Արձագանքներ պոեզիայի մասին

Արձագանքներ պոեզիայի մասին


Համո Սահյան, բանաստեղծ
Սիրելի Ժաննա, կուզենայի, որ կյանքում զբաղվեիք նաև բանաստեղծությամբ, իսկ գիտությունը հետո… Դուք բնատուր շնորհք ունեք…
Դավիթ Դավթյան, կինոռեժիսոր
Ժաննա Հակոբյանը մեր ժամանակների այն քնքուշ, հուզառատ ու խորիմաստ բանաստեղծուհիներից է, որն իր երգերի միջոցով կարողանում է խոսել հազարավոր հայ կանանց փոխարեն: «Սիրո աղոթքներ», «Վիրավոր անուրջներ», «Ինձ մի՞ որոնեք», «Գիսաստղ», «Նոր դարի մերկ ոգին»… Սրանք պատահական վերնագրեր չեն: «Սիրո աղոթքներ»-ով մեզանում մուտք գործեց նրբաճաշակ ու սիրատենչ մի բանաստեղծուհի, որն իր երգերով մեզ մասնակից դարձրեց հայրենի բնության, մայրության և սիրո բանաստեղծական ներդաշնակությանը: Եվ այնքան հովվերգություն կա այս ամենի մեջ, որ նշմարվող ցավն անգամ դեռ չի սողոսկում մաշկիդ տակ, բայց փշաքաղվելու աստիճան հուզում է քեզ: Ու սպասում ես… «Վիրավոր անուրջներ»-ում անսպասելի վրա հասած ցավն արդեն քո մեջ է և ապրում ու մեռնում ես ասես ցավի հետ: «Ինձ մի՞ որոնեք»-ում բանաստեղծուհին սակայն չկոտրելով սիրո ծարավը, բազմալար տառապանքի բեռով որոշում է հեռանալ` չհանդուրժելով մարդկային արատներն ու կամայականությունները: Նա դիմում է փախուստի` ավելի մոտ կանգնելով ճշմարտությանը: Եվ քանզի Ժաննայի համար «գլխապտույտի դեմ տառապանքի ուրիշ դեղ չկա սիրելուց բացի», արդեն հաջորդ գրքում` «Գիսաստղ»-ում, թեկուզև ավելի խոհական է, այնուհանդերձ, սիրո ու կարոտի բռնկումերի մեջ չափազանց հախուռն է: Միայն այդպես է հաղթում ցավին, մենությանը, ինքն իրեն` իր կորստի մեջ երբեք քեզ չպարտադրելով մեղքի զգացողություն, թեկուզ դու լինես պատճառն այդ ցավի… Ու երբ բացում ես երգերի վերջին գիրքը` «Նոր դարի մերկ ոգին», նրա հույզերն ու պատկերավոր ինքնատիպ մտածողությունն ասես մղում են քեզ դեպի տիեզերական սրահ, ուր կա ոչ միայն արեգակի ու աստղերի փայլը, այլ նաև Տիրոջ իրական կնիքը: Հավատացած եմ, որ գեղարվեստական բարձր արվեստով գրված Ժաննայի երգերն անպայման կունենան իր ունկնդիրները և կարձագանքվեն աշխարհի հայաշատ անկյուններում:
Վազգեն Մնացականյան, գրականագետ
Ժաննա Հակոբյանը ընթերցողին ներկայանում է իր պոեզիայով, որն ամբողջովին երազանքի, կարոտի ու հավատի, պայծառ սպասումների տառապանք է, մի տառապանք, որից սերը ելնում է ավելի մաքուր` նոր երջանիկ ծնունդ ունենալու: Ժաննային ես նախ ճանաչել եմ որպես գրականագետի: Թաթուլ Հուրյանի պոեզիային նվիրված նրա թեկնածուական դիսերտացիայում արդեն նկատելի էր այն բանաստեղծուհին, որին հիմա ճանաչում ենք: Նա ինքնատիպ բանաստեղծուհի է: Նրա քնարական հերոսը «նոր բնակիչ է»այս աշխարհում` իր «թափառական ըմբոստ ոգով», «խավարը ճեղքող ցասումով», «կարմրածուփ խինդով», «տարօրինակ ու անհասկանալի» իր