Վասն քառօրյա հերոսապատման

Վասն քառօրյա հերոսապատման
19 մայիսի, 2017թ. «Գրական թերթ»

Բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանն իր գրական ուղերթը սկսել է բանաստեղծություններով: Քնարադրամատիկ շնչի բանաստեղծուհուն սեփական գույների, իր խառնվածքին և հոգուն հարազատ կետերի որոնման ճանապարհին հենարան եղան իր ճակատագից, կյանքից ստացած փորձը, ամբարված գիտելիքները, ներաշխարհից եկող էներգետիկ լիցքերը, աշխարհի հետ անկեղծ զրուցելու անկասելի մղումը: Հիշենք «Սիրո աղոթքներ», «Վիրավոր անուրջներ», «Ինձ մի որոնեք», «Մի չափեք ճնշումս» և այլ ժողովածուներ, որոնք քնարական հերոսի տրամադրությունների, խոհերի ու ապրումների, հուսալքության ու հուսավառության արտահայտություններ են: Բայց ինչպես հաճախ է պատահում գրողներից ոմանք չափածոյից անցնում են արձակի: Ընդ որում դա ինքնանպատակ քայլ չէ, այլ ներքին պահանջ, քանզի տարիների ընթացքում կուտակված փաստերն ու իրողությունները գեղարվեստական գեղրավեստական մարմնավորման մի այլ «ձևաչափ», հունավորում են պարադրում, իսկ դրա հնարավորությունը տալիս է արձակը:

Կարդալ...


Ժաննա Հակոբյանի գրիչն այս տեսակում էլ բեղուն եղավ: Նա ընթերցողի դատին հանձնեց տարաբնույթ թեմաներով վեպեր ու վիպակներ: Դրանց շարքում, անշուշտ, առանձնանում է «Ղարաբաղի ճակատագիրը» ստվարածավալ պատմավեպը, որը նվիրված է Արցախի 18-րդ դարի մելիքական շրջանի պատմության դրվագներին ու պատմական դեմքերին: Գրողն անցյալում կատարված գործողություններին, դրոշմված փաստերին գեղարվեստական արտացոլանք է տալիս պատմության փորձի ու հիշողության դաս-բանաձևի լույսի ներքո: Պատմական ատաղձի վրա են ստեղծված նաև նրա «Արյան վրեժ», «Գողգոթայի երդվյալ վրիժառուն», «Չսպիացող հոգիների ցավը» վեպերը: Եվ ստեղծագործական այս վաստակի, գրական վարպետության հերթական ապացույցն է «Ապրիլյան հերոսամարտ»/ՎՄՎ-Պրինտ, 2017թ./ գիրքը, որը նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյակին: Վիպակի խորագիրն իսկ արդեն հուշում է ընթերցողին, որ խոսքը վերաբերում է մեկ տարվա հեռավորություն ունեցող թուրք-ազերիների կողմից ուխտազանց հարձակման ապրիլյան քառօրյա պատերազմին` հավակնելով բռնազավթել հայկական տարածքները: Այսօրինակ բռնազավթումների համար է հավանաբար Դոստոևսկին գրել. «Եվ մենք կոչվում ենք ազգ, կոչվում ենք մարդ: Այդ դեպքում ո°րն է գազանը»: Իրական դեպքերի, հերոսների, գրական կերպարների հենքի վրա է հյուսելով հերոսապատումի դրվագները, Հակոբյան-արձակագիրը գեղարվեստական ու հրապարակախոսական պաթոսի շաղախով ներկայացնում, մենաբանում է պարտադրված պատերազմի ողջ սարսափները, զինվորների ինքնակազմակերպման, տագնապների, երազանքների, գիտակցված պայքարի ու հավատի, բազմակնճիռ իրավիճակների հոգեբանական և կենսաբանական ապրումները ու զգոնության, ճիշտ կողմնորոշվելու, թշնամուն դիպուկ հարված հասցնելու անկոտրոմ կամքը, որոնք էական հատկանիշներ են կազմում վիպակի պոետիկայում: Ակնհայտ է, որ վիպակի բովանդակությունն ընկալվում է հիմնականում Մատաղիսի, Թալիշի /Մարտակերտի շրջան/ ուղղություններով թշնամու հանկարծահաս հարձակումների դրվագներով: Բայց սյուժեի առանցքում պատերազմական գործողություններից զատ առկա են երիտասարդ հայ զինվորների ցուցաբերած սխրանքները, նրանց տագնապներն ու կամքը, երազանքներն ու ու կարոտը, հայրենազգացության ոգեղեն ուժը, թիկունքի աջակցությունը, դպրոցականների գրած սրտառուչ, գոտեպնդող նամակները: Սրանք, ըստ էության, առանձին-առանձին դիտարկելիս, բացահայտում են մարդու` հայի տեսակի հոգու և գոյի ներանձնական արժեքները, որոնք խորիմաստ դրսևորումներ են ստանում գնդապետ Տիգրան Աբրահամյանի հայրական հոգատարության, հորդոր-հրամանների, կարճատև զրույցների ժամանակ, Արսենի, Վարդանի, Սամվելի, Թաթուլի, Դավթի, Գոռի, Գևորգի, Արամի և մյուսների մարտական գործողություններում, կարճատև և թշնամու հրետակոծությունից ընդհատվող զրույց-երազանքներում, կարոտներում… Բոլոր դեպքերում հայ դիրքապահներից յուրաքանչյուրը մի հերոս է, գրական կերպար` իր նախատիպով, հաղթանակի նկատմամբ իր համոզմունքներով ու հավատով: Եվ առնաձնացնել որևէ մեկին, կարծում ենք արդարացի չէր լինի, քանի որ նանց բոլորին համախմբել, ինքնաճանաչման և անձնուրացության է մղել հայրենիքի, հարազատ հողի և օջախների զգացողությունը ժառանգաբար փոխանցված հիշողությունը: Այդ պատճառով էլ քառօրյա պատերազմում թշնամին արդեն որերորդ անգամ խայտառակ պարտություն կրեց: Ժաննա Հակոբյանի անձնական և գրական կյանքի իմաստը կարծես Արցախ- Ղարաբաղի ճակատագիրն է, որովհետև թե° նախորդ գործերում և թե° «Ապրիլյան հերոսամարտ» վիպակում այնքան դիպուկ են պատկերված իրադարձությունները, պատերազմական իրավիճակում զգացնել տվող թերացումները, որ թվում է` գրողը ողջ պատերազմի ընթացքում եղել է մարտնչող, արժանապատվության բարձր զգացում ունեցող քաջարի և անվախ դիրքապահների, հրամանատարների մոտ: Տեղին է մեջբերել հեղինակի խոսքերը հայրենի երկրի մասին.«Հայրենիքն այն եզակի վայրն է, որի անվտանգության համար պատասխանատու ենք բոլորս, քանի որ ամեն մեկիս կյանքը և ճակատագիրը կախված է հայրենիքի ճակատագրից»: Պատահական չէ, որ արձակագիր- Հակոբյանը հայրենանպաստ գործունեության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Օհանյան» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալներով:

Հենրի Առուշանյան

Փակել