցինք, քանի որ այս իշխանություների օրոք հազարավոր ձեռնարկություններ քանդվեցին: Քանդվեցին նաև դատարանները, որպեսզի երկրում չգործեն օրենքները: Փակվեցին ծննդատներ, մանկատներ, ծերանոցներ: Պարտվեցինք, երբ հարձակում սկսվեց մեր եկեղեցու, հավատի դեմ: Պարտվեցինք, երբ դավադրություն սկսվեց մեր ազգային արժեքների դեմ, երբ մեր երկրում ՀՀ կրթության նախարարի հրահանգով հակահայկական ծրագիր շրջանառության մեջ դրվեց հանրակրթության առարկայական չափորոշիչների մասին: Պարտվեցինք, երբ սկսեցին նսեմացնել, փոշիացնել հերոսի կերպարը: Չէ՞ որ արցախյան պատերազմների ժամանակ մենք իրականում հարյուրավոր հերոսներ ենք ունեցել և միշտ բարձրաձայնում էինք այդ մասին: Պարտվեցինք, երբ փակվեցին կրթության ազգային ինստիտոտը, <Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն> հիմնադրամը, դպրոցներում կրճատվեցին ռազմագիտության դասերը: Այսինքն՝ Թուրքիային և Ադրբեջանին ծառայելու սերո՞ւնդ պիտի դաստիարակենք: 1915 թվականը, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը, արցախյան առաջին պատերազմը, ապրիլյան քառօրյան մեզ համար դասե՞ր չեղան: Այնինչ մինչ այսօր էլ Ադրբեջանում և Թուրքիայում հայատյացության ծրագրեր են իրականացնում: Ուրեմն՝ պարտվեցինք, որովհետև իմքայլականները դահիճների հետ հաշտության ծրագրեր էին մշակում: Փաստորեն օտարների ձեռքով նպատակ ունեին քանդել մեր երկիրը, պետականությունը: Եվ մեծ ողբերգություն է նաև այն փաստը, որ անգամ պատերազմի պարտությունից հետո, երբ հազարավոր զոհեր, վիրավորներ, հաշմանդամներ, անհետ կորած զինվորներ, հարյուրավոր գերիներ ունեցանք, երբ հիմա էլ թշնամին հողին է հավասարեցնում կամ պղծում մեր եկեղեցիներն ու խաչքարերը, կեղծում մեր մշակույթն ու պամությունը, միևնույն է, դարձյալ իշխանությունները շարունակում են թուրքերի հետ բարեկամության քարոզներ անել: Նույնիսկ համաձայնվել են թշնամուն միջանցք տալ Հայաստանի տարածքով, որպեսզի իրականացվի պանթյուրքիստական ծրագիրը: Չէ՞ որ թուրքերի վերջնական նպատակը հայերի բնաջնջումն է իր հայրենիքի պատմական տարածքներից, հայի գենի իսպառ ոչնչացումը: Տեղին է հիշատակել այս առումով Գարեգին Նժդեհի խոսքերն այն մասին, որ հայերի մեղքերն ավելի են նպաստել Հայաստանի կործանմանը, քան ժամանակ առ ժամանակ երկիր ներխուժած թշնամիները:
Եվ երբ ես երկու տարի առաջ տպագրեցի <Հայի գենը> խորագրով վեպս Թուրքիայում ապրող իսլամացած հայերի մասին, որոնց նախնիները վերապրել են Եղեռնի ողջ սարսափները, մտքովս չէր կարող անցնել, որ հայի գենի պահպանության խնդիրը ոչ միայն կվտանգվի նաև Հայաստանում, այլև հայոց պետականության պահպանումը կդառնա առանցքային խնդիր: Ուստի թրքահպատակ այս իշխանության օրոք հայերի ճակատագիրը մեկն է՝ զենքը ձեռքին սերնդե-սերունդ պայքարել, պաշտպանել հայրենի եզերքները: Ինչքան էլ քաղաքակիրթ դառնա թուրքը, նա իր արյունարբու էությունը չի փոխի, քանի որ ցեղասպան գեն է ժառանգություն ստացել: Հետևաբար յուրաքանչյուր հայ զինվորի սրբազան պարտքն է սիրել հայրենիքը, անձնվիրաբար ծառայել նրան, ժամանակին հակահարված տալ դարավոր թշնամուն՝ մշտապես բարձր պահելով հիշատակը Արցախյան հազարավոր հերոսների, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար, որն իրավունք չունենք երբեք կորցնելու:

Ժաննա Հակոբյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

Փակել