երջանկությամբ: Նա գիտե նաև, թե ինչու է փլվում տանիքը, ինչու դեռ չկա այն գալիքը, որին սպասում է: Եվ չնայած այս ամենին` նրա քնարական հերոսը օտար պատի դեմ ընդվզող է, նաև այն մարդկանց դեմ, որ նույնպես կյանքի հանդեպ ծառացած պատ են: Բանաստեղծուհու դաժան, ինչ-որ տեղ լուսավոր խոստովանություններից գալիս ենք այն եզրակացության, որ նա հաստատ գնում է բանաստեղծական այն ճանապարհով, ուր նրան կարոտով սպասում են:
Էդիկ Մկրտչյան, լեզվաբան
Ժաննա Հակոբյանի բանաստեղծություններն իսկապես քսանմեկերորդ դարի մարդու համար պատվաբեր պոեզիա է: Նա իր ինքնատիպությամբ, ոճով, հզոր մտածելակերպով ու խորին զգացմունքայնությամբ առանձնանում է իր սերնդակիցներից: Իսկ իր ճակատագրով նա մարդկային ցավի բանաստեղծուհի է, որը մեզ է մատուցում իր մերկ ու ազատատենչ ոգին:
Արշալույս Ղազինյան, գրականագետ
Ժաննա Հակոբյանը ժամանակակից մտածողության և աշխարհընկալման բանաստեղծուհի է: Նա խոհական, զգացական երգչուհի է. այստեղից էլ` իմաստասիրական այն երակը, որ հատուկ է նրա ձիրքին: Հակոբյանի երգերը կնոջ ըմբոստության ու հպարտության դասական օրինակ են: Բանաստեղծուհու կոնֆլիկտը չարի դեմ մղած պայքարում անվերջ է, անհաշտելի: Ուժեղ, կենսախինդ ու ոգեշունչ են նրա երգերը: Ես չեմ կարող ուրախությամբ չնշել, թե վարպետության ինչ աստիճանից ինչ աստիճան է հասել Հակոբյանն իր բանաստեղծական արվեստի հղկմամբ, իր անհատական ձայնի հստակմամբ:
Լևոն Բլբուլյան, բանաստեղծ, լրագրող
Ժաննա Հակոբյանը հաճելիորեն զարմացնում է բոլորիս իր բեղուն գրչով եւ բազմաժանրությամբ: Բայց ես տարիներ ի վեր նրա պոեզիայի կողմնակիցն եմ: Նրա պոեզիան բավականին նուրբ ու շատ քնարական է, ուր զգացմունքներն ու հույզը հրա-շալիորեն ներդաշնակված են մտքի հետ: Ժաննայի առավելությունն ամենից առավել տեսնում եմ սիրո, քնարական քնքուշ բանաստեղծությունների մեջ: Նրա վեպերում էլ զգացվում է կին-հեղինակը, որտեղ բացահայտվում են կնոջ հոգեբանության անտեսանելի նրբին ծալքերը: Անկեղծ ասած, Ժաննայի ստեղծագործությունների օգնությամբ ավելի խորապես եմ սկսել ճանաչել կնոջ բարդ էությունը:
Արտաշես Արամ (Ղազարյան), բանաստեղծ
Վերջին տարիներին առհասարակ արվեստի, մասնավորապես պոեզիայի տիրույթները նեղացան: Սակայն կան անհատներ, որոնք մշտապես իրենց պոեզիայի, իրենց Աստծո հետ են: Նրանք չեն հոգնում, չեն ձանձրանում, չեն մտածում, որ կարելի է դեն նետել այդ խաչը: Եվ կյանքի մութն ինչքան թանձրանում է, բանաստեղծի այդ տեսակը փորձում է իր լապտերը վեր պարզել, ասել, որ լույսը առջեւում է: Եվ Ժաննա Հակոբյանի գոյությունն իսկ` որպես բանաստեղծուհու, արցախուհու, հայուհու, մարդու, այդ կանթեղը վեր պահելու խնդրով է իր ողջ կյանքն անցկացնելու հաստատապես: Նրա երգերը, որ ունեն այժմեականություն, զարմանալի ու հազվագյուտ ճառագումների արդյունք են: Միայն մեծ հավատի, սիրո ու ցավի շնորհիվ կարելի է գրել նման բանաստեղծություններ: Նա աշխարհ է եկել շատ բան ասելու, քանի որ ունի հոգու մեծ գեղեցկություն, մեծ ձգտումներ, մեծ սեր: Ժաննայի երգերը հասցեատերեր ունեն այսօր և կունենան վաղը:
