…Քննադատի կոչումը Ճշմարտության նվիրվածությունն է

…Քննադատի կոչումը Ճշմարտության նվիրվածությունն է
«Պետություն և գործարարություն», ապրիլ, 2006թ.

Լրացավ անվանի գրականագետ-գրաքննադատ Վազգեն Մնացականյանի ծննդյան 80-ամյակը: Նա գրական-հասարակական կյանքի ակտիվ մտավորականներից էր: Ծնվել է Գետաշենում: Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո հայոց լեզու և գրականություն է դասավանդել հայրենի գյուղում: Բարձրագույն կրթություն ստացել է Լենինգրադի օտար լեզուների ինստիտուտում և 1939թ. ընդունվել տեղի ասպիրանտուրան: Սակայն երկու տարվ ասպիրանտ էր, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը և նա մեկնեց ռազմաճակատ: Մասնակցել է Լենինգրադի հերոսական պաշտպանությանը, պարգևատրվել մի շարք շքանշաններով ու մեդալներով: Տարիներ անց նա գեղարվեստական գործեր գրեց այդ ողբերգական ու հերոսական օրերի մասին: 1975թ. Երևանի Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվեց նրա «Նյուրնբերգյան վերջաբան» դրաման /ռեժ.Հր.Ղափլանյան/: Մեծ հաղթանակի 40-ամյակին առթիվ Կամոյի Լ.Քալանթարի անվան պետական թատրոնում ներկայացվեց նրա «Անմահության բարձունք» պիեսը: Իսկ հետո հրապարակի վրա երևաց «Խոստովանանք կամ հարյուր նամակ Ստելլային» հուշագրական երկը, որը պատերազմի թեմայով գրված լավագույն գրքերից է: Այս բոլոր գործերն էլ նվիրված են Լենինգրադի պաշտպանության լուսաբանմանը:

Կարդալ...

Պատերազմից հետո Վ.Մնացականյանը եռանդով մասնակցեց հանրապետության գրական-հասարակական կյանքին, հրատարակեց մի շարք արժեքավոր գրականագիտական-քննադատական աշխատանքներ: Նա պատասխանատու պաշտոններ է վարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում և արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում: 1948-1953թթ. եղել է «Գրական թերթի», 1958-1961-ին՝ «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրը, 1962-ին «Գեղամ Սարյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1961-1985թթ. ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում նա աշխատել է նախ՝ որպես ավագ գիտաշխատող, ապա տնօրենի տեղակալ՝ գիտական գծով:
Վ.Մնացականյանը կարող էր լինել գրող, բայց նա նախընտրեց քննադատությունը: Սակայն հայտնի է, որ յուրաքանչյուր գրող և քննադատ ունի իր նախընտրած ժանրը: Լինելով հայ պոեզիայի փայլուն գիտակ, բնականաբար, նրա նախընտրած ժանրը պոեզիան էր: Վ.Մնացականյանն էլ իր ժամանակին բանաստեղծությւոններ էր գրում: Մեր բանաստեղծական հսկաներից նա անդրադարձել է Ե.Չարենցին, Հովհ.Շիրազին, Հ.Սահյանին, Պ.Սևակին, Ս.Կապուտիկյանին: Արձակի ժանրից նրա ուշադրությունից դուրս չեն մնացել Հ.Մաթևոսյանը, Ս.Խանզադյանը, Զ.Խալափյանը, Հ.Խաչատրյանը: Մի առիթով հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է. «Քննադատի կոչումն այն է, որ ճշմարտությունը նախասիրությամբ չորոնի, այլ նվիրվածությամբ, որին արժանի է գրականությունը»: Եվ դժվար է անցյալ դարի վերջին տասնամյակների հայ քննադատությունը պատկերացնել առանց Վ.Մնացականյանի հոդվածների, զեկուցումների և ելույթների: Գրականության պատմության և տեսության հիանալի իմացությունը, գեղագիտական նուրբ զգացողությունը, մտքի սթափությունն ու հրապարակախոսական կրքոտ պաթոսը նրա քննադատական լավագույն գործերի բնորոշ հատկանիշներից էին: Համոզված ենք, որ նրա թողած մոտ մեկ տասնյակ գրական-քննադատական ժողովածուները ոչ միայն ուսումնասիրության առատ նյութ կծառայեն ապագա գրականագետների համար, այլև ուղեցույց կհանդիսանան բոլոր նրանց համար, ովքեր այս հազարամյակում բարեխղճորեն ուզում են իրենց մասնակցությունն ունենալ արդի գրականության լուսաբանմանը:

Ժաննա Հակոբյան

Բանաստեղծ, արձակագիր

Փակել