Լևոն Լաճիկյան, արվեստաբան, լրագրող
Ժաննա Հակոբյան բանաստեղծուհուն հաջողվել է ընթերցողին կաշառել իր հորդացող զգացմունքների ազնվությամբ և անմիջականությամբ: Ինչի նայում է բանաստեղծուհին, տեսնում ու գնահատում է սիրահարի սրտով և աչքերով: Սիրո զգացմունքը նրա երգերում ստացել է նոր գույն ու երանգ, հանդես եկել պատկերային նոր հանդերձավորմամբ: Ահա թե ինչու Ժաննա Հակոբյանի պոեզիան սիրո հիշատակարան է, որ կարող է յուրատեսակ «աղոթագիրք» դառնալ շատ սիրահարների համար:
Արմեն Կարապետյան, պատմաբան
Ժաննայի բանաստեղծական աշխարհը և՛ խոհական-փիլիսոփայական է, և՛ բռնկումային, անկեղծ: Ապրելու, արարելու ջիղն առավել զորեղ է սիրո տառապանքի ու կարոտի` սիրտ ու նյարդեր քրքրող ջղաձգումներից: Ահա այն խորհուրդը, որն անպայման պիտի որոնել բանաստեղծուհու` ինքն իր դեմ ապստամբած հոգու խորունկ ծալքերում: Սրանով է նրա պոեզիան հաղթող և ուժեղ, ապրող եւ ապրեցնող:
Սիրվարդ Մարգարյան, լրագրող, բանաստեղծուհի
Ժաննա Հակոբյանը գիտե իր խոսքի գինն ու արժեքը: Մեր աչքի առաջ տարիների հետ հասունացավ ու զուլալվեց բանաստեղծուհու խոսքը, դարձավ կուռ ու ամբողջական: Նա կարողանում է իր ձեռքը դնել կյանքի զարկերակին ճիշտ պահ ու ժամանակին, իր սեփական կենսափիլիսոփայությամբ ստեղծել, արարել իր բառը, իր ապրումը, խոհը, որ իրենն է և ոչ ոքի հետ չես շփոթի: Բարության, խղճի, ազնվության ու մեծ սիրո համար մատաղվելու պատրաստ` նա մարդկանց է պարզում իր նռնենու նման փթթած սիրտը և որպես հավատամք` մեզ կտակում իր «Իմ արվեստը սիրելն է միայն» անկեղծ խոսքերը, որով մեզ վարակում է ոչ միայն ապրելու տենչով, այլև ապրեցնելու կրքով, այսինքն` ոչ միայն հուզվել, այլև հուզել, ոչ միայն սիրել, այլև սիրվել:
Հենրի Առուշանյան, լրագրող
Բանաստեղծությունը սկսվում է ինքնասուզումներից, հոգու և մտքի մերկադող շիկացումներից, սևեռուն ռիթմերից: Ներաշխարհային այդ հողմապտույտում մտքի ու ապրումի հոսքը վարարում, մերթ՝ բարակում, փոթորկվում, մերթ էլ՝ նահանջում է, և երկունքի ցավերում կոչվածը կամ ընտրյալը որոնում ու գտնում է իր ժամանակի ոգին: Այսպես են ծնվել Ժաննա Հակոբյանի երգերը: Սիմֆոնիկ հնչողություն ունեցող իր երգերում Ժաննա Հակոբյանը ներսուզվում է մեր ապրած ժամանակի ու օրերի մարդու ներաշխարհի մեջ և ձևաբովանդակային ներդաշնակությամբ, ասելիքին հարիր բառապատկերներով, նրբահյուս անցումներով ներկայացնում է մարդուն ամբողջությամբ: Նրա յուրաքանչյուր բանաստեղծություն ավարտուն միավոր է՝ կենսական ու գեղարվեստական իր տարածքով, ոճապատկերային իր ինքնատիպությամբ և գեղագիտական իր սկզբունքներով: «Ո՞ւր ես, կառապան», «Իմ խաչի ուժը», «Հետևեք բարության ջահին», «Ազատատենչ եմ», «Իմն է մեղքը», «Սեր և սատանա», «Բարության քարոզչի ճակատագիրը», «Բողոքի տեղ չկա» և նման քերթվածներում Ժաննա Հակոբյանը հանդես է գալիս որպես դատավոր, պատգամախոսբանաստեղծուհի: Իսկ առավելապես սիրո թեմաներով գրված նրա երգերում արտահայտում են հերոսուհու հոգու շերտերից ծնված ապրումների հոսքապատկերը՝ ըմբոստությունը, «հոգու գինարբուքը», կարոտն ու թախիծը, մերժումն ու խռովքը, երբեմն էլ ներողամիտ սերը՝ ընդգծված դրամատիկ բոցկլտումներով: Հակոբյանի երգերում անձնականն ու անանձնականը ագուցված անկեղծությամբ, բաց հոգու և խոսքպատկերի նրբին ելևէջներով՝ հավատ, արև և լույս են ընծայում ընթերցողին: Նրա գրքերը գեղագիտական սթափ վերլուծություն են պարտադրում և ազդակ են դառնում տեսագիտական, գործնական ընդհանրացումների:
Հայկ Խաչատրյան, գրող, պատմավիպասան
Ժաննա Հակոբյանի գրքերն ինձ զարմացրին բանաստեղծական պատկերների ինքնատիպությամբ, գրողական ասելիքի թարմությամբ: Քանքարաշատ, ազնվաբարո խառնվածքի տեր այս հայուհին ձևավորված բանաստեղծուհի է, մեր առջև է գրողական աստվածային շնորհներով օժտված մի կին, որի գրքերն ՙիրենց գլուխը բարձր պահած՚ կարող են մտնել բոլոր մեծ ընթերցասրահները:
Ժիրայր Ավետիսյան, բանաստեղծ, արձակագիր
Ինձ համար Ժաննա Հակոբյանի բանաստեղծությունը նշանակում է թռիչք` մի գրքից մինչև մյուսը: Կարդացել եմ նրա բոլոր գրքերը: Որպես բանաստեղծուհի նա ոչ միայն աչքի է ընկնում իր ոճի ու ասելիքի ինքնատիպությամբ, այլ նաև ունի գրականագիտական խոր ու հետաքրքիր վերլուծական մտածողություն: Պոեզիայում նրա բերած նորությունները բխում են մեր մշակույթի արմատներից և ձուլվում են հայ բանաստեղծության ներկա ժամանակի ընթացքին:
Վլադիմիր Դարբինյան, փիլիսոփա, գրող
Ժաննա Հակոբյան բանաստեղծուհին աներկյուղ քայլում է իր սիրո աստղային արահետներով, մարդկային եղծելիության ճանապարհին ուղեկից ունենալով կանացի իր աստվածային զգացումները: Ես չեմ ճանաչում մի այլ բանաստեղծուհու, որն այնպես համակողմանի բացի սիրո խոհերի խորանները, այնքան գունաերանգներով վրձնի սիրո լուսապատկերը, որքան Ժաննա Հակոբյանը: Օգտվելով իր սեռին հատուկ զգացմունքայնությունից` նա հասնում է մարդկային հոգեվիճակների դրսևորման դեռևս չպեղված, միայն կանանց բնորոշ հարուստ երակներին: Նրա կարոտականչ սիրերգերը, լուսահույզ ապրումները հաճախ ակունքվում են ոչ այնքան անպատասխան սիրո մորմոքներից, որքան ապոլոնյան քնարը հնչեցնող հոգու մրրկածուփ հողմերից: Յուրաքանչյուր երգում, ասես հայելու մեջ, արտացոլվում է Հակոբյանի հոգին: Նա երևում է իր խոհերով ու զգացումներով, իր դանթեական ցասումով և տերյանական տխուր անուրջներով: Ժաննայի բանաստեղծություններն աչքի են ընկնում իմաստուն պարզությամբ, զգացմունքների և խոհերի դինամիկ շարժումով: Հակոբյանն ինքնատիպ ստեղծագործող է, հետք ու հետագիծ թողնող: Նրա բանաստեղծություններն ամբողջությամբ վերցրած` սկսվում և ավարտվում եմ սիրերգությամբ: Հատկանշական է նաև, որ բանաստեղծուհու երգերում վաղորդյան ցողով է շաղախված մարդասիրությունը: Նահապետական թովիչ խնկարկում կա այդ ամենի մեջ: Կաղոթեմ Աստծուն գալիքում տեսնել նրա ներկապնակի նորանոր գույների գամման, գեղարվեստական խոսքի նոր վրձնահարվածները:
Դայանա Տեր-Հովհաննեսյան, անգլիագիր բանաստեղծուհի, թարգմանչուհի
Հայ բանաստեղծուհիների ստեղծագործությունների անթոլոգիան կազմելիս, որն ընդգրկելու էր ամենավաղ ժամանակներից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը, ես թաքուն մի հույս էի փայփայում, որ անպայման կգտնվի մի հայ բանաստեղծուհի` արմատներով Ղարաբաղից: Եվ ինձ մեծագույն հրճվանք և ուրախություն պատճառեց ծանոթությունը բանաստեղծուհի Ժաննա Հակոբյանի հետ: Իհարկե, արցախցի բանաստեղծուհիներից ես գիտեի և ուրիշներին, սակայն նախընտրում եմ Ժաննա Հակոբյանի պոեզիան:
Բոգդան Ջանյան, բանաստեղծ
Արցախցի է բանաստեղծուհի Ժաննա Հակոբյանը, բայց նրա գրական ծնունդը տեղի ունեցավ Երևանում, բանաստեղծներով հարուստ գրական միջավայրում: Հակոբյանը շատ է տարբերվում իր այսօրվա կին գրչակիցներից: Նրանցից ոմանք ընդօրինակելով ուրիշներին` սեփական ձայն չունեն: Այնինչ Հակոբյանն ինքնատիպ ոճով ու մտածողությամբ բանաստեղծուհի է, որն աչք ու ականջ չի փակում մեր օրերում կատարվող չարությունների, խեղումների, դաժանությունների դեմ: Այդ ամենը նրա հոգում ծնում են ընդվզումներ, որոնք դուրս են ժայթքում երգերի տեսքով` իրենց մեջ ներառելով սրտի ջերմություն ու մտքի թռիչք: Նա իր երգերում Արցախի անունը գրեթե չի տալիս, հայտարարություններ չի անում, բայց նրա գրածների ոգուց, արտահայտած զգացմունքներից, յուրահատուկ արցախյան ըմբոստ մտածողությունից հասկանում ենք, թե որտեղից են սկիզբ առնում բանաստեղծուհու արմատները: Նրա երգերն ինձ համար մացառուտների մեջ ծաղկած մանուշակների մի հոտավետ փունջ են: Ես հպարտ եմ, որ կարդացել եմ Ժաննա Հակոբյանի բոլոր գրքերը, նաև` ուրախ, որ նա մի ժողովածուից մյուսը տարածություններ է անցել, այսինքն` իր գրական ճանապարհին անընդհատ աճ ու վերելք է ունեցել:
Լիպարիտ Սարգսյան, բանաստեղծ, արձակագիր
Մոտ տասնհինգ տարի է ճանաչում եմ Ժաննա Հակոբյանին, Հայաստանի և Արցախի մամուլի էջերում կարդում նրա բանաստեղծությունները: Ժաննայի ստեղծագործությունները պարզ են իրենց խորության մեջ և խորն են իրենց պարզության մեջ, նուրբ ու զգացմունքային: Նրա երգերն ունեն պատկերային գեղեցիկ ու հետաքրքիր հյուսվածք: Արցախի բախտի ու ճակատագրի ցավը կա Ժաննայի բանաստեղծական տողերում, ընդվզումն ու բողոքը անարդար աշխարհի դեմ: Բանաստեղծուհին սիրով է հյուսում իր երգերը, հավատալով, որ դրանք կօգնեն, որ մարդկանց հոգիներում «տարօրինականձայն կհալչի չարը»: Այն, թե ինչքանով է շնորհալի բանաստեղծուհին ամբողջովին նվիրված գրականությանը, վկայում է նաև նրա բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունենալը:
Վարդան Վանատուր, բանաստեղծ
Ժաննա Հակոբյանն անուրանալի տաղանդի բանաստեղծ է: Պիտի ասեմ, որ նրա երգերի մեջ կա խոհ, զգացմունքների հեղեղ, այն ամենն, ինչ հատուկ է բանաստեղծին: Ժաննան ճարտարապետական նուրբ զգացողությամբ է ստեղծում իր տողերը: Ես հազվագյուտ եմ հավանում կինբանաստեղծներին: Հայ բանաստեղծուհիներից կառանձնացնեի Ժաննա Հակոբյանին, որի պոեզիան անչափ հոգեհարազատ է ինձ: Նա արդի պոեզիայի հրաշալի դեմքերից մեկն է: Հատկապես խռովքի պահին պիտի կարդաս նրա երգը: Հակոբյանի բանաստեղծական տողերի տակ կան երգ, երաժշտություն, պատկերների խոր ու փիլիսոփայական ընդգրկումներ: Ակնհայտ է, որ ամեն բանաստեղծ չէ, որ այդ ընդգրկումներին հասու է:
Մի շարք բանաստեղծություններ իրավամբ ընդունելի են հայ դասական գրականության մեջ իրենց բացառիկ իմաստով, զգացմունքային շերտերով, հրաշալի կառուցվածքով: Ժաննա Հակոբյանն այսօրվա պոեզիայի ամենաընտրագույն բանաստեղծներից է, և նրա պոեզիան արժանի է բարձր գնահատանքի:
Վահան Թամարյան, արձակագիր
Ժաննա Հակոբյանը ժամանակակից պոեզիայի ուշագրավ ներկայացուցիչներից է: Նրա բանաստեղծական մտածողությանը բնորոշ են անմիջականությունը, զգացմունքայնությունն ու վարակիչ ուժը: Տարիներ ի վեր ճանաչելով նրան, համոզվել եմ, որ Ժաննան ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է գրականությանը: Ուրեմն` նրան պետք է զգուշությամբ մոտենանք, հասկանանք ու սիրենք:
Հրանտ Գյուլասարյան, բանաստեղծ
Ինձ համար յուրօրինակ է Ժաննա Հակոբյանի պոեզիան: Նրա մոտ սերն ալեծուփ սրտի է նման, խռովահույզ ծովի, կրակի, որ կայրի, եթե նետվես նրա մեջ: Ու չնետվել չես կարող: Ժաննան սեր է ամբողջովին, ներծծված` ներսից ու դրսից: Ուղեղդ հանգստանում է, ջղերդ թուլանում են, երբ կարդում ես նրա պոեզիան:
Շավիղ Գրիգորյան, արձակագիր, գրականագետ
Գրող, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանը ժամանակակից հայազգի կին բանաստեղծների շարքում ամենաականավորներից է ոչ միայն շուրջ երկու տասնյակի հասնող չափածո և արձակ գրքերով, այլև տպագիր բազմաթիվ գիտական ու հրապարակախոսական հոդվածներով: Սակայն նա ինձ համար նախևառաջ հրաշալի բանաստեղծուհի է, որն իր երգերում գեղարվեստական մեծ վարպետությամբ անդրադարձել է մեր կյանքում տեղ գտած տարաբնույթ խնդիրներին ու թեմաներին: Այդ շարքում առանցքային տեղ են գրավում սիրային երգերը: Եվ եթե դրանք նուրբ ու պայծառ թախիծով են շաղախված, բայց բանաստեղծուհու զգացմունքի ուժը մերթընդմերթ այնպես է դուրս գալիս իր ափերից, որ ընթերցողին էլ ասես բաժին է հասնում նրա սիրուց ու տառապանքից, կարոտից ու ապրված երջանիկ ակնթարթներից:
Հավատացած եմ, որ գեղեցիկ անհագ ծարավով տոգորված նրա գողտրիկ բանաստեղծություններն իրենց համեստ տեղը կունենան մեր պոեզիայում:
Միքայել Ուստիյան, լրագրող
Ժաննա Հակոբյանն անչափ հարազատ է ինձ որպես բանաստեղծուհի: Թեև հայտնի է, որ նա գրող լինելուց բացի, նաև գրականագետ է, ունի բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Սակայն ի վերուստ գրականագիտությունը չէր այն անդաստանը, ուր պետք է լիովին ծավալվեր նրա աստվածաշնորհ տաղանդը, այլ անծիր, նոր բացահայտումների այն գաղտնարան օվկիանոսը, որտեղից նա պետք է դուրս հաներ մարգարիտների իր բաժին շարանը: Նրա երգերում իրենց սքանչելի տեղն են գրավում բնության, հայրենի եզերքների, մարդկային ազնիվ ու արդար հոգու հետ առնչվող հոգեզմայլ պատկերներ, ուր ընդգծված են կարոտի ու սիրո բազմերանգ ելէջները: Սիրելով ապրելու բանաստեղծուհու ցանկությունը հարատև է և անկասելի: Համատարած ու համապարփակ նրա սերը տարածվում է ամենքի և ամեն ինչ վրա: Եվ երջանիկ է նա, ով հայտնվում է բանաստեղծուհու սիրո ոլորտում: Ժաննա Հակոբյանն իր ինքնատիպ բանաստեղծական մտածողությամբ նոր երանգ ավելացրեց մեր բազմադարյան քնարերգությանը: Դրա խոսուն ապացույցներն են նրա հրատարակած երգերի ժողովածուները:
Հովհաննես Մելքոնյան, արձակագիր
Ժաննա Հակոբյանը Հայաստանի Գրողների միության անդամ է, բանասիրական գիտությունների թեկնածու: Նա շնորհաշատ բանաստեղծուհի է և արձակագիր: Բանաստեղծուհու երգերը բարձր են գնահատվել ընթերցողների և քննադատության կողմից: Ժամանակն է հասկանալու, թե ով է կանգնած մեր շարքերում:
Գուրգեն Գաբրելյան, բանաստեղծ, մանկագիր
Ժաննա Հակոբյանն իմ խելոք ու շնորհալի սանուհին է, որն ի սկզբանե շատ էր սիրում գրականությունը: Նա ջերմ ու զգացմունքային բանաստեղծուհի է, որն իրավունք չունի երբեք կորչելու… Որպես ուսուցիչ հավատում եմ իմ հետնորդին:
Միքայել Հարությունյան, բանաստեղծ
Ժաննա Հակոբյանի պոեզիան գրավում է ինձ ամենից առաջ իր անկեղծությամբ ու ջերմությամբ: Հավատում ես բանաստեղծուհու սիրո տագնապներին: Եթե նա դուրս է գալիս ափերից, ապա միայն ներքին խռովքն է քանդում` ավելի համասփյուռ գրկելու, գուրգուրելու համար մարդկանց ու հայրենի եզերքները:
Հրաչյա Բեգլարյան, բանաստեղծ
Մի զարմանալի անկեղծություն է անցնում բանաստեղծուհի Ժաննա Հակոբյանի պոեզիայի միջով, որն իր հետ բերում է գարնանային հովի տաք ու անուշ բույրը: Նա իր սերնդի բոլոր գրչակիցներից տարբերվում է ամենից առաջ բանաստեղծական խոսքի յուրահատուկ զգացողությամբ, որը բխում է նրա էությունից: Նրա երգերում ընդգծված փիլիսոփայական խորությունն ու պատկերավորությունը հաստատում են, որ պոեզիայի դաշտ է եկել մի բանաստեղծուհի, որի բնատուր տաղանդի մեջ խառն է Աստծո մատը: Ժաննայի քնարական հերոսը հենց ինքն է, դրա համար ընթերցողը զգում է նրա տրոփող սրտի զարկերակը: Հենց դա էլ ժամանակի շունչն է, ժամանակի ոգին:
Սոկրատ Խանյան, բանաստեղծ, գրականագետ
Բանաստեղծ ծնվում են, գիտնական` դառնում: Ժաննա Հակոբյանն ի ծնե բանաստեղծ է, դարձավ նաև գրականագետ: Սակայն արյան կանչով և ներքին այրումով նա մնաց որպես աստվածանվեր բանաստեղծ: Ժաննայի պոեզիայում արհեստական ելևէջներ չկան: Հայրենիքի մասին է խոսում` նրա անձնուրաց դուստրն է, կյանքի մասին է խոսում` արցախակոփ փիլիսոփա է, սիրո մասին է խոսում` տառապած սիրո վկայությունն է: Այսօր մեր դեմ հառնել է Ժաննա Հակոբյանը և որպես բանաստեղծ, և որպես արձակագիր: Արձակի մեջ էլ նա բանաստեղծ է, անմիջական, առինքնող, ապրեցնող:
Ժաննա Բեգլարյան, բանաստեղծուհի
Ժաննա Հակոբյանը բազմաշնորհ անհատականություն է: Նա հրաշալի բանաստեղծուհի է, արձակագիր, որը ոչ միայն անմնացորդ նվիրված է գրականությանը, այլև անդավաճան է ընկերության, սիրո մեջ: Համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ կգտնվեն մարդիկ, ովքեր լրջորեն կզբաղվեն նրա պոեզիայի ուսումնասիրությամբ:
Ռոբերտ Եսայան, բանաստեղծ
Բանաստեղծուհի Ժաննա Հակոբյանի երգերն աչքի են ընկնում իրենց թարմությամբ և անմիջականությամբ: Նրա թեմատիկան իրական կյանքն է, որից ալիքվում են ներշնչումների ճառագայթները և առնչվում վերերկրային զգացողությունների ելևէջներին: Անտարբերության հյուլեն, որ իշխում է կյանքի ազդակների վրա, բանաստեղծուհու երակներում վերածվում է ցավի և պոռթկումի` որպես բանաստեղծություն: Նա պատկերավոր մտածողություն ունի, կենարար խոսք, որ ապրեցնում է: Սիրերգակ Ժաննա Հակոբյանը նուրբ ներաշխարհներ է բացում կարոտների լուռ հարթության վրա ու բորբոքում հույսի կրակը: Թեև ինքն իրեն համարում է «նավակ առանց թիակի», բայց հոգու նրբաթելերով առնչվում է միշտ տենչի սյուներին, ուր կայծկլտում է հավերժական սիրո հեքիաթը: Սերն այն առանցքն է, որից դուրս Ժ.Հակոբյանի կյանքը անբովանդակ մի կարուսել է: Անդեմ ու աներա՜զ: Բանաստեղծուհին թրծում է բառերը սիրո ոգու մեջ ու մատուցում ժամանակի հաղորդակցության սուրբ զոհասեղանին… Եվ տառապանքի լաբիրինթոսը հաղթահարելու համար նա աղոթքի լույս է փնտրում, լույս, որ ընթերցողի հոգեաշխարհում պեղում ու բացահայտում է գոյատևման աստղեր…
Կյանքը կլանում է հեղինակի ստեղծած բառակապակ ցությունները, որոնցից մեկը` «բարության ջահը», առավել շուտ է ուզում ներխուժել կյանքի երակը…
Ժաննա Հակոբյանի երգերը մեր պոեզիայի ձեռքբերումներից են, հոգևոր մի ավազան, ուր սրբագործվում է ժամանակի շնչառությունը: